61-ամյա տղամարդը փորձել է սպանել քնած վիճակում գտնվող քրոջ ամուսնուն
Աստղիկ բժշկական կենտրոնից 2024 թվականի հուլիսի 8-ին ժամը 07։14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետևանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ, շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է նշված անձի, ինչպես նաև վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։
«2024 թվականի հուլիսի 8-ին ժամը 06։30-ի սահմաններում Երևան քաղաքի Վանթյան փողոցում գտնվող տանը 61–ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է քնած վիճակում գտնվող քրոջ ամուսնու կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել ․ քույրը և վերջինիս ամուսինը արթնացել են և դանակը ձեռքից վերցրել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 61–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: