Պահապան հրեշտակը պահպանում է փոքրիկներին
– Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել:
– Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով մյուսի գլխին խփել ու արդեն նշան էր բռնել: Երկրորդ երեխան չէր տեսել վտանգը: Եվ ահա, վերջին ակնթարթին, հավանաբար նրա Հրեշտակն այնպես արեց, որ փոքրիկն ինչ-որ բան տեսավ, մի կողմ ցատկեց ու քարը նրա գլխի կողքով թռավ:
Իսկ մի մայր էլ, մի անգամ, գնաց դաշտում աշխատելու և նորածնին իր հետ վերցրեց: Կրծքով կերակրելուց հետո՝ դրեց նրան օրորոցի մեջ ու գնաց աշխատելու: Երբ մի որոշ ժամանակ անց մոտ եկավ տեսնելու, թե ինչպես է մանկիկը՝ ապա տեսավ, որ նա ձեռքում մի օձ է բռնել ու հետաքրքրությամբ զննում է: Երբ մայրը երեխային կերակրում էր կրծքով՝ բերանի շուրջը կաթ մնաց: Եվ ահա օձն էլ մոտ սողաց երեխային ու սկսել կաթը նրա երեսից լիզել: Նորածինն էլ բռնեց օձին: Դա տեսնելով՝ մայրը բղավեց, երեխան վախեցավ, բացեց ձեռքն ու օձը հեռացավ: Աստված պահպանում է երեխաներին:
– Հա՛յր, այդ դեպքում ինչո՞ւ են շատ երեխաներ տառապում հիվանդություններից և այլ դժբախտություններից:
– Աստված գիտի, թե յուրաքանչյուր մարդու համար ինչը օգտակար կլինի և դրա համեմատ ամեն անհրաժեշտը տալիս է նրան: Նա մարդուն չի տալիս մի բան, որ օգուտ չի բերելու: Օրինակ, երբեմն Նա տեսնում է, որ ֆիզիկական թերությունը կամ արատը մեզ ավելի շատ կօգնի, քան, եթե Նա պահպաներ մեզ այդ արատից կամ առողջ և անվնաս պահեր:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի