ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարմանը և Անկարայից էլ նույնն է ակնկալում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին արտաքին գործերի նախարարությունից`պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել Հայաստանի հետ սահմանի բացման հնարավորությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի դրական ելքի դեպքում։

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Երևանն Անկարայից նույն հանձնառությունն ու պատրաստակամությունն է ակնկալում, այդ թվում` նաև երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման հարցում:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա ԱԳՆ-ում նշել են, որ հստակ պայմանավորվածության առկայության պարագայում հանրությունը կիրազեկվի պատշաճ ժամկետում։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի հուլիսին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովման, ինչպես նաև բեռների ուղիղ ավիափոխադրումներ իրականացնելու և դրա համար անհրաժեշտ գործընթացներ սկսելու վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս