Հողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել Հողային օրենսգրքում և «Բյուջետային համակարգի մասին» օրենքում: Նշվում է՝ դա պայմանավորված է համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք- շինությունների սպասարկման համար հատկացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Համաձայն Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրում են համայնքների ղեկավարները:

Նախագծով առաջարկվում է նշված կետում համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողամասերի նկատմամբ նույնպես բացառություն սահմանել և պետական շենք-շինությունների սպասարկան համար հատկացված և առանձնացված հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացի իրականացումը վերապահել պետական գույքի կառավարման լիազոր մարմնին «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով, Հողային օրենսգրքով, վարձակալության մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Դրանով պայմանավորված լրացումներ պետք է կատարվեն հողամասերի վարձակալության տրամադրման մրցույթները կանոնակարգող հոդվածներում և «Բյուջետային համակարգի մասին» օրենքում:

Այսպիսով՝ նախագծերով առաջարկվում է, որ համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնի պետական գույքի կառավարման լիազոր մարմինը: Ակնկալվում է, որ արդյունքում կավելանան պետական բյուջեի մուտքերը, կկանոնակարգվի համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական շենք-շինությունների սպասարկման համար հատկացված և առանձնացված հողերի վարձակալության տրամադրման գործընթացը»:

Տեսանյութեր

Լրահոս