Պետական պարտքի դուրս թռած խցանն ու ներդրումների խցանված հունը

Հայաստանի կառավարությունը հուլիսի 25-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով Հայաստանը կստանա 100 միլիոն դոլարի բյուջետային վարկ:

Հայաստանի պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարը, ինչը ՀՆԱ 50 տոկոսից ավելին է: Առերևույթ տնտեսական խոսուն ցուցանիշներ ապահովող Հայաստանը կենսագործունեության մի զգալի մասն ապահովում է վարկերի աճի հաշվին, իսկ 2024 թվականի պետական բյուջեի մուտքերը, օրինակ, առաջին կիսամյակում թերակատարվում են մոտ 120 միլիարդ դոլարով: Ֆինանսների նախարարն այս հանգամանքը բացատրում է նրանով, որ աճ արձանագրում են տնտեսության «ոչ հարկունակ» ոլորտները:

Այս «պարադոքսին» ավելի պարզ բացատրություն էր տվել նախկին վարչապետ, ներկայումս առնվազն Երևանի իշխանության մասով կառավարող ուժի կոալիցիոն գործընկեր Արամ Զ. Սարգսյանը, որն օրերս հայտարարել էր, որ Հայաստանում չկա տնտեսական քաղաքականություն: Դատելով տնտեսական ցուցանիշներից, դրանց հարաբերակցությունից, պատկերից՝ պարզ է դառնում, որ գնահատականը միանգամայն բնորոշում է իրավիճակը: Հայաստանում պարզապես ըմբոշխնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով բարեբախտաբար ստեղծված արտաքին քաղաքական կոնյունկտուրայի առատ պտուղները, որ տալիս է վերարտահանումների պրոցեսը:

Սակայն, բավականին դիպուկ բնորոշելով Հայաստանի տնտեսության մեջ արդյունաբերական սեգմենտի խիստ սակավությունը, որը նույնիսկ սպառնալիք է տնտեսական անվտանգությանը, այդուհանդերձ, ոչ բառացի, սակայն տալիս է նաև տնտեսական քաղաքականության բավականին տարակուսելի խորհուրդ: Օրինակ, նա ասում է, որ պետք է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող  ռուսական ընկերությունների փոխարեն՝ ոլորտը տալ ամերիկյան, եվրոպական ընկերությունների:

Բայց արդյո՞ք սեփականության իրավունքի վերաբաշխումն է տնտեսական քաղաքականություն: Հակառակը, սեփականության իրավունքի հանդեպ որևէ՝ անգամ հռետորաբանության մակարդակով ոտնձգություն հակասում է տնտեսական քաղաքականության տրամաբանությանը: Որևէ սթափ դատող, մտածող ներդրող չի հետաքրքրվի երկրով, որտեղ ոչ միայն կարող է կատարվել սեփականությունը մեկից վերցնելու և մյուսին տալու որևէ գործողություն, այլ կարող է ծավալվել անգամ այդօրինակ հանրային խոսակցություն:

Ոչ մի կասկած չկա, չի կարող լինել, որ Հայաստանը պետք է առավելագույնն անի ոչ միայն հանքարդյունաբերության, այլև ըստ էության տնտեսության բոլոր ուղղություններով օտարերկրյա ներդրումային գրավչություն ապահովելու համար, որպեսզի Հայաստանով հետաքրքրվեն թե ամերիկյան, թե եվրոպական, թե տարբեր այլ երկրներ ներկայացնող ընկերություններ: Բայց տնտեսական քաղաքականությունն այն է, երբ այդ հետաքրքրությունն առաջացնում են ոչ թե տնտեսական վերաբաշխման, այլ նորանոր հնարավորությունների ստեղծման, տնտեսական դաշտի գրավչության նոր «ազատ տարածություններ» ստեղծելու, ինչպես նաև սեփականության իրավունքի ամուր պաշտպանության իրավական մշակույթ ձևավորելու միջոցով:

Մինչդեռ Հայաստանում, ընդհուպ հանրային-քաղաքական դերակատարների մակարդակով, ոչ միայն ծավալվում է հակառակ տրամաբանություն ենթադրող խոսույթ, այլ նաև փորձ է արվում այդ խոսույթը դարձնել հանրային լայն սպառման առարկա՝ պարզապես քաղաքական հաշվարկներից ելնելով:

Ավելին, ըստ էության քաղաքական կոնյունկտուրային «զոհաբերվեց» Հայաստանում հենց նույն արևմտյան ներդրումային խոշորագույն ծրագիրը՝ Ամուլսարի հանքի շահագործումը, որի առնչությամբ ԱՄՆ մի քանի դեսպաններ հայտարարում էին, որ այդ ծրագրի հաջողությունից է կախված Հայաստանի ներդրումային իմիջն ամերիկացի ներդրողների շրջանում: Մինչդեռ 2018-ից հետո ծրագիրը հայտնվել է «ոդիսական» ընթացքում, փաստացի դառնալով բավականին վատ ազդակ հենց նույն արևմտյան ներդրումային շրջանակների համար:

Այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ ունի գրավչության խնդիրներ առաջացնող օբյեկտիվ արգելքներ՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետագծով և դրանից բխող մետաստազներով պայմանավորված, ինչի հետևանքով Հայաստանի հանդեպ օտարերկրյա ներդրումային հետաքրքրությունները զգալիորեն պայմանավորվել են քաղաքական իրողություններով, դրանցով են ձևավորվում տնտեսական մոտիվների մի զգալի մասը:

Այդ պարագայում առավել քան կարևոր է դառնում դաշտը գոնե սուբյեկտիվ գործոններից, դրանց ծագմանն ու գեներացմանը նպաստող խոսույթից ազատելն ու այդ կերպ օտարերկրյա ներդրողների տնտեսական մոտիվացիաների հունը մաքրելը, հաջորդիվ արդեն՝ տնտեսական հմուտ քաղաքականությամբ այն լայնացնելու նպատակադրումով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս