Ռուսաստանին հանե՛ք Հայաստանի տնտեսությունից, տեսե՛ք՝ տակը բան կմնա՞, թե՞ ոչ. ՔՆՆԱՐԿՈՒՄ

2018 թվականից հետո Հայաստանի տնտեսությունն ավելի շատ է կախված Ռուսաստանից. եթե մինչև 2018 թվականը Հայաստան-ԵԱՏՄ առևտրաշրջանառության 7 միլիարդ դոլարի 1.8 միլիարդն էր բաժին ընկնում ԵԱՏՄ-ին, ապա 2024 թվականին այս թիվը 3.5 անգամ աճել է, փոխարենը, եթե Հայաստան-Եվրամիություն առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականին կազմում էր 1.8 միլիարդ դոլար, ապա 2023 թվականին այդ թիվը նվազել է. ստացվում է՝ նախկին իշխանության օրոք էր տնտեսությունը դիվերսիֆիկացված։

168 TV-ում ծավալված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ Վարդան Արամյանը՝ ընդգծելով.

«Եվրամիություն գնալու հնարավորության համար հարթակ էր 2017 թվականին ստորագրած ՍԵՊԱ-ն, որը ֆանտաստիկ քայլ էր. Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ երկիր և օգտվելով այդ միավորի տված հնարավորություններից՝ միաժամանակ ստանում էր հնարավորություն՝ բիզնեսը տրանսֆորմացնելու և դեպի ԵՄ գնալու։ Հիմա, երբ խոսում են կտրուկ շրջադարձի մասին, ապա պետք է հաշվել դրա ծախսերը։ Եթե Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, ապա ԵԱՏՄ-ի պաշտպանիչ վահանները՝ մաքսատուրքերը, մեզ համար աշխատելու են, իսկ դա նշանակում է, որ եթե դա հանգեցնի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման անկման  10 տոկոսի, ինչը մեղմ է ասված, դա արդեն հսկայական թիվ է։ Մյուս կողմից՝ մեր ազգաբնակչության մեծ մասը գնում է Ռուսաստան, եթե Ռուսաստանը կոշտ միջոցների դիմի, ամենաչնչինը, մեր տնտեսությունը 100 միլիոն դոլարի ամեն տարի կրճատում կունենա»,- ասաց Արամյանը։

Կարդացեք նաև

Քննարկման մասնակից «ԴԻ-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանի խոսքով՝ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրության հարցում որոշում կայացնելու համար հիմքում պետք է դնել թվերը, ինչի պարագայում տեսնում ենք, որ, օրինակ, միայն այս տարվա 4 ամիսների կտրվածքով ԵԱՏՄ-ի՝ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 6.8 միլիարդ դոլար, որի 90 տոկոսը բաժին է հասնում հենց Ռուսաստանին։

«Եթե նպատակը Եվրամիություն գնալն էր, ապա արդեն իշխանությունը պետք է անցած լիներ Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցնելու գործընթացով, մինչդեռ, եթե 2018 թվականին ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը եղել է 1․8 միլիարդ դոլարի չափով,  ապա 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 4 անգամ»,- ասաց Անանյանը։

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս