Կա քաղաքական որոշում՝ որևէ ոստիկանի պատասխանատվության չենթարկել, որպեսզի իշխանության հենարանը չփլուզվի. Վահան Հովհաննիսյան

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ մեծ բախում տեղի ունեցավ ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև։ Բախման արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ, մի մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո  դուրս գրվեց հիվանդանոցից, մի մասն էլ մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում։ Ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ։

Ակցիայի մի խումբ մասնակիցներ կա՛մ ձերբակալվել են, կա՛մ կալանավորվել։

Բախման հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ եթե բողոքի ակցիայի մասնակիցները շարունակեն նույն կերպ, ապա ոստիկանությունը շարունակելու է նույն մեթոդներով աշխատել։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բազմաթիվ իրավապաշտպաններ որակեցին՝ որպես ուղիղ ցուցում ոստիկանությանը՝ շարունակելու բիրտ ուժի գործադրումը խաղաղ ցուցարարների նկատմամբ։

Մինչև այս պահը որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել ցուցարարների նկատմամբ գործի դրած բիրտ ուժի համար, իսկ նման դեպքերը քիչ չեն, դրանք ֆիքսել են տեսախցիկները։

Կարդացեք նաև

168.amի հետ զրույցում փաստաբան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդ ամենի վերաբերյալ այսօր «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հանդես կգա հայտարարությամբ, քանի որ հարցը շատ խորքային է։

«Հունիսի 12-ի երեկոյան և հունիսի 13-ին արդեն Քննչական կոմիտեն և, եթե չեմ սխալվում, ՄԻՊ-ը նույնպես հայտարարեցին, որ վնասվածքներ են ստացել քաղաքացիներ և ոստիկաններ։ Մի քանի տասնյակ ոստիկանի մասին էին խոսում, որ տեղափոխվել են հիվանդանոց։ Այսօր, երբ ծանոթանում ենք մարմնական վնասվածքներ ստացած ոստիկանների ցուցմունքներին, հասկանում ենք, որ մարմնական վնասվածքի մասին խոսք չկա։ Այդ ոստիկանները նշում են, որ ստացել են ֆիզիկական ցավ մեջքի, ձեռքերի, ոտնաթաթերի շրջանում, ուստի դիմել են հիվանդանոց, ստացել են բուժօգնություն ու դուրս գրվել։ Բայց պետական կառույցների կողմից այս ամենը ներկայացվել է՝ որպես մարմնական վնասվածքներ։ Այդ ոստիկաններն առաջին օրը միայն իրենց ցուցմունքներով ճանաչվել են տուժողներ, այսինքն՝ առանց տեսագրությունների»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը փաստում է, որ պետական կառույցները փորձել են այնպես անել, որ հավասարություն դրվի քաղաքացիների ու ոստիկանների ստացած վնասվածքների միջև։ Մինչդեռ համադրելու դեպքում  ակնհայտ է, որ մեկ-երկու ոստիկան է ստացել թեթև մարմնական վնասվածքներ, մնացածը միայն ֆիզիկական ցավ են զգացել։ Հետևաբար, այս ամենով իշխանությունը փորձում է հիմնավորել ի սկզբանե որդեգրած տեսակետը, թե ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներինը՝ ոչ իրավաչափ։

Ինչ վերաբերում է Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության գործադրած ուժին, Վահան Հովհաննիսյանն ասաց.

«Այն, ինչ հնարավոր է անել, որպեսզի այդ ամենն ունենա իրավական հետևանքներ, արվում է։ Հանցանքի վերաբերյալ հաղորդումներ ներկայացվում են, այդ անձինք տուժող ճանաչվում են, բայց թե ինչ ավարտ կունենան քրեական վարույթները՝ բոլորս շատ լավ գիտենք։

Եթե դրանցից մեկն ունենա իր տրամաբանական, իրավական ավարտը, ապա այն խարխլելու է ոստիկանական «ամուր» կառույցը, որովհետև եթե նույնիսկ մեկ ոստիկան ենթարկվի քրեական պատասխանատվության, իշխանության ամբողջ հենարանը կխարխլվի։ Կարծում եմ՝ առկա է քաղաքական որոշում, որպեսզի որևէ ոստիկան քրեական պատասխանատվության չենթարկվի, անկախ կատարած արարքի աստիճանից»,- եզրափակեց Վահան Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս