Իշխանությունը Եվրամիության հետ առևտուր է անում՝ Սյունիքով միջանցքի շուրջ. Մանվելյան
Թեև մոտ տասն օր առաջ Հայաստանի Ազգային ժողովի բարձր ամբիոնից կախվեց Եվրամիության դրոշն ու հայտարարվեց Հայաստանում Եվրամիություն մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը դեմ է այդ օրակարգին, ավելին՝ Եվրամիություն գնալ-չգնալու հետ կապված, ըստ նրա, կան հարցեր, որոնց պատասխաններն ինքն անձամբ չունի։
«…եթե հանրաքվե անեն, պետք է քարոզարշավ անել: Այդ դեպքում մարդիկ մեզ տալու են հարցեր՝ ինչպես, երբ, ինչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Մարդիկ հարցնելու են՝ ԵՄ-ն պատրա՞ստ է մեզ ընդունել։ Ես այդ հարցի պատասխանը չեմ կարող տալ, որովհետև ԵՄ-ի ներսում էլ ընթանում են գործընթացներ, ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն հարցեր են առաջացնում»,- այսօր «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասաց Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը շեշտեց՝ առհասարակ հանրաքվեի գաղափարը Հայաստանի պարագայում ժամանակավրեպ է այս փուլում, որովհետև այն ենթադրում էր նախևառաջ Եվրամիության կողմից պաշտոնական հրավեր և բանակցություններ այս օրակարգով։
«Եթե այս ամենը չկա, իսկ իրականում չկա, նշանակում է՝ կա նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունն այն աղետից, որը սահմանին է։ Մյուս կողմից՝ գոնե իշխանությունները շատ լավ հասկանում են, որ Հայաստանում իրականացնել հանրաքվե և ստանալ օրենքով պահանջված քվեների քանակը՝ 630 հազար այո, շատ դժվար է։ Փաշինյանի համար հիմա անհնար է լինելու նման թիվ ստանալ անգամ վարչական ռեսուրսի կիրառմամբ և կեղծարարությամբ»,- ասաց Մանվելյանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Եվրամիության միջև առևտուր է գնում, և Հայաստանն օգնություն է ակնկալում՝ պայմանավորված Ադրբեջանի պահանջներով։
«Մեծագույն խնդիրը, այսպես կոչված, «Զանգեզուրով միջանցքի» հարցն է, որն ադրբեջանա-թուրքական պրոյեկտ է։ Հայկական կողմը համաձայն չէ այդ ծրագրին, պատրաստ են ճանապարհ տրամադրել, բայց պատրաստ չեն հատուկ կարգավիճակով ճանապարհ տալ, ինչը նշանակում է, որ ճանապարհը դուրս է Հայաստանի իշխանության տիրապետության տակից։ Եվրամիության հետ հայկական կողմն առևտուր է անում, օրինակ, Սյունիքով ճանապարհի վերահսկողությունը եվրոպական որևէ կառույցի տալու հարցով»,- ասաց Արմեն Մանվելյանը՝ Հայաստան-Եվրամիություն առևտրի համատեքստում առաջարկելով դիտարկել ԵՄ անդամ Հունգարիայի հակահայկական քաղաքականությունը և Հայաստանին վերաբերող ցանկացած հարցով վետո դնելու հնարավորությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.