ԼՂ-ի հայերն օժտված են իրենց հայրենիք վերադառնալու իրավունքով. Օլիվիե Դըկոտինյին հակադարձել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, անդրադառնալով Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի գրառմանը, վերջինիս հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների՝ այդ թվում իրենց հայրենիք վերառանալու իրավունքի կրողներ են, իսկ Դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նման հայտարարություն է արել X-ի իր միկրոբլոգում կատարված գրառումներում։ «Պարոն դեսպան, իրավաբանորեն «լավ տղաներ» չկան, ինչպես Դուք եք ասում։ Լեռնային Ղարաբաղի հայերն Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված իրավունքների կրողներ են՝ սկսած վերադարձի իրավունքից։ Իսկ Դատարանի որոշումները պարտադիր են», – նշել է Ֆրանսիայի դեսպանն՝ ի պատասխան ադրբեջանցի դեսպանի այն գրառման, որտեղ նա նշել էր, թե Լեռնային Ղարաբաղը ոչ թե անկում է ապրել, այլ ներկայում ապրում է «վերածննդի» ժամանակաշրջան՝ ստանալով զարգացման հեռանկարներ, և եթե հայերը «լավ տղաներ» լինեն, ապա կկարողանան օգտվել այդ հեռանկարներից»։

Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը նման գրառում էր կատարել՝ մեկնաբանելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարած մեկ այլ գրառում, որում տեղադրված տեսանյութում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, ներկայացնելով Խաղերին մասնակցող Հայաստանի թիմին, ֆրանսիացի լրագրող Լորան Դելաուսը France 2 հեռուստաալիքի եթերում ասել էր․

«Հայաստան, մեր հայ բարեկամներն են, ֆրանսիացիների սրտերին պատմականորեն մոտ երկիր։ Մի տարի, որը հայ ժողովրդի համար նշանավորվեց Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական բանակի ձեռքերում հայտնվելով», – ասել էր Դելաուսը։

Տեսանյութեր

Լրահոս