«Երբ մարդն առավոտյան արթնանում և սկսում է մտածել՝ որտեղից փող ճարի, որ խաղադրույք կատարի, նշանակում է, որ խնդիրը սկսված է». Հոգեբանը` խաղամոլության և դրա դեմ պայքարի միջոցների մասին

Խաղամոլությունը տարածված է ամբողջ աշխարհում, այն չի հարցնում ոչ սեռ, ոչ տարիք, ոչ էլ սոցիալական խումբ։ Ովքե՞ր են դառնում խաղամոլ, ինչպե՞ս կարելի է բուժել այն։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ։

Մի ժամանակ ասում էին, որ խաղամոլներ ավելի շատ կան այն երկրներում, որոնք նոր են զարգանում կամ վատ զարգացած են։ Բայց կարծես այդպես չէխաղում են բոլոր երկրներում։ Ովքե՞ր են դառնում խաղամոլ։

– Խաղամոլությունը հոգեկան հիվանդությունների դասակարգման մեջ դիտվում է՝ որպես անձի հիվանդագին հակումների և սովորության խանգարումների մեկ տարատեսակ։ Այն հիվանդություն է այնպես, ինչպես սիրտ-անոթային, տեսողական հիվանդությունը, բայց մեզ թվում է՝ դա մի սովորություն է, որից հեշտությամբ կարելի է հրաժարվել։ Այդպես չէ։

– Սովորաբար ասում են, որ անիքնավստահ, ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ են դառնում խաղամոլ։ Այդպե՞ս է։

Կարդացեք նաև

Բազմաթիվ պատճառներ կան, և չենք կարող մատնանշել, որ եթե այսպես է, ուրեմն խաղամոլ պետք է դառնա, որովհետև հոգեկանը բարդ և յուրահատուկ կառուցվածք ունի։ Երբեմն ասում են, որ մի մարդու հոգեկանն ավելի առեղծվածային և բարդ է, քան ամբողջ Տիեզերքը։ Բայց կարող ենք ասել այն գործոնները, որոնք կարող են նպաստել, որ մարդը պատանեկան կամ մեծ տարիքում խաղամոլ դառնա։ Առաջինն ընտանեկան կոնֆլիկտային հարաբերություններն են, երբ ծնողների մեջ եղել է կոնֆլիկտ, երկրորդը՝ ժամանակից շուտ ծնողներից մեկից զրկվելն է, իսկ երրորդ գործոնն այն է, որ ընտանիքում փողը դիտվում է որպես ֆետիշ՝ գերագնահատվում է։ Կան այնպիսի ընտանիքներ, որտեղ ընտանեկան կարևոր արժեքը ոչ թե հարաբերություններն են, հոգևոր բնույթի դրսևորումները, այլ նյութականը։ Լինում է, որ ծնողները երեխային մոտիվացնելու, դպրոցում լավ սովորելու կամ որևէ արարք կատարելու համար ամեն անգամ նրան գումար են խոստանում, և ստացվում է, որ կապ է ստեղծվում երեխայի գումար վաստակելու և այս կամ այն արարքը կատարելու միջև։ Ամեն դեպքում, սրանք միանշանակ գործողություններ չեն։ Գործոնները, որոնք մարդուն դարձնում են խաղամոլ՝ շատ անհատական են։ Պետք է նկատի ունենանք, որ խաղամոլությունը վարքի, սովորության և հակումների խանգարում է։ Դրա դրսևորման դեպքում մարդն ունենում է կախյալության խանգարում, ինչը նշանակում է, որ կամքը չի աշխատում այնպես, ինչպես ցանկալի կլիներ։ Եվ մի կարևոր հանգամանք էլ կա․ խաղամոլն իր գիտակցության մեջ գիտի, որ խաղամոլությունը վնասակար է։

– Նրանք, ովքեր խաղում են, ասում են՝ գնացի, պարտվեցի, դուրս եկա։ Այսինքն՝ իրենք գիտեն, որ պարտվելու են, հոգեբանորեն տրամադրված են։

– Բայց կա մի թաքուն, առեղծվածային զգացում, որ իրեն հաղթանակ է սպասվում։ Որպես կանոն՝ ապարատային և առցանց խաղերի ժամանակ նոր գրանցված, սկսնակ մարդկանց համար մեծ շահում է ծրագրավորված, ինչն էլ դրական ամրապնդում է առաջացնում և ամեն անգամ, երբ նոր խաղադրույք պետք է կատարեն, նրանց մոտ կա թաքուն համոզմունք, որ այս անգամ իրենց բախտը կբերի։ Կան մարդիկ, ովքեր 1-2 անգամ մեծ գումար են վաստակում, բայց տարիների ընթացքում հարյուրավոր անգամներ կորցնում են, սակայն իրենց մեջ միշտ ամրապնդված է այն զգացումը, թե առաջին կամ երրորդ անգամ ինչքան մեծ գումար է շահել։ Շատ հետաքրքիր է արտահայտվել մեր հայրենակից Քըրք Քրքորյանը՝ ասելով․ «Խաղի մեջ կարող ես հաղթել մեկ դեպքում, երբ խաղատունը քեզ է պատկանում»։ Այսինքն, չեն կարող ծրագրերն այնպիսին լինել, որ որևէ մարդ հաղթի։

Խաղատներում չկա ժամացույց, պատուհաններ։ Այսինքն, դա այն հոգեբանական գործոնների՞ց է, որ ազդում է մարդու վրա, և նա կորցնում է ժամանակի զգացողությունը։

– Ավելին, եթե ԱՄՆ-ում գնաս Ատլանտիկ Սիթի կամ Լաս Վեգաս, հյուրասիրում են տարբեր՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ։ Յուրահատուկ մթնոլորտ է մտածված՝ մարդուն այնտեղ երկար պահելու համար։

Մարդը, ով սկսում է խաղալ՝ վարքի ինչպիսի՞ դրսևորում է ունենում։ Ինչպե՞ս կարող են հարազատները հասկանալ։

Որպես կանոն՝ խաղամոլները դառնում են ինքնամփոփ, բացի խաղալը՝ ոչ մի բանից հաճույք չեն ստանում։ Այն պահին, երբ խաղադրույք պետք է կատարեն՝ տագնապ, իսկ սպասման ընթացքում մեծ ոգևորություն է առաջանում։ Պարտվելուց հետո հնարավոր է՝ առաջանա հուսահատվածություն, և կախված նրանից՝ ընտանիքը, շրջապատն ինչպե՞ս է վերաբերվում նրա խաղամոլության փաստին, դա կարող է ավելի ամրապնդվել։ Ընտանիքը կոպտում է, վիրավորում, նսեմացնում անձը, բայց ուզում եմ ասել, որ խաղամոլությունը ոչ թե գիտակցության մեջ է, այլ անգիտակցական, ենթագիտակցական ցանկություն է։ Ծխախոտից, ալկոհոլից կախված մարդը, օրինակ, չի ուզում, որ իր մտերիմներն այդպիսին լինեն, քանի որ գիտի՝ վնասակար է։ Բայց ցանկությունն այնքան մեծ է, որ շարունակում է առաջնորդվել չգիտակցված մղումներով։ Նույնը տեղի է ունենում խաղամոլության ժամանակ։

Կարևորն այն է, որ խաղամոլն անձամբ ցանկանա դիմել մասնագետի, որովհետև 70 տոկոս դեպքերում գալիս են, որովհետև ընտանիքն է ուզում։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչի՞ է հանգեցնում խաղամոլությունը, ապա աստիճանաբար խաբելով, ընտանիքի ունեցվածքը, արժեքավոր իրերը գողանալով՝ դրամի են վերածում, և թյուրիմացաբար կարծում են, որ խաղալով կարող են խաղային ապարատին կամ առցանց ծրագրին պատժել, որ հետ ստանան այն, ինչ կորցրել են։ Դա երբեք հնարավոր չէ։ Չեն կարող ծրագրերն այնպես գրված լինել, որ որևէ խաղացող հաղթի, ուստի խաղացողն աստիճանաբար կորցնում է իր սոցիալական դիրքը, շրջապատում նրան սկսում են չվստահել։ Դեպք գիտեմ, որ խաղամոլը հեռախոսի համարները փոխում էր, որովհետև անընդհատ զանգում էին հարազատները, ընկերները՝ ճշտելու, թե ե՞րբ պետք է վերադարձնի պարտքը։ Նա այնպիսի պատճառաբանություններ է բերում… օրինակ, երեխան հիվանդանոցում է, պետք է 400․000 դրամ, եթե տաս՝ 3-4 օրվա մեջ կվերադարձնեմ՝ փող ունեմ ստանալու, և մարդիկ հավատում են։ Ասեմ, որ նրանք մեծ հմտություն ունեն՝ մտնել դերի մեջ, համոզել։ Վերապրման դերասաններ են՝ բեմին զգում են այն, ինչ կզգար հերոսը։ Հատկանշական է, որ ամեն անգամ շրջապատ են փոխում, որովհետև հին շրջապատում բոլորն արդեն բացահայտել են իրենց։ Ցավոք, խաղամոլության արդյունքում մեծ է սուիցիդի ռիսկը։ Պարտվածության զգացումը շատ դեպքերում հանգեցնում է ծանր դեպրեսիայի, ու մարդն ունենում է ինքնասպանության մասին մտքեր կամ փորձ։

Եթե մարդը մեկ անգամ սխալվել՝ խաղացել է, ինքնուրույն կարո՞ղ է հետ կանգնել, թե՞ պետք է մասնագետի դիմի։

– Այո։ Շատերը կան, որ մի քանի անգամից հետո ուշքի են գալիս։ Երբ ԱՄՆ-ում էի ապրում, եղել է, որ խաղատուն եմ գնացել, բայց իմ տակտիկան հետևյալն է եղել․ առանձնացնել գումար, որ հետաքրքրության համար փորձեմ՝ տեսնեմ՝ դա ի՞նչ է։ Երբ նախատեսված գումարն ավարտվել է՝ ես չեմ շարունակել։ Մեջը կա գայթակղություն, քանի որ տեսնում ես՝ կողքի ապարատը շատ փող է տալիս, ու մտածում ես՝ ինձ էլ կարող է բախտը ժպտա։ Ու այդպես սկսում են պարտք վերցնել, տունը, մեքենան գրավ դնել ու հասնել ինքնակործան վիճակների։

– Ինքնուրույն չկարողանալով հաղթահարել խնդիրը՝ դիմում են հոգեբանի, հոգեբույժի։ Ասում են՝ բուժման արդյունավետ մեթոդը հիպնոսն է։ Այդպե՞ս է։

– Կան ապացուցողական հոգեբանության վրա հիմնված ձևեր, որոնց ժամանակ մարդկանց լրիվ չես անջատում իրականությունից։ Մարդը տրանսի մեջ չէ, գիտի, որ այդ մեթոդները կատարելու ես, բայց մեջը կան հիպնոտիկ էլեմենտներ։ Բուժման շրջադարձային կետը սկսվում է այն պահին, երբ խաղամոլը համոզվում է, որ այսպես պետք չէ շարունակել, ի վիճակի չէ կառավարել իր կյանքը, քանի որ խաղն է կառավարում։ Այդ դեպքում կարող է հոգեբանն ու երբեմն հոգեբույժը համատեղ կարողանան օգնել։ Բայց, ինչպես ալկոհոլիզմի, թմրամոլության պարագայում, այստեղ էլ, ցավոք, բուժումը կեսից ավելիի դեպքում անարդյունավետ է։ Կարող է լինել ժամանակավոր լավացում, սակայն հաջորդ սթրեսի դեպքում նրանք գնում են ուղիղ իրենց հիվանդագին սովորությանը։

Ի դեպ, կա այսպիսի մի պատկեր․ կանայք քիչ են և ալկոհոլիզմի, և խաղամոլության դեպքում, բայց եթե տղամարդկանց մոտ, օրինակ, ալկոհոլիզմի բուժման հավանականություն կա, կանանց մոտ՝ գրեթե ոչ։ Նույնն էլ՝ խաղամոլության դեպքում։ Ցավոք, Հայաստանում վիճակագրական տվյալներ չունենք։ Սակայն ԱՀԿ-ի կողմից և ԱՄՆ-ում կատարված հետազոտությամբ պարզվել է, որ մարդկանց 48 տոկոսը կարող է դառնալ խաղամոլ, և միայն 2-3 տոկոսն է գնում դեպի խաղամոլություն։

Նշեմ, որ կան հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ ծանր, սթրեսային վիճակներից հետո մարդկանց մի մասը կարող է գնալ դեպի ապակառուցողական վարքի ձևերի, որոնցից է ալկոհոլիզմը, խաղամոլությունը, ագրեսիան, և մենք ապրել ենք նման ծանր իրողություններ՝ սկսած կորոնավիրուսից, 2020թ․ 44-օրյա պատերազմից, Արցախի շրջափակումից ու հայաթափումից։

Խաղատները Երևանից հեռացնելը դրական ազդեցություն ունեցա՞վ։

– Հեռացնելը հասանելիությունը պակասեցնում է, բայց ուրիշ երկրներում ավելի հեռու է։ Կարծում եմ, պետք է մտածել, առանձին «կղզի» սարքել և հասանելիությունը դժվարացնել։

Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր որոշել են խաղալ, և այն ընտանիքներին, որտեղ արդեն կա խաղամոլ։

– Խաղամոլության, ալկոհոլիզմի և թմրամոլության դեպքում, իրենք կարծում են, որ երբ ուզեն՝ կկարողանան կանգ առնել, և իրոք ուզում են, ասում են՝ սա վերջինն է, էլ չեմ անի։ Երբ մարդն առավոտյան արթնանում է՝ մտածելով, թե որտեղի՞ց փող ճարի, որ մի հատ էլ խաղադրույք կատարի, դա նշանակում է՝ խնդիրը սկսված է։ Բազմաթիվ օնլայն հաթակներ կան, կարող ես արագ թեստավորվել, որտեղ գնահատում են ձեր կախյալության աստիճանը։ Ինչ վերաբերում է ընտանիքին, եթե տանը կա խաղամոլ՝ իրենք, ուզեն թե չուզեն, դառնում են ինչ-որ բաներից, օրինակ, բանկերից, կախված։ Այդ դեպքերում ոչ թե պետք է անձնական վիրավորանք հասցնել, անձը նսեմացնել, այլ խոսել արարքի մասին։ Անձը հանգի՛ստ թողեք, թե չէ ձեզ «պատժելու» համար կարող է կրկին խաղալ։ Միանշանակ պետք է սկսել հոգեբանական միջամտությունից, եթե նույնիսկ գործ ունեք մի անձի հետ, ով պատրաստ չէ դրան, ընտանիքը հոգեբանական խորհրդատվության կարիք ունի, որ ճիշտ կազմակերպի իր վերաբերմունքը, հակառակ դեպքում կարող է ամրապնդել այդ սովորությունը։

Տեսանյութեր

Լրահոս