
Ադրբեջանը ԵԽԽՎ-ին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր չի ուղարկել․ԱԳՆ

Ադրբեջանական կողմը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) հրավեր չի ուղարկել սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նշված չէ այն միջազգային կազմակերպությունների ցանկում, որոնց հրավեր է ուղարկվել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար: Մենք հրավիրել ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին, ԱՊՀ-ին, ԻՀԿ-ին, ՎՈւԱՄ-ին, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ԹՊԿ-ին (Թյուրքական պետությունների կազմակերպություն,- խմբ.)»,-ասված է տեղական ԱԳՆ-ի պատասխանում։
Հունիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն էր ստորագրել վեցերորդ գումարման Միլի մեջլիսը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակելու մասին: