«Փաշինյանը ժողովրդի վախը բռնել է. նա իշխանությունը պահում է Ալիևի աջակցության շնորհիվ». Տաթևիկ Հայրապետյան
«Փաշինյանը ժամանակին ասում էր՝ Արցախի հարցում նշաձող են իջեցնում, որպեսզի բացառիկ կոնսոլիդացիա ապահովեն իրավունքների և անվտանգության շուրջ. 2 տարի հետո Արցախում հայ չի ապրում: Ինքն առհասարակ այդ թեմայով չի խոսում: Այնպես որ, դա նրա քաղաքական գիծն է՝ ասել կիսաճշմարտություններ և դրանից հետո մարդկանց կանգնեցնել փաստի առաջ, որից այն կողմ մարդիկ այլևս ոչինչ չեն կարողանա անել: Բոլորը հիմա խոսում են սահմանազատման մասին, բայց այստեղ գործընթաց չկա, որովհետև ո՛չ նորմալ քարտեզների շուրջ են կոմպրոմիսի եկել, ո՛չ միջնորդներ ունեն, ո՛չ միջազգային որոշակի մեխանիզմներ ունեն, ուղղակի կան պայմանավորվածություններ, որոնք արվել են համատեղ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նկատելով՝ Փաշինյանը ժողովրդին սպառնում է պատերազմով:
Հայրապետյանը նշեց, որ երբ «Իմ քայլը» խմբակցության ցուցակով պատգամավոր էր, Փաշինյանը երբևէ փակ նիստերում Արցախի վերաբերյալ չի ասել այն ամենը, ինչ ասում է հիմա. «Քննարկումներ եղել են, թե արդյո՞ք արժեր հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և այլն, բայց իր համոզմունքներով առաջ է գնացել: Հիմա, երբ փորձում է ամբողջությամբ այլ իրողություն ներկայացնել, կրկին ստում է, որովհետև նախ՝ Արցախն Ադրբեջան չի եղել, Ադրբեջան ճանաչել է Նիկոլ Փաշինյանը, իսկ միջազգային տերմինաբանության մեջ դա կոչվում էր վիճելի տարածք կամ հակամարտության գոտի: Եթե Արցախն Ադրբեջան լիներ, առհասարակ, ոչ 30 տարվա բանակցություն կլիներ, ոչ էլ պատերազմ կլիներ: Ալիևը դրա մասին պարզ խոսել է՝ ասելով, որ տասնամյակներով իրենց առաջարկվել են լուծումներ, բայց ինքը չի գնացել այդ լուծումներին, այսինքն՝ պարզ ասել է, որ չկար նման տրամաբանություն: Ասել, որ Արցախն Ադրբեջան է եղել, կատարյալ սուտ է: Արցախը հիմա էլ Ադրբեջան չէ, ուղղակի Ադրբեջանը փորձում է հայկական հետքն Արցախից մաքրել, և բոլորը դա շատ լավ հասկանում են»:
Ըստ նրա՝ Փաշինյանի հայտարարությունների նպատակն այն է, որ վերջնականապես Արցախի հարցը գնա պատմության գիրկը, և այլևս որևէ մեկը հնարավորություն չունենա դրա շուրջ խոսելու. «Տեսեք, միջազգային դատարաններում հայցեր կան Ադրբեջանի հետ կապված, Ադրբեջանը նաև մեղադրվում է ռասիստական պետություն լինելու մեջ, և եթե ուշադիր լինեք, վերջին շրջանում Ադրբեջանը շատ է ակտիվ խոսում, որ Հայաստանը պետք է այդ հայցերը ետ կանչի, Հայաստանն էլ չի բացառում այդ հնարավորությունը: Ես ունեմ ոչ անհիմն մտավախություն, որ Հայաստանը կարող է գնալ այդ ճանապարհով. դա առհասարակ, շատ մեծ վնաս է տալու պետությանը, և մենք՝ որպես պետություն, հետո չենք կարողանալու Ադրբեջանի դեմ նման հայց ներկայացնել՝ այդ ապացուցողական բազայով: Հայկական կողմն ասում է, թե Ադրբեջանն էլ հետ կքաշի, բայց Ադրբեջանը ոչ մի ապացուցողական բազա չունի, նրան հարմար կլինի ինչ-որ բաներ հետ քաշել, բայց Հայաստանն ունի հսկայական ապացուցողական բազա: Ալիևի ելույթներում ատելության խոսքի պակաս չկա, իսկ Հայաստանի որևէ ղեկավարի խոսքից չեն կարող գտնել պետական մակարդակով քարոզվող ատելություն: Առհասարակ, այս իշխանությունների գործողությունները ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ իրենցից հետո եկող իշխանությունների հնարավորությունները լինեն խիստ սահմանափակ»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են շահում գործող իշխանությունները նման քաղաքականություն վարելուց:
«Ալիևի աջակցությունը. Փաշինյանն իշխանություն է պահում Ալիևի աջակցության շնորհիվ: Եթե մարդկանց համոզում են, որ՝ սա զիջեցինք, սահմանին չեն կրակում, կարող է այդ միջազգային ակտերից հրաժարվեն և պայմանական կես տարի էլ չկրակեն, կասեն՝ տեսեք՝ մենք խաղաղություն ենք բռնել: Այսինքն՝ ինքը պատերազմով, կոպիտ ասած, ժողովրդի վախը բռնել է, և դա շարունակ օգտագործում է ժողովրդի դեմ: Մինչդեռ Ադրբեջանում կա բոլորովին այլ իրողություն. Եթե Ադրբեջանն այսօր անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ մեր երկիրը կոչում է Արևմտյան Ադրբեջան, և դա մնում է անարձագանք, դա նշանակում է, որ Հայաստանում ուղղակի կոծկում են իրականությունը»,- ի պատասխան՝ ասաց նա՝ ընդգծելով, որ Ալիևի ելույթներում հնչող ձևակերպումները նույնությամբ կրկնվում են Նիկոլ Փաշինյանի խոսքում:
«Իր իշխանության պահպանման համար Փաշինյանը բավարարում է Ադրբեջանի ցանկությունները: Ինքը հասկացել է, որ պատերազմող չէ, որ պատերազմից ոչինչ չի հասկանում, բանակցություններից էլ ոչինչ չի հասկանում, ու հասկացել է, որ ինքը շատ է սիրում իշխանություն, և փնտրել գտել է իշխանության պահպանման ճանապարհը: Ադրբեջանն այնտեղից իրեն աջակցություն կցուցաբերի, ինքը կփորձի ժողովրդին հիմարացնել»,- ասաց նա:
Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ արդեն ակնհայտ էր, որ Փաշինյանը հանձնվել է և որևէ բան չի պատրաստվում անել. «Բարդ իրավիճակ է ՔՊ-ի ներսում: Ինձ թվում էր, որ հնարավոր է ռացիոնալ հատիկ գտնել այդ կուսակցության մեջ, կամ հենց իրեն ասել, որ հեռանա: Ես տեսնում էի հնարավորություն՝ ներսում հասնելու Փաշինյանի հեռացմանը, բայց երբ հասկացա, որ դա անհնարին է, դրանից հետո նախընտրական շրջան էր, ԵԽԽՎ-ում գերիների թեման էր, ես մի քանի ամսվա համար չէի ուզում դուրս գալ խմբակցությունից, թեպետ բոլորի համար ակնհայտ էր իմ որոշումը: 2021 թիվը ջրբաժան էր, որովհետև արդեն հասկացա խաղի կանոնները: Երբ դու 2018-ին մտել ես թիմ, խաղի կանոնները չես իմացել, որովհետև հավաքած թիմ էր, մարդիկ տարբեր էին, խաղի կանոնները չգիտեիր:
Բայց երբ նույն 44-օրյա պատերազմից հետո հասկանում ես, որ այս մարդը քո հետ ոչինչ չի խոսելու, չի քննարկելու, որոշում է կայացնելու՝ խորհրդակցելով խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ՝ բացի սեփական ֆրակցիայից, և դու դառնալու ես այդ որոշման առաջին կրողն ու պատասխանատուն, որովհետև մարդիկ քեզ են տեսնում փողոցում, հասկանում ես, որ այդ խաղի կանոնը քեզ համար ընդունելի չէ, որոշումների կայացման ձևն ու կայացված որոշումներն էլ ընդունելի չեն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում