Ովքե՞ր են հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ քաղաքացիների վրա նետված լուսաձայնային նռնակների համար պատասխանատու բարձրաստիճան ոստիկանները
Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը:
Այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ չկաշկանդեց ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, ով նախ՝ իր ելույթում ընկավ հիստերիկ նոպաների մեջ, ապա արեց այնպիսի թափանցիկ ակնարկներ դրսում գտնվող ոստիկանական ուժերի համար, որ վերջիններս հասկացան՝ կանաչ լույսը վառված է, պետք է ջարդել: Ջարդեցին՝ ակնհայտ անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ կիրառելով: Մարդկանց վրա ու նրանց ուղղությամբ էին նետվում լուսաձայնային նռնակներ՝ ակնհայտորեն չպահպանելով դրանց կիրառման կանոնները: Էլ չենք խոսում այն մասին, որ կիրառվել են «Զարյա» նռնակներ, ինչի իրավունքը ոստիկանությունն այդտեղ ու այդ ժամանակ չուներ:
«Հունիսի 12-ին ոստիկանությունը կիրառեց առնվազն 20 լուսաձայնային «Զարյա» տեսակի նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում և մարդուց նվազագույնը 2․5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Ոստիկանությունն իր սպառազինության մեջ ուներ նվազ վտանգավոր հատուկ միջոցներ, օրինակ՝ փշալարային պատնեշ կամ ջրանետ մեքենա, որը կայանած է եղել հավաքի վայրից ոչ հեռու»,- գրված է Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի համատեղ զեկույցում, որի բոլոր տեղեկություններն ամրագրված են տեսանյութերով ու այլ փաստական տվյալներով:
Ցայսօր հունիսի 12-ի դեպքերով կալանավորված քաղաքացիներ կան, ովքեր միգուցե ի պատասխան անմարդկային մարդաորսի ու խոշտանգումների, ոստիկանների ուղղությամբ դատարկ պլաստիկե շիշ են նետել, սակայն քաղաքացիներին խոշտանգող, մասնավորապես՝ արցախցիներին խմբային պատկանելության, նրանց ծագման հիմքով անմարդկային կտտանքների ենթարկող որևէ ոստիկան չի պատժվել: Բնականաբար, մինչև օրս հայտնի չեն՝ ովքե՞ր և ինչո՞ւ են տվել հատուկ միջոցների կիրառման հրամանները:
168.am-ը դեռևս հունիսի 12-ի դեպքերից մի քանի օր անց հարցում էր ուղարկել ՀՀ ՆԳՆ՝ ցանկանալով, ի վերջո, իմանալ՝ թե ո՞ւմ հրամանով և ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով են հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանության զորքերը հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ, որո՞նք են հատուկ միջոցների կիրառման իրավական հիմքերը:
Մեր հարցմանը պատասխանելու համար ՆԳՆ-ն հավելյալ 30 օր ժամանակ խնդրեց: Սահմանված ժամկետում էլ ստացանք ՆԳՆ պատասխանը, որը պատասխան չէր, իհարկե, մեր հարցերին, բայց որոշակի տեղեկատվություն մենք մեզ համար, այնուամենայնիվ, քաղեցինք:
«Ի պատասխան Ձեր 14.06.2024թ. հարցման՝ ներկայացվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատարության տրամադրած տեղեկատվությունը, որ մատնանշված դեպքերի կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ, ուստի խնդրվում է համապատասխան տեղեկատվությունը ստանալու համար դիմել քննչական մարմնին»,- ասված էր ՆԳՆ-ից ստացված պատասխանի մեջ:
Այս պատասխանից ակնհայտ էր, որ հարցի հասցեատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատարությունն է՝ իր ղեկավար Հայկ Բաբայանով, իսկ վերջինիս անմիջական հրամանատարը ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն է:
Այսինքն՝ գեներալ Հովհաննիսյանը հրահանգել է նետել լուսաձայնային նռնակները, իսկ տառացիորեն այդ դեպքերից օրեր առաջ գեներալ-մայորի կոչում ստացած Հայկ Բաբայանը՝ կատարել:
Այստեղ կրկին տեղին է ևս մեկ անգամ հիշել հունիսի 17-ին հրապարակված ՔԻՀԿ զեկույցը:
«Լուսաձայնային նռնակների կիրառումից անմիջապես առաջ կատարված տեսագրությունում երևում է, թե ինչպես են ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իրար հետ զրուցում։ Անմիջապես դրանից հետո Հ. Բաբայանը ձեռքի շարժումներով իր մոտ է կանչում այլ ոստիկանների և ցույց տալիս այգու դարպասի ուղղությունը։ Այնուհետև, ոստիկաններն իրար են փոխանցում նռնակը, դիրքավորվում և նետում այգում կանգնած խաղաղ ցուցարարների ուղղությամբ։ Նռնակները նետվում են ոստիկանապետի և զորքերի հրամանատարի խոսակցությունից ուղիղ 20 վայրկյան անց՝ 20 վայրկյան անց՝ նրանց մոտ գտնվող ոստիկանների կողմից»,- ասվում է ՔԻՀԿ զեկույցում:
168.am-ն, այնուամենայնիվ, դիմեց Քննչական կոմիտե (ՔԿ)՝ փորձելով ՆԳՆ-ից չստացած մեր հարցի պատասխանը ստանալ այդ կառույցից, ուր և մեզ ուղղորդել էին ՆԳՆ-ից:
«Հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ինչպես ոստիկանության գործողությունների, այնպես կիրառված հատուկ միջոցների համաչափության և իրավաչափության հանգամանքները քննության առարկա են այդ առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Հատուկ միջոցների տեսակների, կիրառելիության թույլտվության և այլնի հետ կապված հարցերը այս պահին պարզաբանման ենթակա չեն, քանի որ նախաքննությունը շարունակվում է, և նման տվյալները նախաքննական գաղտնիք են հանդիսանում»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Այնպես որ, պետք չէ մեծ գաղտնիք դարձնել ակնհայտը: Քաղաքացիների վրա լուսաձայնային նռնակներ նետելու հրաման տվել է անձամբ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, հաճույքով հրամանը կատարել է ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:
Հ.Գ. Ի դեպ, օրերս ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց հատուկ միջոցների սխալ կիրառման, մի քանի լուսաձայնային նռնակ նետելու հրաման տալու համար: