Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է. Օկամպո

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից հայերին ուղղված նամակը: Արտակ Բեգլարյանը գրել է. «Ես աջակցում եմ այս արշավին և հորդորում եմ բոլորիդ Ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործում»:

Լուիս Մորենո Օկամպոյի նամակի մեջ մասնավորապես ասված է.

«Հայեր, առաջնորդե՛ք աշխարհը դեպի իրապես խաղաղ COP 29-ը

Դուք՝ 1915 թվականի ցեղասպանության մոխիրներից վերածնվածներդ, մարդկային աննահանջ և համառ ոգու վկայությունն եք: Այսօր դուք ունեք եզակի զորություն պաշտպանելու արդարությունն ու ճշմարտությունը համաշխարհային հարթակներում: Դուք կարող եք ի ցույց դնել նախագահ Իլհամ Ալիևի հանցանքները, ով շարունակում է թիրախավորել իր քաղաքացիներին Ադրբեջանում և իրագործել է վայրագություններ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ՝ միաժամանակ կեղծավոր կերպով իր երկիրը կլիմայի խնդիրների համաշխարհային քննարկմանը դիրքավորելով որպես առաջնորդ երկիր:

Կողմերի՝ Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (ԿՀ 29 / COP 29), որը նախատեսվում է Ադրբեջանում այս տարվա նոյեմբերին, աննախադեպ հնարավորություն է լույս սփռելու այս հրեշավոր անիրավության վրա: Ու չնայած Ադրբեջանը բրենդավորում է այս միջոցառումը որպես «Կողմերի խաղաղության համաժողով», ձեզ վրա է դրված Ալիևի ռեժիմի և նրա գործունեության մասին ճշմարտությունը բացահայտելու ծանրությունը:

Դուք, ցրված լինելով աշխարհով մեկ, բացառիկ դեր ունեք պաշտպանելու ոչ միայն ձեր ժողովրդին ու ձեր երկիրը, այլև արդարությանն ու շրջակա միջավայրի ամբողջականությանն առնչվող ավելի լայն շահեր: «Մենք կպարտվենք այն օրը, երբ դադարենք պայքարել» ասել են ձեր նախնիները՝ պատգամելով ձեզ տոկունություն: Դուք կարող եք առաջնորդել համաշխարհային շարժում, մասնակից դարձնելով այլ շահագրգիռ համայնքների, և լուծելու երկու օրհասական խնդիր՝ կլիմայի փոփոխության և ցեղասպանության խնդիրները:

Ինձ համար ցեղասպանության և կլիմայի փոփոխության կապն ակնհայտ է և անհերքելի: Թե՛ մեկը, թե՛ մյուսը կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, որոնք, դժբախտաբար, չեն պահպանվում պատճաշ կերպով: 1992 թվականի Կլիմայի փոփոխությունների մասին ՄԱԿ-ի շրջանակային և 1948 թվականին Ցեղասպանության մասին կոնվենցիաների ընդունումից ի վեր աշխարհն ականատես է լինում ջերմաստիճանի համատարած բարձարցմանը և ցեղասպանության մշտական սպառնալիքներին: Միայն 2023 թվականին, Ցեղասպանության կանխարգելման գծով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը ի հայտ է բերել շարունակական վտանգ վեց դեպքերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում:

ՄԱԿ-ի կլիմայի մասին կոնվենցիան նպատակ ունի կրճատելու ջերմոցային գազերի արտանետումները՝ առաջնահերթորեն նրանք, որոնք առաջանում են հանածո վառելիքից: Այս արտանետումների 75%-ը կապված է հանածո վառելիքի հետ, իսկ արդյունաբերության ազդեցությունը կլիմայի կառավարման քաղաքականության վրա խորապես մտահոգիչ է: COP 29-ի անցկացմանը նախապատրաստվող Ադրբեջանը, որտեղ հանածո վառելիքը կազմում է արտահանումից ստացվող իր եկամուտների 90%-ը, այս շահերի բախման հրաշալի օրինակ է, որն առավել ընդգծում է ձեր առաքելության արդիականությունը:

2023 թվականին Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը շարունակական վտանգի օրինակ է հանդիսանում: Սովահարության մատնելու, ռմբակոծության և վախ ներշնչելու միջոցով Ադրբեջանը հետամուտ եղավ ցեղասպան քաղաքականությանը: Նախագահ Ալիևի ցնցող հայտարարությունը, թե. «Եթե էթնիկ հայերը չլքեն մեր հողերն իրենց կամքով, մենք կվռնդենք նրանց շների պես և հիմա մենք դա ենք անում», արտացոլում է այս դաժան իրականությունը: Բաքվի բանտերում Լեռնային Ղարաբաղի 23 հայերի տևական ազատազրկումը խիստ նախազգուշացում է նրանց, ովքեր կփորձեն վերադառնալ:

COP 29 համաժողովի ժամանակ Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման առաջարկը դատարկ է ու անիմաստ, եթե հայ պատանդներն ու մյուս քաղբանտարկյալներն անվերապահորեն ազատ չարձակվեն։ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ 2023 թվականի զեկույցում ասվում է, որ այնտեղ տեղի են ունենում «կամայական ձերբակալություններ և դատական իշխանության անկախության հետ լուրջ խնդիրներ կան», և, հետևաբար, արդարությանը հասնելու միակ կենսունակ միջոցը դառնում է հայ գերիների անվերապահ վերադարձը և քաղբանտարկյալների ազատումը:

Միջազգային իրավունքի սկզբունքների քննարկումը միայն բավարար չէ: Դրանք պետք է ակտիվորեն պահպանվեն: Հայ ժողովրդի ղեկավարներն ու քաղաքացիական ակտիվիստները պետք է համախմբեն աշխարհի մարդկանց՝ լրագրողներից մինչև կլիմայի համար պայքարող ակտիվիստների՝ այդ սկզբունքներն իրականացնելու համար:

Հենվելով ժամանակակից տեխնոլոգիաների վրա՝ դուք կարող եք բազմապատկել ձեր ձայները՝ ապահովելով Կլիմայի փոփոխության մասին և Ցեղասպանության մասին կոնվենցիաների գործուն կիրառումը:

Ես սատարում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը մերժում է երեսպաշտությունը և պահանջում է իրապես խաղաղ COP 29-ը: Մեր առաջին քայլը միասնական հայկական համայնքի ստեղծումն է և #COP29 #StopGreenwashGenocide նշապիտակներով (հեշթեգ) մեդիա արշավի մեկնարկը, որոնց կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners: Սոցիալական մեդիայում այս հեշթեգերով ամենօրյա գրառումները կշրջանառվեն՝ ներգրավելով այլ համայնքներ և գրավելով հիմնական լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը կստիպեն լրագրողներին, պատվիրակներին և COP 29-ին մասնակցող հասարակական կազմակերպություններին պատասխան պահանջել Ադրբեջանից հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ:

Նպատակը պարզ է. Կողմերի 29-րդ համաժողովը, որն իսկապես խաղաղության կողմնակից է, պետք է նշանավորվի Բաքվից հայ պատանդների և քաղբանտարկյալների ազատմամբ:

Պատրաստվե՛ք, հայկական համայնքներ, իրապես խաղաղ COP 29-ին, որը մեկնարկել է հուլիսի 23-ին:

Դուք ունեք հանձնառություն, հասանելիություն և հաստատակամություն առաջնորդելու այս փոխակերպող շարժումը:

Միջազգային հանրության ջանքերը միավորելով ՝ դուք կարող եք հասնել նրան, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը:

Հայեր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ արեք, մեկնաբանեք և բարձրացրեք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես:

Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ»:

Տեսանյութեր

Լրահոս