Բաժիններ՝

Քրիստոսի աստվածմարդկային կյանքի խորհուրդը

Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյամբ սկսվում է և նո­րա աստված­մարդ­կա­յին կյանքն, և ո­րով­հե­տև նա աստվա­ծու­թյան ու մարդ­կու­թյան միու­թյուն է, ուստիև թե՛ մարմ­նա­նալն ու թե՛ ծնուն­դը հրա­շա­լիք է և միան­գա­մայն մարդ­կա­յին: Հրա­շա­լիք է և մարդ­կա­յին այն պատ­ճա­ռով, որ Քրիս­տոս նո­րա մարդ­կու­թյան նա­խա­մարդն է, ո­րի մեջ պետք է ան­հե­տա­ցած լի­նի ու նո­րա հի­շա­­տակն, և միևնույն ժա­մա­նակ մարդ­կու­թյունը պետք է նո­րա մեջ ներ­կա­յա­նար, և ու­րեմն Քրիս­տոս պետք է մարդ­կա­յին ծնունդ լի­ներ և ոչ թե մի նո­րաստեղծ մար­մին առ­ներ[1]:

Հայտ է, որ նա մի նո­րու­թյուն պետք է լի­ներ մարդ­կա­յին սե­րուն­դի մեջ և միան­գա­մայն մարդ­կա­յին սե­րուն­դից` Դավ­թի ցե­ղից (Եբր., Է 3. Հովհ., Է 42. Հռ., Ա 3): Այս նշա­նա­կում է, որ մե­ղան­չա­կան մարդ­կու­թյունն յուր կամ­քով ու գոր­ծու­նեու­թյամբ չպետք է մաս­նակ­ցեր Քրիս­տո­սի մար­դե­ղու­թյան խորհր­դին, այլ միայն ըն­դու­նող պետք է լի­ներ աստվա­ծա­յին այդ մեծ շնոր­հաց ի դեմս խո­նարհ սուրբ Կույսին: Այդ պատ­ճա­ռով Քրիս­տոս, ինչ­պես տե­սանք, ծնվում է ո՛չ մար­դու և ո՛չ մարմ­նա­կան կամ­քով, այլ` Ս. Հոգ­վով, աստվա­ծա­յին տնօ­րի­նա­կան կամ­քով, որ­պես դավա­նում ենք Հավա­տամ­քում:

Ըստ ո­րում` ընտ­րյալ ազ­գից ընտր­վում է Մա­րիամ Ս. Կույսը, վասնզի Աս­տու­ծո փրկու­թյունը ըն­դու­նե­լու հա­մար ընտ­րվեց այդ ազգն և նա­խա­պատ­րաստվեց, այն­պես որ նո­րա նա­խա­պատ­րաստու­թյան կա­տա­րումն ե­ղավ Մա­րիամ Ս. Կույսը: Տի­րա­մայ­րը ամ­բողջ մարդ­կու­թյան հա­մար օ­րի­նա­կե­լի պատ­րաստա­կա­մու­թյամբ և լիո­վին անձ­նվի­րու­թյամբ ըն­դու­նա­րան դար­ձավ Աս­տվա­ծոր­դուն:

Նո­րա մեջ ներ­կա­յա­նում է Իս­րա­յելի և ամ­բողջ մարդ­կու­թյան հավատքն ու փրկու­թյան ակն­կա­լու­թյունն Աս­տու­ծո ա­ռաջ և նո­րա­նով Աս­տվա­ծոր­դին մտնում է մարմ­նավոր կյան­քի մեջ` յուր շնորհ­նե­րը տա­լու հա­մար: Այս­պես Քրիս­տոս դառ­նում է Նոր-Ա­դամ նոր մարդ­կու­թյան հա­մար և կա­տա­րյալ աստվա­ծա­մարդ է հա­կա­ռակ կար­ծա­կան և Ե­բիո­նյան ա­ղանդ­նե­րին, ո­րոնց մեկի մեջ տի­րա­պե­տող է աստվա­ծա­յին կամ­քը, հրաշքն, իսկ մյու­սի մեջ` մարդ­կա­յին մե­ղան­չա­կան կամ­քը:

Այս­պի­սի ծննդյան հե­տևանքն էլ այն է, որ Քրիս­տոս կա­տա­րե­լա­պես ա­զատ է մեղ­քից (Հովհ., Ը 46. Եբր., Դ 15), վասնզի ե­թե մեղք ու­նե­նար` կտու­ժեր նո­րա աստվա­ծա­յին սրբու­թյունը, մինչ­դեռ մեղք չու­նե­նա­լով` ներ­կա­յաց­նում է այն կա­տա­րե­լու­թյան տի­պարն[2], որ նա իս­կա­կան միջ­նորդ է Աս­տու­ծո և մար­դու մեջ և իս­կա­կան կա­տա­րե­լա­տիպ է մար­դու հա­մար: Եվ ե­թե հա­մե­մա­տենք ըն­կած մար­դուն Քրիս­տո­սի հետ, կտես­նենք, որ մե­ղան­չա­կան մար­դու մեջ տի­րում է աշ­խար­հա­յինն և աշ­խար­հա­յին գի­տակ­ցու­թյունը սրբու­թյան, աստվա­ծա­ճա­նա­չու­թյան և ինք­նա­ճա­նա­չու­թյան վրա, իսկ Քրիս­տո­սի մեջ աշ­խար­հա­յինն և աշ­խար­հա­յին գի­տակ­ցու­թյունը ան­կա­րող են ինք­նու­րույնու­թյան հաս­նե­լու,[3] այն­պես որ Քրիս­տոս կա­տա­րյալ միու­թյուն է պա­հում Հոր Աս­տու­ծո հետ:

Աշ­խար­հում լի­նե­լով և աշ­խար­հին գի­տակ­ցե­լով` ոչ թե են­թարկ­վում է աշ­խար­հին, այլ մի լի­նե­լով Հոր հետ` գի­տե, որ ինքն աշ­խար­հի Փրկիչն է: Ուստիև մեղքն, որ աշ­խար­հի գեր­իշ­խա­նու­թյան և աշ­խար­հա­յին գի­տակ­ցու­թյան հե­տևանքն է և կա­նո­նավոր ըն­թաց­քի ու զար­գաց­ման խան­գա­րիչ, միշտ օտար էր Քրիս­տո­սից: Քրիս­տո­սի ա­ճու­մը յուր ամ­բողջ կյան­քում սուրբ էր և կա­նո­նավոր. աշ­խար­հա­յին ոչ մի միա­կող­մա­նի ազ­դե­ցու­թյուն չէր կա­րող նո­րա ինք­նա­գի­տակ­ցու­թյան և աստվա­ծա­յին կոչ­ման վրա շե­ղիչ կամ խան­գա­րիչ ներ­գոր­ծու­թյուն ու­նե­նալ (Ղուկ., Բ 52. Ա 80): Այս ա­ռանձ­նա­պես շեշ­տում է Ավե­տա­րա­նիչն` ա­սե­լով. «Մա­նուկն ա­ճէր և զօրա­նայր Հոգ­ւով»:

Եվ այդ ինք­նա­գի­տակ­ցու­թյունն ու սրբու­թյունը կեն­դա­նի էր նո­րա մեջ ամեն ժա­մա­նակ, ինչ­պես տես­նում ենք նո­րա տաս­ներ­կու տա­րե­կան հա­սա­կիցն իսկ (Ղուկ., Բ 40, 46-49)` ընտ­րյալ շրջա­նում պայ­ծա­ռա­ցած: Կա­տա­րյալ լի­նե­լով իբ­րև Աս­տված` բնա­կան կա­տա­րե­լու­թյան հա­մար ա­ճում էր իբ­րև մարդ (Եբր., Ե 8), զի մեր մարմ­նին կցորդ էր յուր մարմ­նի նմա­նու­թյամբ նաև մարմ­նավոր կա­տա­րե­լու­թյամբ ան­շուշտ (Հռ., Ը 3. Եբր., Բ 14. Սաղմ., ԽԴ 3): Մեղ­քը նո­րա վրա չկա­րո­ղա­ցավ տի­րել, վասնզի նա հաղթող ե­ղավ աշ­խար­հի փոր­ձա­նաց մեջ հա­կա­ռակ ա­դա­մա­յին փոր­ձա­նաց պար­տու­թյան (Ես., ԽԲ 1-4. Եբր., Դ 15): Նո­րա փոր­ձու­թյունը մաս­նավոր փոր­ձու­թյուն չէր, այլ հիմ­նա­կան` սա­տա­նա­յի փոր­ձու­թյուն ու կեղծ մե­սիա­կա­նու­թյամբ, ու­րեմն Քրիս­տոս լիա­կա­տար չա­րի­քի դեմ պետք է հաղթող դուրս գար (Մատթ., Դ 1-11): Եվ Քրիս­տոս միշտ հաղթող էր յուր երկ­րավոր կյան­քի ըն­թաց­քում շա­րու­նակ փոր­ձիչ հա­կա­ռա­կոր­դի վրա (Ղուկ., Դ 13): Այս փոր­ձու­թյան սկզբունքն էլ այն է, որ Քրիս­տոս, ըստ մեզ, աշ­խար­հա­յին փոր­ձա­նաց կյանքն ու­ներ, կռվում էր ա­մե­նայն թշնա­ման­քի դեմ և յուր Փրկչա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյունը չէր կորց­նում. այլև ըստ մարդ­կա­յին և աստվա­ծա­յին ա­զատ կա­մաց ընտ­րում է և ճշմա­րիտն և ոչ հրա­պու­րի­չը:

Ըստ այսմ` Քրիս­տոս, սի­րո կա­տա­րյալ միու­թյուն պա­հե­լով մարդ­կու­թյան հետ, ի­րա­գոր­ծում է, հա­կա­ռակ բո­լոր թշնա­մու­թյանց, յուր բարձր կո­չու­մը, այն է` Աս­տու­ծո և մար­դու մի­ջի միջ­նոր­դու­թյունը: Ա­մե­նա­մեծն էր նո­րա մա­քա­ռու­մը և ա­մե­նա­փա­ռավոր նո­րա հաղթու­թյունը, վասնզի նա ոչ թե իբ­րև Աս­տված կռվեց խավա­րի զորա­ցող իշ­խա­նու­թյան դեմ, այլ իբ­րև աստվա­ծա­մարդ ա­ճե­լով, չար­չա­րանք­նե­րին հնա­զան­դե­լով ու յուր դեմ վա­ռվող թշնա­մու­թյանց հաղթու­թյան կա­տա­րու­մը ան­մե­ղու­թյամբ խա­չի վրա միայ­նակ պսա­կե­լով (Եբր., Ե 8-9)[4]: Այս մի սքան­չե­լի խոր­հուրդ է, որ մարդ­կա­յին ա­զա­տու­թյան ըն­թաց­քով Քրիս­տո­սի միա­ցած կամ­քը մարդ­կա­պես հաղթող է հան­դի­սա­նում և ոչ թե ըստ եր­կա­կա­մյայց` մարդ­կա­յին կամ­քով, բայց աստվա­ծա­յին կամ­քի բռնու­թյամբ18*:

Արդ, ու­րեմն Քրիս­տոս յուր երկ­րավոր կյան­քի մի­ջո­ցին խո­նար­հու­թյան մեջ է ե­ղել (Մատթ., ԺԹ 17), բայց ա­ռանց մեղ­քի, թեև Հոր հետ էա­պես մեկ էր, սա­կայն նո­րա կյան­քը պատ­մա­կան էր և կռվում էր հա­կա­ռա­կու­թյան դեմ: Նա պատ­մա­կան կյան­քով խո­նար­հու­թյան մեջ էր, ո­րի կա­տար­մամբ ու հաղթու­թյամբ փառ­քի բարձ­րա­ցավ` նստե­լով Հոր աջ կողմն իբ­րև գլուխ յուր ե­կե­ղե­ցու (Փիլ., Բ 8-9):

