Ես չեմ ամաչում իմ որևէ ֆիլմից. Ջաֆար Փանահի
14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո իրանցի հանրահայտ ռեժիսոր Ջաֆար Փանահին հյուրընկալվել է «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնին՝ մեծ տոն նվիրելով Հայաստանի երկրպագուներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արգելված համարվող վարպետի հանդիպումն արվեստասերների հետ տեղի ունեցավ նրա ծննդյան օրը՝ հուլիսի 11-ին։
«Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանն ասաց՝ կա մի լեգենդ, ըստ որի՝ այն շրջանում, երբ Փանահիին թույլատրված չի եղել ֆիլմեր նկարահանել, նա կարողացել է նկարել «Սա ֆիլմ չէ» կինոնկարը։ Դա եղել է այն շրջանում, երբ ռեժիսորը փառատոնների հետ կապ հաստատելու հնարավորություն չի ունեցել, սակայն իր ստեղծած կինոնկարը USB-ի օգնությամբ դրել է փանքեյքի մեջ և այն ուղարկել փառատոնի, որտեղ ֆիլմը մրցանակի է արժանացել։
Հանդիպման կազմակերպիչներն ու երկրպագուները ռեժիսորին շնորհավորեցին տոնական տորթով և երգով։ Տորթի մեջ USB-ով տեղադրվելու է երևանյան հանդիպման վիդեոտարբերակը՝ որպես հուշ։
Հանդիպմանը, որ վարեց «Անհնազանդության ակտ» գրքի հեղինակ, հայտնի կինոքննադատ Անտոն Դոլինը, Ջաֆար Փանահին շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին մասնակցության համար։ Ռեժիսորը խոստովանեց՝ 15 տարի անց բավականին բարդ է լսարանի առաջ ելույթ ունենալը։ «Կինոգործչի աշխատանքը ֆիլմեր ստեղծելն է։ Ես ամեն բան ասում եմ իմ կինոնկարների միջոցով և այլ ասելիք չի մնում, բացատրությունների, պարզաբանումների կարիք չի լինում։ Ինձ համար հաճելի փորձառություն է երկար բացակայությունից հետո կրկին լսարանի առաջ լինելը, ինչի համար շնորհակալ եմ «Ոսկե ծիրան»-ին»,-նշեց Փանահին և հավելեց՝ լեգենդը, որի մասին խոսվեց, չի համապատասխանում իրականությանը։ Նա ընդգծեց՝ ֆիլմն արտերկիր ուղարկելու խնդրի առաջ է կանգնել, սակայն կարողացել է դա անել փոքրիկ USB-ի օգնությամբ։ Ռեժիսորի խոսքով՝ միայն այդ հատվածն է իրական։
Ջաֆար Փանահին կարծում է՝ վատ ֆիլմեր չկան. խնդիրը ճաշակն է։ «Ամենակարևորը քո տեսակետն է և այն, թե ինչպես ես տեսնում աշխարհը, ինչպես ես տեսնում այն, ինչ քեզ շրջապատում է և հարցը, թե ինչ ես ցանկանում կինոյից. դու մե՞ծ լսարան ես ցանկանում, թե՞ լսարան, որը կգա քեզ մոտ։ Երկու տեսակի կինո կա՝ երբ ռեժիսորն է հարմարվում լսարանին, և երբ լսարանն է հարմարվում ռեժիսորին։ Ֆիլմերի 95 տոկոսը հարմարվում է լայն լսարանին։ Ըստ իս՝ հոլիվուդյան և բոլիվուդյան ֆիլմերի մեծ մասն այդպիսին են։ Ֆիլմերի հինգ տոկոսը նկարահանում են ռեժիսորներ, որոնք ասում են. «Ես աշխարհն այսպիսին եմ տեսնում և ցանկանում եմ, որ դու գաս և հասկանաս այն»։ Դա արդեն արվեստ է»,-հավաստիացրեց Փանահին։
Ռեժիսորը համոզված է՝ կինոարվեստը շատ գաղտնիքներ ունի, ահա թե ինչու կինոգործիչները պատրաստ են ամեն բան մի կողմ դնել ու փորձել բացահայտել այդ գաղտնիքները, անել այն, ինչին հավատում են։ «Ես չեմ ամաչում իմ նկարահանած որևէ ֆիլմից։ Միշտ պատրաստ եմ եղել հաղթահարել բոլոր խնդիրներն ու դժվարությունները։ Երբ ոլորտի մարդ չես, բավականին բարդ է թվում սահմանափակումների պարագայում ֆիլմ ստեղծելը, բայց երբ ներսում ես, կենդանի մնալու ճանապարհներ ես գտնում»,-շեշտեց Ջաֆար Փանահին։
Նրա կարգավիճակի, կինոարվեստում ունեցած մեծ դերի շնորհիվ անգամ ամենաբարդ ժամանակներում եղել են արտերկրից պրոդյուսերներ, որոնք առաջարկել են համագործակցել Փանահիի հետ, սակայն ռեժիսորը միշտ ասել է՝ մինչ ֆիլմ ստեղծելը չի ցանկանում աշխատել որևէ պրոդյուսերի հետ։ Նա ռիսկի է ենթարկել իր կյանքը ֆիլմեր նկարահանելու համար։ «Եթե համագործակցես պրոդյուսերների հետ և այնպես ստացվի, որ չհավանես ֆիլմդ, գոհ չլինես արդյունքից, ստիպված ես լինելու նրանց պատասխան տալ, իսկ եթե քո կինոնկարն է, և չես հավանում այն, կարող ես այն չցուցադրել, չստորագրել դրա տակ։ Նման խնդիրներից խուսափելու համար չեմ ընդունել որևէ առաջարկ։ Աշխատել եմ շատ քիչ մարդկանց, ընկերների հետ, որոնց շարժառիթը գումարը, շահույթը չեն եղել։ Եղել են արտիստներ, որոնց անգամ չենք վճարել։ Մի խոսքով՝ ամենակարևորը ճիշտ և լավագույն թիմն ունենալն է։ Երբ թիմը ներդաշնակ է, համերաշխ է, կինոն պատկանում է թիմի անդամներից յուրաքանչյուրին»,-հավաստիացրեց հանրաճանաչ ռեժիսորը, որի ֆիլմերի հաջողությունը նրան միշտ հնարավորություն է տվել գումար գտնել հաջորդ կինոնկարի համար։
Ազատության մեջ Փանահին կարողացել է տեսնել այն, ինչ կատարվում է հասարակության մեջ, ինչն էլ արտահայտվել է նրա ֆիլմերում, սակայն հետո, երբ հնարավորություն չի ունեցել տեսնելու աշխարհը, այն տեսել է իր մտքում։ «Սա ֆիլմ չէ» կինոնկարում ռեժիսորին ասում են, որ այլև չի կարող ֆիլմեր նկարահանել։ «Այդ ժամանակ մտածեցի՝ կնկարահանեմ ֆիլմ, որը ֆիլմ չէ։ Սկսեցի ամենակարևորից՝ ես իմ տանն եմ և կարող եմ այստեղ կինո նկարել։ Հրավիրեցի ընկերներիս և սկսեցինք աշխատել։ Շատ ուժեղ, լուրջ շարժառիթ ունեի։ Երիտասարդ կինոգործիչները, ուսանողները հաճախ էին գալիս իմ տուն և բողոքում, որ չեն կարողանում ֆիլմ նկարել։ Ցանկացա նրանց ապացուցել, որ կարող են, ցանկացա ցույց տալ, որ ցանկության դեպքում կարող են ուղիներ գտնել։ Պարտադիր չէ մեծ տեսախցիկ ունենալ, եթե հնարավոր է աշխատել նաև հեռախոսով։ Կարևորը միտքն է, կարևորը գաղափարն է, որոնց բացակայության դեպքում լավագույն տեսախցիկն անգամ չի կարող օգնել ձեզ»,-ասաց Փանահին։
Նույն տրամաբանությամբ Փանահին նկարահանել է «Տաքսի» կինոնկարը։ Հասկանալով, որ չի կարող բացահայտ ֆիլմեր նկարահանել՝ որոշել է տաքսի վարել և նկարել իր ուղևորներին։
Փանահին, Աբաս Քիառոստամին, Մոհսեն Մախմալբաֆին, Դարիուշ Մեհրջուին և այլ վարպետներ պատասխանատու են 1980-1990-ականների իրանական կինոյի մեծ վերելքի համար, որի արձագանքները լսելի են առ այսօր։
Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։
Չնայած տնային կալանքին՝ Փանահին շարունակել է ստեղծագործել անգամ, երբ նրան պաշտոնապես արգելված էր ստեղծագործել, և այս ազատատենչ աշխարհայացքն ակներև է նաև նրա ֆիլմերի ինչպես թեմաներում, այնպես էլ հատկապես սահմաններ չճանաչող ոճային բացառիկ նորարարական լուծումներում։
Հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ցուցադրվեց ռեժիսորի «Օֆսայդ» կինոնկարը, որը 2006-ին Բեռլինի փառատոնին արժանացել է «Արծաթե արջ» մրցանակին։
Ռեժիսորը, որ ներկա էր ցուցադրությանը, ասաց, որ այն նվիրում է ազատության համար պայքարողներին։
Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 7-14-ը հանրությանն է ներկայացնում մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր Կաննի, Բեռլինի և այլ փառատոններից: Ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվում են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնն առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Փառատոնն այս տարի հյուրընկալել է այնպիսի ականավոր հյուրերի, ինչպիսիք են՝ կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ալեքսանդր Փեյնը, ամբողջ աշխարհում Փարաջանովի դեսպանը համարվող ռեժիսոր Տարսեմ Սինգհը, կինոյի աշխարհում Հայաստանի դեսպան Ատոմ Էգոյանը, թատրոնի և կինոյի աշխարհահռչակ դերասան օսկարակիր Քևին Սփեյսին։ Հյուրերից յուրաքանչյուրը բաց հանդիպում կունենա կինոյի երկրպագուների հետ, որոնց ընթացքում հնարավոր կլինի նաև հարցեր ուղղել նրանց։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի