«Հողը մեզանից խլում են, մեզ դարձնում են «բոմժ». Փաշինյանին ընտրել եմ, որ գա հողը մեզանից խլի՞». Աշոտ Զաքարյան
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները, որոնց հողերը պետությունը գերակա շահ է ճանաչել, վերջին շրջանում դադարել են Կառավարության մոտ բողոքի ակցիաներ անել։
Հասկացել են՝ պատկան մարմինները խնդիրներն իրենցից հեռացրել են, Նիկոլ Փաշինյանն էլ առհասարակ նրանց չի ընդունում, Էկոնոմիկայի նախարարն էլ ասել է՝ հարցն իր տիրույթում չէ, հետևաբար՝ ոչինչ անել չի կարող։
«Եթե մենք երկրի ղեկավարություն չունենք, առանց իշխանության ենք, գանք Կառավարության մոտ ի՞նչ անենք, եթե անտեր ենք, ինքներս մեր խնդիրը կլուծենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վարդենուտի բնակիչ Աշոտ Զաքարյանը։
Խոսքը վերաբերում է գյուղից 110 հեկտար հողատարածքին, որը վաճառում են «ՌԻԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն ստեղծելու և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրն իրականացնելու համար։
Բնակիչներին յուրաքանչյուր 1 քմ հողի դիմաց վճարում են 300 դրամ, ինչը, նրանց խոսքով՝ շատ քիչ է, այդ գումարով իրենք չեն կարողանալու այլ վայրում հողատարածք գնել։
Աշոտ Զաքարյանի խոսքով՝ «ՌԻԴ» ընկերությունը հարցը լուծելու համար արդեն դիմել է դատարան։ Այս պահին նախնական լսումներ են ընթանում, որին ինքը չի մասնակցում, երկու անգամ դատարանից եկած ծանուցագիրը չի վերցրել՝ մերժել է։
«Այս հարցի հետ կապված միշտ նորություններ լինում են, բայց ոչ լավը՝ մեզ համար։ Դատարանից եկած ծանուցագիրը չեմ վերցնելու, թող գնան՝ տեսնեմ՝ առանց ինձ ինչպե՞ս են իմ հողը վերցնելու։ Գնամ փաստաբան վարձե՞մ, ինչպե՞ս վճարեմ փաստաբանին, ես գյուղացի մարդ եմ։ Լավ, ինչո՞ւ է Կառավարությունը մեզ դրել այս մեծ բեռի տակ, չէ՞ որ մենք այս պետության քաղաքացի ենք, եթե իմ հողն ինձանից այսօր խլում են, փոխարենն ի՞նչ են առաջարկում, կոպեկնե՞ր։
1991 թվականից այդ հողն իմ սեփականությունն է, հիմա հանկարծ որոշել են, որ գերակա շահ է, Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն էլ ասում էր, թե ժամանակին սխալ են տվել հողեր։ Ստացվում է, որ 30 տարուց ավելի մշակում էինք, հիմա հանկարծ հասկացան, որ սխալ են բաժանել հողերը։ Բոլորը «կռուտիտ» են լինում, ստում են ու ստում»,- հավելեց Աշոտ Զաքարյանը։
Նրա խոսքով, թե՛ իշխանության, թե՛ ընկերության ներկայացուցիչները, տարբեր ճանապարհներով փորձում են իրենց լռեցնել՝ լավ աշխատանք, լավ գումար խոստանալով։ Ոմանք, իհարկե, լռել են, ոմանք՝ առաջարկները մերժել։
«Մենք տարիներ շարունակ այս գյուղում ենք ապրում՝ շնորհիվ այս հողի, որովհետև դա է մեր եկամտի միակ միջոցը, հիմա հողը մեզանից խլում են, մեզ դարձնում «բոմժ» ու գցում դրսերը։ Կրկնում եմ, ես այնպիսի անձնավորություն եմ, որ թքեցի՝ թքեցի, Նիկոլ Փաշինյան չէ, ընկերություն չէ, ով ուզում է լինի՝ իմ հողը չեմ տալու։
Ինձ ասում են, ինչո՞ւ ես Կառավարությունից բողոքում, այսինքն՝ բա ի՞նչ անենք՝ լռեն՞ք։ Երկու անգամ Նիկոլ Փաշինյանին եմ ընտրել, բերել ենք իշխանության, որ գա հողը մեզանից խլի՞։
Նիկոլ Փաշինյանը մեզ կատեգորիկ Կառավարության շենքում չի ընդունում, Գևորգ Պապոյանն էլ ասում է՝ իմ ձեռքին բան չկա, լավ, այ մարդ, բա այս մարդու ձեռքում է, չէ՞, մեր երկրի արդյունաբերության կառավարումը, գյուղատնտեսությունն էլ՝ հետը։ Կամ՝ լավ, որ իր ձեռքին բան չկա, ինչո՞ւ է Կառավարության նիստից հետո գալիս հանդիպման։ Սրանք բոլորը խաբելու վրա է, չեն մտածում, եթե գյուղացին գյուղում մշակելու հող չունեցավ, նա այդ գյուղը թողնելու է՝ հեռանա, ամեն ինչ անում են գյուղերը դատարկելու համար։
Բայց սա իմ երկիրն է, իմ գյուղը, ո՛չ հողս կտամ, ո՛չ էլ գյուղից դուրս կգամ։ Մեզ դարձրել են հոգեկան, «ժիվոյ» կանգնած մարդ ենք, մեր հողը խլում են, սրանք մեր դարդերը քչացնելու փոխարեն՝ նոր դարդ են տալիս։
Մեզ ասում են՝ տուրիզմ ենք զարգացնում, զարգացրեք, բայց ոչ մեր հաշվին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Աշոտ Զաքարյանը նաև ընդգծեց՝ Կառավարությունը ու «ՌԻԴ» ընկերությունը գյուղացուն դրել են «էշի տեղ», ուզում են կոպեկներ վճարել գյուղացուն, իսկ իրենք մեծ շահույթներ ստանան։
«Ասել եմ՝ ինձ չջղայնացնեն, նաֆարիս կտանեմ Կառավարության մոտ, կամ այս ընկերության մոտ կիջեցնեմ, թող պահեն, հոգսերը հոգան, տեսնեմ՝ կկարողանա՞ն։ Թողեք ապրենք, էլի, մեր քրտինքով»,- եզրափակեց Աշոտ Զաքարյանը։