Եվ նո­րան յուր իս­կա­կան փառ­քի մեջ տես­նե­լու ենք նո­րա երկ­րորդ գալս­տյամբ (Ա Հովհ., Գ 2. Ընդհ., 176): Սա­կայն նո­րա կյան­քի խո­նար­հու­թյունն ևս մարդ­կա­յին չէ, այլ աստ­ված­մարդ­կա­յին. նա խո­նարհ էր` ինչ­պես մարդ, բայց հրաշք էր գոր­ծում` ինչ­պես Աս­տված. շրջում էր` ինչ­պես մարդ, պայ­ծա­ռա­կեր­պե­ցավ սա­րի վրա` ինչ­պես Աս­տված, նա հա­կա­ռա­կու­թյան էր պա­տա­հում` ինչ­պես մարդ, մեկ խոս­քով` հիվանդ էր ա­ռող­ջաց­նում` ինչ­պես Աս­տված: Քաղ­ցում էր` ինչ­պես մարդ, բյուրե­րին կե­րա­կրում` ինչ­պես Աս­տված. ննջեց նավի վրա` որ­պես մարդ, սաստեց ծովն` ինչ­պես Աս­տված. քա­ցախ ճա­շա­կեց` ինչ­պես մարդ, ջու­րը գի­նի դարձ­րեց` որ­պես Աս­տված. ծաղ­րվեց խա­չի վրա ու մե­ռավ` որ­պես մարդ, Ղա­զա­րո­սին և այ­լոց հա­րու­թյուն տվավ` որ­պես Աս­տված[5] (հմմտ. Ընդհ., 173-175): Սա­կայն թե՛ մարդ­կա­յին և թե՛ աստվա­ծա­յին բո­լոր գոր­ծե­րը նա կա­տա­րեց խո­նար­հու­թյամբ և ոչ աստվա­ծա­յին բարձ­րու­թյամբ, ուստիև մարդ­կանց ընտ­րու­թյան ա­ռաջ ո­մանց ի գո­լո­րումն և ո­մանց ի կանգ­նումն ե­ղավ (Մարկ., Զ, 3. Ղուկ., Բ 34): Մար­դուն է մնում ա­զա­տա­պես հավա­տալ նո­րան ու փրկվիլ:

Նա ոչ թե բռնու­թյամբ գոր­ծեց, այլ քաղց­րու­թյամբ ու հե­զու­թյամբ, ուստիև յուր ճշմար­տու­թյունն ու փրկու­թյունը տա­լիս է մարդ­կանց ոչ թե ուժով ու սաստով, այլ միայն հավատ­քով: Փառքն ու խո­նար­հու­թյունն էլ ի­րար դի­մաց պետք է լի­նին, որ մար­դու հավատքն ու­նե­նա յուր ար­ժեքը և ա­զատ ընտ­րու­թյամբ յուրաց­նե փրկու­թյունը: Ըստ այսմ` մեկը գայ­թակղ­վում է Քրիս­տո­սի ար­տա­սու­քով, իսկ մյու­սը հավատ­քով զորա­նում է, երբ տես­նում է, որ նույն Քրիս­տո­սը, հա­րու­թյուն տա­լով Ղա­զա­րո­սին, սրբում է նո­րա քույ­րե­րի ար­տա­սուքն ու մխի­թա­րում:

Այս­պի­սի հա­կադ­րու­թյան դրոշմ է կրում Քրիս­տո­սի կյան­քի ամեն մի ըն­թաց­քը մին­չև խա­չի վրա վեր­ջին վայր­կյանն, երբ համ­բե­րու­թյամբ ու սրբու­թյամբ ամեն տնօ­րի­նու­թյուն ի­րա­գոր­ծե­լուց հետո բա­ցա­կան­չեց. «Ա­մե­նայն ինչ կա­տա­րյալ է», և նույն­իսկ այդ վայր­կյանում չար­չա­րա­նաց մեջ կա­տա­րած հրա­շա­լիք­նե­րով ցույց տվավ, որ ին­քը տեր է բնու­թյան վրա: Եվ ա­պա հառ­նե­լով ու համ­բառ­նա­լով բարձ­րաց­րեց յուր հետ յուր մարդ­կու­թյունն աստվա­ծա­յին փա­ռաց մեջ, ո­րով վերս­տին պետք է իշ­խա­նա­բար գա աշ­խար­հը դա­տե­լու հա­մար (Ղուկ., ԻԱ 27):

Այս­պես Քրիս­տոս իբ­րև աստվա­ծա­մարդ ծնվեց, իբ­րև աստվա­ծա­մարդ ա­ճեց ու զար­գա­ցավ, իբ­րև աստվա­ծա­մարդ կա­տա­րեց աստ­վա­ծա­յին տնօ­րի­նու­թյունք և իբ­րև աստու­ծա­մարդ մե­ռավ ու հա­րյավ. նա իբ­րև աստվա­ծա­մարդ պետք է գա երկ­րորդ ան­գամ: Նո­րա մարդ­կու­թյամբ խո­նար­հվել է աստվա­ծու­թյունն, և աստվա­ծու­թյամբ բարձ­րա­ցել է մարդ­կու­թյունը. ըստ ո­րում` նո­րա մարդ­կու­թյամբ գայ­թակ­ղվո­ղը կընկ­նի, իսկ աստվա­ծու­թյան հավա­տա­ցո­ղը կբարձ­րա­նա (Ղուկ., Բ 34): Քրիս­տո­նեու­թյան հիմքն ու էու­թյունը կազ­մում է այս ճշմար­տու­թյունն, որ Քրիս­տոս է Աս­տու­ծո մար­դա­ցյալ Որ­դին: Ա­ռանց այս հավատ­քին չի կա­րող քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցի լի­նել, և ե­թե մի հա­մայնք կար­ծում է քրիս­տո­նյա լի­նել` ճա­նա­չե­լով Քրիս­տո­սին լոկ մեծ հան­ճար, նա ա­ղանդ է և ոչ ե­կե­ղե­ցի:

Ա­ռանց այս հավատ­քին չի կա­րող և մարդ քրիս­տո­նյա լի­նել և Աս­տու­ծո կեն­դա­նի տա­ճար դառ­նալ, և ե­թե մեկը, մարմ­նա­կան դա­տո­ղու­թյանց են­թար­կվելով, կար­ծում է նաև ա­ռանց այդ հիմ­նա­կան հավատ­քին քրիս­տո­նյա հա­մա­րված լի­­նել, սխալ­վում է, նա ա­ղան­դավոր է և ոչ քրիս­տո­նյա: Չկա ո՛չ ճշմար­տու­թյուն, ո՛չ ճշմա­րիտ հա­ղոր­դակ­ցու­թյուն Աս­տու­ծո հետ և ո՛չ ճշմա­րիտ բա­րո­յա­կա­նու­թյուն ա­ռանց այդ հավատ­քին, որ Քրիս­տոս է աստվա­ծա­մարդ (Մատթ., ԺԶ 16. Հովհ., Թ 28): Ուս­տիև ա­ռա­քյալն ա­սում է դի­պո­ղա­պես. «Որ ոք ոչ խոս­տո­վա­նի զՅի­­սուս Քրիս­տոս ե­կեալ մարմ­նով, նա մո­լո­րե­ցու­ցիչ է եւ Նեռն» (Բ. Հովհ., Ա 7. Ա Հովհ., Դ 2-3. Գաղ., Դ 4): Ըստ ո­րում և Պո­ղոս ա­ռա­քյալը գրում է. «Ոչ ոք կա­րէ ա­սել Տէր զՅի­սուս, ե­թէ ոչ Հոգ­ւովն Սրբով» (Ա Կոր., ԺԲ 3. Հռ., Ը 16. Ա Հովհ. Դ 13. Ե 6): Այս է, որ Քրիս­տոս էլ ա­սում է. «Ոչ ոք կա­րէ գալ առ իս, ե­թէ ոչ ի­ցէ տուեալ ի Հօ­րէ իմ­մէ» (Հովհ., Զ 65. ԺԵ 26): Հե­տևա­բար այդ­պիս­յաց հա­մար դեռևս անհ­րա­ժեշտ է նա­խա­պատ­րաստու­թյուն (հմմտ. վե­րը, գլ. ԺԷ), հո­գու տե­սո­ղու­թյան ու լսո­ղու­թյան բա­ցումն և մղվիլ դեպի Աս­տված` լիա­պես լու­սավո­րվելու հա­մար (Սաղմ., ՃԽԴ 18. Գործք, ԺԷ 27. Ես., ԾԵ 6):

