Բաժիններ՝

Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ շեշտել է հնարավորինս շուտ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 25-ին Սպիտակ տանը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են զարգացումները Գազայի հատվածում և հրադադարի ու պատանդների ազատման վերաբերյալ բանակցությունների ընթացքը։ «Նախագահ Բայդենը նշել է, որ անհրաժեշտ է փակել առկա բացերը, հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերել համաձայնագիրը, տուն բերել պատանդներին և հասնել Գազայում պատերազմի տևական ավարտի», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բայդենը նաև բարձրացրել է պաղեստինյան անկլավում տիրող հումանիտար ճգնաժամի հարցը և ընդգծել, որ անհրաժեշտ է հեռացնել օգնության մատակարարման խոչընդոտները և պաշտպանել խաղաղ բնակիչներին։

Միևնույն ժամանակ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի «անխախտ հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը՝ ընդդեմ բոլոր սպառնալիքների Իրանից և նրա պրոքսիներից, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ից, Հեզբոլլահից և հութիներից», նշվում է հաղորդագրությունում։

Բայդենի հետ հանդիպումից մեկ օր առաջ Նեթանյահուն ուղերձով դիմել էր ԱՄՆ կոնգրեսին։ Նրա ելույթն ուղեկցվել էր բազմահազարանոց ցույցերով։ 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից եհտո Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 39 000-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս