Վարորդները դեռ երկար կսպասեն Մ6 ճանապարհի նորոգմանը
Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ և Աղստև գետերի վարարումներից տեղի ունեցած հեղեղումներից հետո արդեն անցել է երկու ամիս, սակայն Լոռու մարզի միջպետական ճանապարհի որոշ հատվածներ շարունակում են խնդիրներ առաջացնել վարորդների, մասնավորապես՝ բեռներ տեղափոխող վարորդների համար։
Վերջին շաբաթների ընթացքում վարորդները հիմնականում բողոքում են Մ6 միջպետական Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի քանի հատվածներում ծագած խնդիրներից: Դրանք ավելի սրվեցին, երբ այս ճանապարհով հեղուկ գազ տեղափոխող բեռնատար շրջվեց։
168.am-ը Լոռու մարզպետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ճանապարհը չի վերականգնվում, արդյո՞ք երկու ամիսը բավարար չէր նորոգումն ավարտելու համար։ Սակայն մարզպետարանի խոսնակը մեզ պատասխանեց, որ այդ հարցով զբաղվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Սերժիկ Պետրոսյանին։
Մասնավորապես, մի քանի հարցի պատասխան ու պարզաբանում էինք խնդրել՝ ինչո՞վ է պայմանավորված, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի աշխատանքները ավարտին չեն հասցվել։ Բացի այս հատվածից, Լոռու մարզում կա՞ն այլ ճանապարհահատվածներ, որոնք փլուզումից հետո մասնակի են
վերականգնվել։ Նաև խնդրել էինք ներկայացնել, թե հեղեղումներից հետո Լոռիում քանի՞ կիլոմետր ճանապարհ է վերականգնվել, և դրա համար որքա՞ն գումար է ծախսվել, և դեռ քանի՞ կիլոմետր ճանապարհ պետք է վերականգնվի։ Արդյո՞ք
այդ աշխատանքների համար գումար հատկացվել է:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղի ունեցած հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիներում ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվում է հետաղետային կարիքների գնահատում (PDNA մեթոդաբանության հիմքով), այն ներառում է տնտեսության տարբեր ճյուղերի (ներառյալ ենթակառուցվածքները), ինչպես նաև սոցիալական ոլորտին պատճառված վնասների բազմակողմանի ուսումնասիրության գնահատում և ձեռնարկվելիք միջոցների առաջնահերթության սահմանում։
Ներկայում, Մ6 միջպետական ճանապարհին առաջնահերթ իրականացվում է ճանապարհային ենթակառուցվածքների փլվածքների ժամանակավոր վերականգնում, որը կապահովի ճանապարհի անցանելիությունն ու երթևեկության անվտանգությունը։
Հիմնական վերականգնման համար անհրաժեշտ է կատարել Դեբեդ գետի ջրաբանական ուսումնասիրություն՝ գետի հետագա վարքագիծը կանխատեսելու, հնարավոր վարարումներից ճանապարհի խոցելի հատվածները վեր հանելու համար։ Այդ ուսումնասիրությունների հիման վրա կկազմվի նախագիծ՝ համապատասխան լուծումներով, հետագայում աղետների հնարավոր հետևանքներից խուսափելու համար։ Ըստ այդ նախագծի էլ կհայտարարվի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Փլվածքների ժամանակավոր վերականգնումն իրականացնում են տեղի սպասարկող կազմակերպությունները՝ ճանապարհի ընթացիկ պահպանման շրջանակներում, ըստ ՀՀ կառավարության 2010 թ. N 1419-Ն որոշման»։
Այսինքն, մեզ ուղարկված պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ ջրհեղեղից երկու ամիս անց առայժմ հնարավոր է եղել պարզել, որ «հիմնական վերականգնման համար անհրաժեշտ է կատարել Դեբեդ գետի ջրաբանական ուսումնասիրություն», հետո էլ դրա հիման վրա պետք է «կազմվի նախագիծ՝ համապատասխան լուծումներով»… Բայց չէ՞ որ շուտով աշուն է, գուցեև՝ հորդառատ անձրևներով…