[1] «Մերակերպ բնութեանս ընդ արարչութեան միաւորութիւն երեւելապէս հանդի­պեցաք տեսակի»: Մամբրե Վերծ., 59:

[2] «Ի սկզբանէն յորժամ առնէր Աստուած զարարածս, յետուստ արար զմարդն` յե­րեւոյթ եւ յաներեւոյթ իւրոյ զօրութեանցն ի միեւնոյն ժողովեալ. եւ այսպէս զամենայն ի նոյն պնդեալ ձուլեաց զարարածս, զոր եւ ըստ նմանութեան պատկերի կերպարանաց իւրոց արար եւ եդ զնա իշխան անձնիշխան իւրոց կամաց: Վասնորոյ նախանձու սա­տա­նայի ապականեալք հնացան ի բանսարկութիւն խարդախութեան պատրանացն: Իսկ Տէր եկն յայց ելեալ կորստականին, ծնաւ ի կուսէն ի մարդկան կերպարանս, զի արասցէ խաղաղութիւն յերկինս եւ յերկրի, եւ ածցէ զիւր Հայրն ծնօղ ի հաշտութիւն ընդ արարածս իւր` մարդակերպ պատկերաւն, զի յանդիման լիցին ամենայն մերժեալք արարածքն աներեւոյթն Աստուծոյ»: Ս. Ներս. Մեծն, անդ 70:

[3] Մատթ., ԺԱ 29. Հովհ., ԺԳ 15. Ա Պետր., Բ 31:

[4] «Մարդկան` ի մեռելոյ ·այ հոտ նեխոյ, իսկ Աստուծոյ` ի մեղաւորէ. ամենայն աշ­խարհ առհասարակ նեխեալ էր, (Քրիստոս) ոչ ·արշեցաւ եւ ոչ դարձոյց զերեսս իւր յու­մեքէ, այլ յիւր անուշահոտութիւնն համեմեաց զամենեսեան: Մշակին ոչ ·ոյ հոտ նե­խոյ ի նեխեալ սերմանէ, այլ լի են միտք իւր խնդութեամբ, եթէ պարարին միտք ի հոտոյ անդաստանաց»: Մամբ. Վերծ., 27:

[5] «Արդ հասարակաբար նստաւ Միածինն յերկինս ի վերայ քերովբէից եւ յերկրի` ի նուս կենդանեաց. անդ` արարչաբար եւ համապատուապէս, աստ` մերունական աս­տուա­ծացեալ կերպիւ եւ անանջատելի ի Հօրէ, բոլոր յԵրրորդութենէն, ·ոլով եւ անորոշ յերկրէ». Անդ իմանալի տեսութեամբ եւ բոլոր աստուածութեամբ սերովբէիցն երեւի. աստ զ·ալի բնութեամբ շօշափելի եւ է ամենայն յամենայնի եւ լնու զամենայն պարս ոլորապէս, որոյ երկին թզաւ եւ երկիր քլաւ»: Մամբ. Վերծ., 63, 71:

Արշակ Տեր Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս