Ինչպե՞ս էին իրականացնում թաղման ծեսն Արցախի Վարանդա գավառում
Հայոց ազգագրությունը և բանահյուսությունն ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ յուրաքանչյուր դեպք, իրադարձություն ունի իրեն բնորոշ դրսևորումը:
Ժամանակի ընթացքում այդ իրադարձությունները ծիսական երանգ են ստանում, և մարդու կյանքում յուրաքանչյուր իրադարձություն ունենում է իր ծիսական դրսևորումը: Հատկանշական է, որ իրադարձությունն ունի իրեն բնորոշ ծիսակարգային առանձնահատկությունը նաև աշխարհագրական համատեքստում: Մասնավորապես՝ պատմական Հայաստանի և Արցախի ամեն մի գավառ ուներ թաղման ծեսի իրեն բնորոշ յուրահատկությունը:
Պատմական Արցախի ամենաազդեցիկ գավառներից է Վարանդան: Վարանդան ունեցել է իր մշակութային բացառիկ առանձնահատկությունը, ինչը դրսևորվել է տարբեր ոլորտներում: Հայ ազգագրագետ և բանահավաք Երվանդ Լալայանը, ով երկար ժամանակ ապրել, ստեղծագործել և աշխատել է Շուշիում, 1898 թվականին Թիֆլիսում տպագրում է «Վարանդա» ազգագրական աշխատությունը, որտեղ Վարանդայի հետ կապված բազմաթիվ պատմական, գիտական, աշխարհագրական և մշակութային մանրամասնությունների հետ մեկտեղ՝ գրում և ներկայացնում է, թե ինչպիսին էր Վարանդայում թաղման ծեսը: Լալայանը մասնավորապես գրում է.
«Երբ մարդը հոգին ավանդում է, բոլոր տնեցիները սաստիկ լալիս են, իսկ փոքր-ինչ ավելի սրտոտները դարձնում են մեռելի երեսը դեպի արևելք, շորերը հանում են, կզակին մի թաշկինակ կապում, ոտների բթամատերը բամբակի թելով կապկապում, աչքերը ծածկում, ձեռքերը կրծքին խաչաձև ծալում, վերան մի շոր ձգում և մի հաց դնում սրտին»: (Ե. Լալայան, «Վարանդա», Թիֆլիս, 1898, էջ 179):
Մահվանն անմիջապես հաջորդող իրադարձության նկարագրությանը հաջորդում են արդեն իսկ ննջեցյալի՝ թաղմանը նախապատրաստելու ծիսական նկարագրությունները:
«Գալիս է և քահանան ու օրհնում ջուրն ու պատանը: Տղամարդ ննջեցյալին լողացնում են գյուղերում հարևանները, իսկ քաղաքում՝ ժամկոչները: Կին ննջեցյալներին գյուղում՝ հարևան կանայք, իսկ քաղաքում՝ աղքատ կանայք և կամ, եթե հարուստ է եղել, կույսերը՝ աղոթքներ մրմնջալով: Լողացնելուց հետո ննջեցյալի ձեռքերին մի մի մոմ են դնում, որպեսզի մյուս աշխարհում յուր բարեկամ ննջեցյալներին ճրագի լույսով տեսնի: Հետո պատանում են սպիտակ կտավով, փաթաթում մի կապերտում և դնում նաժի մեջ և վերան ձգում դիազարդը: Տասն տարեկանից բարձր ննջեցյալների համար ութ օր շարունակ մոմեր կամ կանթեղներ են վառում նրանց լողացրած տեղերում, որպեսզի նրանց հոգիների ճանապարհը դեպի երկինք լուսավոր լինի»: (Նույն տեղում՝ էջ 181):
Հատկանշական է, որ Վարանդայում առանձնահատուկ է եղել նաև նոր ամուսնացած ննջեցյալի թաղման ծեսը: Թաղման մասնակիցները սգացել են նաև նոր ամուսնացյալ ննջեցյալի ամուսնական մատանու վրա.
«Նույն օրը քահանան կատարում է տան կարգը և ննջեցյալը տարվում է եկեղեցի: Ննջեցյալը վերցնելուց հետո անմիջապես նույն տեղում քար են դնում, որպեսզի ննջեցյալի հիշատակը հաստատ մնա տան մեջ: Երբ ննջեցյալը եկեղեցումն է դրված լինում, առաջ են բերում ննջեցյալի շորերը և մեկ մեկ բարձրացնելով, հոտոտելով, համբուրելով գովում են և լաց են լինում: Գյուղի ամենահեռավոր կետից էլ լսելի է լինում ննջեցյալի տան ողբն ու կոծը: Թաղման ծեսը կատարելիս, կանայք դարձյալ շրջապատում են ննջեցյալին եկեղեցում և ողբեր ասելով լալիս: Եթե ննջեցյալը նոր նշանադրված է եղել, սգավորները կարմիր խնձորի վրա սպիտակ դրամներ շարած, նշանի մատանին սև քողով պատած՝ դնում են ննջեցյալի վրա և լաց լինում»: (Նույն տեղում՝ էջ 181):
Գերեզմանատանն իրականացվող ծեսը մի շարք բնակավայրերում ունեցել է նմանություններ և տարբերություններ: Հարկ է նշել, որ ծիսական բազմաթիվ դետալներ մինչ օր պահպանվում նե մեր մշակույթում: Վարանդայում ննջեցյալին գերեզմանափոսում հաջողություն էին մաղթում հետևյալ տողերով. «Աստված ճանապարհդ բարի անի, բարև տար մեր հին ննջեցյալներին»:
«Վերջապես հուղարկավորությունը հասնում է գերեզմանատուն: Գերեզման փորողներից մինը առաջ է գալիս, դագաղից բռնում, տանում գերեզմանի աջ կողմը դնում: Սովորաբար գերեզմանները փորում են գյուղերում ննջեցյալի ազգականները և կամ հարևանները, իսկ քաղաքում ժամհարները:
Գերեզմանների խորությունը լինում է 2-3 արշին, իսկ լայնությունը մի արշին: Ավարտելուց հետո թին ու բահը խաչաձև դնում են գերեզմանի վրա, որպեսզի սատանաները չմտնեն ներս:
Նախքան ննջեցյալը գերեզման իջնելը, մոտիկ ազգականները գրկախառնում են նաժը, համբուրում ննջեցյալին և լաց լինում: Հետո ննջեցյալին հանում են նաժից և իջեցնում գերեզման: Քահանան օրհնում է հողը մոտիկ ազգականի ձեռքում և ձգել տալիս գերեզմանի մեջ:
Անմիջապես բոլոր հուղարկավորները մի մի բուռ հող են ձգում ննջեցյալի վրա՝ ասելով. «Աստված ճանապարհդ բարի անի, բարև տար մեր հին ննջեցյալներին»: Հետո արդեն գերեզման հատողները ածում են հողը գերեզմանի մեջ և վերան մի թումբ կազմում»: (Նույն տեղում՝ էջ 182-183):
Հարկ է նշել, որ Արցախի Վարանդա գավառն իր ազգագրական և բանահյուսական առանձնահատկություններն ունեցել է գրեթե բոլոր ծեսերում: Դա է վկայում հատկապես մեծ գիտնական Երվանդ Լալայանը: Դրանով ևս փաստվում է Արցախ աշխարհի պատմական, մշակութային ու ազգագրական բացառիկ առանձնահատկությունը Հայոց պատմության մեջ:
Զ. Շուշեցի