Դանիան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ
Դանիան դադարեցրել է Վրաստանի հետ 4-ամյա ռազմական համագործակցությունը, որի բյուջեն կազմել է մոտավորապես 71,5 մլն դանիական կրոն (ավելի քան 28 մլն լարի)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս տեղեկությունը հայտնի է դարձել Դանիայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարության նամակի միջոցով, որը հասցեագրվել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Աքուբարդիային՝ ի պատասխան նրա հարցի։
Աքուբարդիային ուղարկված նամակում նշված է, որ 2024 թվականի հունիսին Եվրամիության խորհրդի որոշման համաձայն, ինչպես նաև ԵՄ Խաղաղության հիմնադրամի կողմից Վրաստանին տրամադրվող օգնության դադարեցումից հետո Դանիան որոշել է քննարկել Վրաստանի կառավարությանը երկկողմ օգնության ամբողջական վերանայումը։
Նշված է նաև, որ վերանայումը քանի դեռ շարունակվում է, Դանիան դադարեցնում է պայմանավորվածությունները և նոր ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը։
«Դանիան կոչ է անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ եվրատլանտյան ուղի և հետևել ԵՄ բարեփոխումների օրակարգին, որը Դանիայի և Վրաստանի միջև ամուր երկկողմ կապերի հիմքն է»,- ասված է Դանիայի ԱԳՆ-ի նամակում։
Վրաստանի կառավարությունից և պաշտպանության նախարարությունից հարցի առնչությամբ դիրքորոշում չեն արտահայտել:
Նշենք. Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է՝ «գործակալների օրենքի» ընդունման պատճառով Եվրամիությունը սառեցրել է Վրաստանի համար նախատեսված 30 միլիոն եվրոյի օգնությունը, որը պետք է փոխանցեր Խաղաղության եվրոպական հիմնադրամը (EPF):
Ուշագրավ է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները անորոշ ժամանակով հետաձգել է Վրաստանի հետ նախատեսված «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժությունները։ Ըստ Վաշինգտոնի` պատճառը Վրաստանի հետ հարաբերությունների քաղաքականության վերանայումն է։
Ի դեպ, Թբիլիսիի հետ հարաբերությունների վերանայման մասին է խոսել նաև Բեռլինը: