Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինսը» հրապարակել է Խաչատրյանների գործով ԱՄՆ անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքները

Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինսը» հրապարակել է Խաչատրյանների գործով ԱՄՆ անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքները

Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» (Vinson & Elkins LLP) իրավաբանական ընկերությունը հրապարակել է գործարարներ` Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ԱՄՆ-ում դատական գործի բարենպաստ հանգուցալուծման մասին հաղորդագրություն: Հաղորդագրությամբ, մասնավորապես, ներկայացվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքներ:

Հաղորդագրությամբ արձանագրվել է, որ ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։ Նաև անշարժ գույքի մասով նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները, Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Մասնավորապես, մեջբերում ենք թարգմանությամբ.

«2024 թվականի հունիսին «Վինսոն և Էլկինսը» ապահովել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) կողմից իրականացվող հանրային նշանակության հետաքննության կարճումը, որը ներառել է Արդարադատության դեպարտամենտի ներկայացրած բոլոր պահանջների բարենպաստ հանգուցալուծումը հօգուտ «Վինսոն և Էլկինսի» պաշտպանյալներ Արտյոմի Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և նրանց ամերիկյան ընկերության՝ WRH, Inc.-ի: Վերոնշյալ գործով Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի օրինական ձեռքբերման և կառուցապատման վերաբերյալ:

Ինչպես պարզաբանվել է ներկայացված փաստաթղթերով, Խաչատրյանների ընտանիքը ի սկզբանե գնել է Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը և սկսել կառուցապատումը 2011 թվականին: 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո, Խաչատրյաններն անարդարացիորեն թիրախավորվել են նոր իշխանության կողմից, և նրանց օրենքով երաշխավորված իրավունքները կասկածի տակ են դրվել: 2022 թվականի հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի անշարժ գույքը՝ այդ մասին թափանցիկորեն տեղեկացնելով կառավարությանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլին Արդարադատության դեպարտամենտը, ստանալով ՀՀ կառավարությունից ակնհայտ քաղաքական դրդապատճառներ ունեցող միջնորդություն, ԱՄՆ Կենտրոնական շրջանի Կալիֆորնիայի շրջանային դատարան է ներկայացրել Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ: «Վինսոն և Էլկինս» ընկերությունը Խաչատրյանների անունից անմիջապես ներկայացրել է սեփականության ճանաչման պահանջ՝ միջնորդելով մերժել Կառավարության բողոքը: Այնուհետև, դատարանի որոշմամբ կասեցվել է Կառավարության պահանջի հիման վրա քննվող բռնագանձման գործը՝ հնարավորություն տալով ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին իրականացնել հետաքննություն:

Վերջին երկու տարիների ընթացքում «Վինսոն և Էլկինս» ընկերությունը ամբողջովին աջակցել է Արդարադատության դեպարտամենտի կողմից իրականացվող հետաքննությանը՝ կառավարությանը ատիվորեն տրամադրելով հասանելիություն ծավալուն նյութերին, բանկային արձանագրություններին, ինչպես նաև ապահովել է հասանելիություն վկաների ցուցմունքներին: Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում, Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված պարտավությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,-ասված է հայտարարության մեջ:

Այն նաև նշում է, որ սույն գործով Խաչատրյանների շահերը ներկայացրել է «Վինսոն և Էլկինսի» թիմը` Եֆրեյմ (Ֆրայ) Վերնիկի գլխավորությամբ։ Գործընկերներն են եղել` Քրիստոֆեր Վ. Ջեյմսը, օգնականներ՝ Փիթեր Թ. Թոմասը և Ռոբերտ Վունը, Էլիզաբեթ Ա. Մեթյուսը, Նատալի Ֆարագը:, Կարինա Ա. Պերիերան, Քեթրին Գալվին և Դենի Քիմը։

Նշենք, որ Խաչատրյանների փաստաբանական խումբը հորդորում է ներկայացնել գործի հանգամանքներն ամբողջական` առանց հանգամանքների խեղաթյուրման, քանի որ հանրություն իրավունք ունի ստանալու օբյեկտիվ և ամբողջական լրատվություն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս