«Օլիմպիականները. Փարիզ-2024». Ըմբշամարտի ժամանակ պետք է կարողանալ ստեղծագործել. Արսեն Հարությունյան
Հայկական սպորտի հենակետային մարզաձևերի շարքում եղել և մնում է ըմբշամարտը: Վերջին տարիներին Հայաստանի ազատ ոճային ըմբիշները նոր նվաճումների են հասել:
«Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերոսը ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի մեդալակիր Արսեն Հարությունյանն է, ով կմասնակցի իր երկրորդ Օլիմպիական խաղերին:
Արսեն Հարությունյան
Ազատ ոճային ըմբիշ
24 տարեկան
Եվրոպայի քառակի չեմպիոն
Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր
Փարիզ-2024-ը երկրորդ Օլիմպիական խաղերն են
Մրցումային օրերը` օգոստոսի 8-9
–Արսեն, ինչպե՞ս է ընթանում Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլը:
-Շատ լավ ուսումնամարզական հավաքներ ենք ունեցել: Մասնակցեցի մեկ միջազգային մրցաշարի, որի շնորհիվ հասկացա, թե ինչ մարզավիճակում եմ։ Հաջորդիվ արդեն Օլիմպիական խաղերն են:
–Փարիզ-2024-ը Ձեր երկրորդ խաղերն են: Փորձառություն արդեն ունեք, ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում այս խաղերին:
-Փարիզ-2024-ին մոտենում եմ այլ մտածելակերպով: Տոկիոյի խաղերին շատ երիտասարդ էի ու փորձի պակաս ունեի, կային պահեր, որ թերանում էի: Արել եմ ամեն ինչ, որ այս Օլիմպիական խաղերին բոլոր թերությունները շտկած մոտենամ: Մարզումներս ավելի հավաքված եմ անցկացնում, ավելի կենտրոնացած եմ:
–Ձեզ համար ի մի բերելով՝ ի՞նչ տեղի ունեցավ Տոկիոյում, որտեղ դուք դուրս մնացիք առաջին իսկ գոտեմարտում:
-Կյանքումս ամենամեծ սխալը, որը թույլ եմ տվել, եղել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին պատրաստվելու փուլում: Այդ Խաղերում բոլոր թերացումների մեղավորը ես էի: Այսպիսի խոսք կա` ինչի պատրաստվում ես, այն էլ տրվում է քեզ: Ես լավ չէի պատրաստվել:
–Իսկ ո՞րն էր Ձեր սխալը:
-Մարզումներս թուլացրել էի: Տպավորություն ունեի, թե լավ եմ մարզվում, բայց իրականում այդպես չէր: Օլիմպիական չեմպիոն դառնալու համար պետք է մարզվես անդադար, իսկ ես այդպես չէի անում: Այդ Խաղերից հետո հասկացա, որ միայն ու միայն մարզումներն են հաղթանակ բերում: Երբեմն, հավասար մրցակցության պայմաններում կարող ես և պարտվել:
–Հիմա ինքներդ Ձեզ ապացուցելու բան ունե՞ք:
-Միշտ ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Այսքան մարզումային փուլեր անցնելով՝ վերջում մրցման ժամանակ ինքս ինձ պիտի ապացուցեմ, որ գնահատում եմ այն ջանքը, տանջանքը, որ նախապատրաստական փուլում թափում ենք մարզիչների հետ:
–Արդյոք Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը բացառի՞կ է, թե՞ նույնն է, ինչ աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններին ընդառաջ։
-Հիմա ինձ համար տարբերություն չկա: Պատրաստվում եմ այնպես, ինչպես Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը:
–Արսեն, ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը մենք` կողքից հետևողներս, չենք տեսնում:
-Բարդ հարց տվեցիք: Կարծում եմ՝ անկախ նրանից, թե խոսքն ինչ մասնագիտության մասին է, եթե չես սիրում մասնագիտությունդ, ոչինչ չես սիրի նրանում: Եթե մեծամասնությունը կարծում է, որ ըմբշամարտը միայն ուժի մարզաձև է, դա այդպես չէ: Այդտեղ խելք էլ է պետք արագ կողմնորոշվելու համար: Ըմբշամարտի ժամանակ պետք է կարողանալ ստեղծագործել: Օլիմպիական չեմպիոններն, օրինակ, տարբերվում են, տարբերվում են հենց իրենց մտածելակերպով, մոտեցմամբ, ստեղծագործելու ունակությամբ:
–Արսեն, սկսե՞լ եք վայելել անգամ մարզումները, և եկե՞լ եք գիտակցության, որ մեդալի գինը անդադար ջանասիրությունն է:
-18 տարի է, ինչ մարզվում եմ, ըմբշամարտի մեջ եմ: Կարծում եմ` քիչ ժամանակ չէ: Հիմա արդեն այն տարիքում եմ, որ կարիերայի ավարտին քիչ է մնացել, և ոչինչ չպետք է բաց թողնել: Անկեղծանամ՝ ինքս չեմ սիրում ծննդյանս օրը տոնել: Ինչո՞ւ, որովհետև ըմբշամարտում դեռևս չեմ հասել այն ամենին, ինչն իսկապես ուզում եմ, և ամեն տարի ինձ առավել քիչ ժամանակ է մնում նպատակներիս հասնելու համար:
–Իսկ ի՞նչն է փոխվելու օլիմպիական մեդալ նվաճելուց հետո:
-Կարծում եմ՝ արդեն ավելի հանգիստ խղճով եմ մարզվելու ու կհասկանամ, որ մարզումներս տվել են իրենց արդյունքը: Սպորտային կյանքը կարճ է․ կարծես երեկ էր, որ 15 տարեկանում դարձա փոքրերի Եվրոպայի չեմպիոն, իսկ հիմա արդեն 24 տարեկան եմ:
– Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:
-Բեսիկ Կուդուխովին:
-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…
-Աստծով, լավը պիտի լինեն:
«Օլիմպիականները. Փարիզ-2024» նախագծի հեղինակ` Վարվառա