ՆԱՏՕ-ն քննարկում է իր միջուկային զինանոցը պատրաստության ռեժիմի բերելու հարցը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները բանակցություններ են վարում մեծ քանակությամբ միջուկային զենք ծավալելու և այն պատրաստության վիճակի բերելու շուրջ: Ստոլտենբերգը դա պատճառաբանել է «Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնալիքներով»: Այս մասին նա հայտնել է The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։
Դաշինքի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է իր միջուկային զինանոցը ցույց տա աշխարհին, որպեսզի «հստակ ուղերձ հղի իր թշնամիներին»։
«Ես չեմ խորանա գործառնական մանրամասների մեջ, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերվի պատրաստության վիճակի, դրանցից որոնք պետք է թողնել պահեստում, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Հենց դրանով էլ մենք զբաղվում ենք», – ասել է նա:
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ միջուկային ոլորտում թափանցիկությունը պետք է դառնա ՆԱՏՕ-ի միջուկային ռազմավարության անկյունաքարը, որպեսզի դաշինքը պատրաստ լինի, իր խոսքով, ավելի վտանգավոր աշխարհի համար։
Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի նպատակն, իհարկե, առանց միջուկային զենքի աշխարհն է, բայց քանի դեռ միջուկային զենք կա, մենք կմնանք միջուկային դաշինք»։
Ստոլտենբերգը հավելել է, որ Չինաստանը խոշոր ներդրումներ է անում ժամանակակից զենքերի, այդ թվում՝ միջուկային զենքերի ոլորտում։ Ըստ նրա՝ Չինաստանը մինչև 2030 թվականն իր միջուկային մարտագլխիկների թիվը կհասցնի 1000-ի, իսկ դա, գլխավոր քարտուղարի խոսքով, նշանակում է, որ դաշինքը միջուկային զենքով զինված երկու հնարավոր հակառակորդ ունի՝ Չինաստանը և Ռուսաստանը։