Ընկերությունը դիմել է դատարան. Կառավարությունից արձագանք չկա, Էկոնոմիկայի նախարարի այցից հետո էլ արձագանք չկա. Վարդենուտի վարչական ղեկավար
Հունիսի 24-ին Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները կրկին փակել էին Երևան-Ապարան ճանապարհը: Բողոքի ակցիան Կառավարության ընդունած որոշման դեմ էր, ըստ որի՝ գյուղից 110 հեկտար հողատարածքը գերակա շահ ճանաչելով՝ վաճառում է, իսկ բնակիչներին դրա դիմաց վճարվում է 300 դրամ՝ յուրաքանչյուր 1 քմ-ի համար։
Ճանապարհը մի քանի ժամ փակ պահելուց հետո, հենց բնակիչներն էլ բացել էին՝ պայմանով, որ չեն դադարեցնելու բողոքի ակցիաները, մինչև Կառավարությունը հարցին լուծում չտա։
Կառավարությունն այս որոշումն ընդունել էր նախորդ տարի, հավանություն տալով «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծմանը և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելուն։
168.am-ի հետ զրույցում Վարդենուտ գյուղի վարչական ղեկավար Կամո Սահակյանն ասաց՝ խնդիրը որևէ կերպ լուծում չի ստանում։
«Նույն վիճակն է, ընկերությունը դիմել է դատարան՝ փորձում են դատական կարգով հարցը լուծել։ Ընկերությունն ասում է՝ ես օրենքով եմ շարժվում։
Կառավարությունից որևէ արձագանք չկա։ Ճանապարհը փակեցին, կրկին որևէ արձագանք չեղավ, Էկոնոմիկայի նախարարը եկավ, դրանից հետո էլ որևէ փոփոխություն չեղավ, մենք ի՞նչ կարող ենք անել»,- նշեց Կամո Սահակյանը։
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մարդիկ այս տարի իրենց ցանած բերքը կհավաքեն, իսկ հաջորդ տարի արդեն այդ հողերը մշակելու իրավունք չեն ունենա։
«Կան վարելահողեր և բնական խոտհարքներ։ Վարելահողերում բնակիչները տարբեր կուլտուրաներ են ցանել՝ ցորեն, գարի, կարտոֆիլ, համատարած շարային կուլտուրաներ են մշակում այստեղ։ Դե, մենք ընկերությունից ճշտել էինք, մեզ փոխանցել էին, որ այս տարի կարող են տվյալ հողերը մշակել, դրա համար էլ բնակիչները մշակում են»,- ընդգծեց Կամո Սահակյանը։
Ի դեպ, ՌԻԴ ընկերությունը բնակիչների տարբեր բողոքի ակցիաների վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նախորդ ամիս՝ իր տարածած հայտարարության մեջ նշելով, որ բնակիչները փորձում են անազնիվ ու շանտաժի մեթոդներով լրացուցիչ օգուտներ ստանալ:
«Գերակա շահ ճանաչված հողամասերի գները որոշվել են արտոնագրված գնահատողի կողմից ներկայացված գնահատման հաշվետվությունների համաձայն: Դրանց կազմման համար հիմք է ծառայել Կադաստրի կոմիտեից ստացված պաշտոնական տեղեկատվությունը վերջին տարիների ընթացքում կատարված գործարքների վերաբերյալ: Եթե համայնքի բնակիչները համաձայն չեն հողամասերի արժեքի գնահատման հետ, ինչո՞ւ նրանք չեն հրավիրում արտոնագրված մեկ այլ գնահատողի: Իրականությունն այն է, որ գնահատումները կլինեն նույնը, քանի որ դրանք կատարվում են միևնույն չափորոշիչների հիման վրա: Ուստի ակնհայտ է, որ փորձ է կատարվում անհիմն գումարներ շորթել և ապօրինաբար հարստանալ: Պետք է նշել նաև, որ, օրենքի համաձայն, հողամասերը գնահատվել են կառավարության կողմից դրանք գերակա շահ ճանաչվելուց առաջ, և այժմ գների փոփոխությունն օրենքով անթույլատրելի է»,- նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ: