Երբ նախատել և երբ գովել երեխային

Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա ցերեկը, եթե նույնիսկ երեխաներն իրենց ծնողներին սպառնան տարբեր եղանակներով վրեժ լուծել, ապա փողոց դուրս գալով՝ նրանց ուշադրությունը կշեղվի, վատ տրամադրությունն էլ կանցնի:

– Հա՛յր, ֆիզիկական պատիժներն օգնո՞ւմ են երեխաներին ուղղվել:

– Ծնողները որքան հնարավոր է պետք է խուսափեն դրանից: Նրանք պետք է փորձեն բարությամբ և համբերությամբ երեխային հասկացնել, որ իրեն ճիշտ չի պահում: Եթե երեխան փոքր է և չի հասկանում, որ իրեն վտանգի է ենթարկում, միայն ադ դեպքում վզակոթին տալը նրա համար օգտակար կլինի, որպեսզի հաջորդ անգամ նա ավելի ուշադիր լինի: Վզակոթին ևս մեկ հարված ստանալու միտքը արգելակ է հանդիսանում երեխայի համար և պաշտպանում է նրան վտանգից: Երբ ես փոքր էի ավելի մեծ օգուտ մորիցս էի ստանում, քան հորիցս: Նրանք երկուսն էլ սիրում էին ինձ ու բարին էին կամենում: Սակայն ծնողներից յուրաքանչյուրն իր ձևով էր ինձ օգնում: Հայրս խիստ մարդ էր:

Երբ մենք՝ երեխաներս, չարաճճիություն էինք անում, նա մեզ ապտակներ էր հասցնում: Ապտակից ստացած ցավն ինձ օգնում էր մի փոքր հանդարտվել, սակայն, երբ ցավն անցնում էր՝ ես մոռանում էի թե՛ դրա մասին և թե՛ հայրական խորհուրդների: Եվ բանը նրանում չէր, որ հայրս ինձ չէր սիրում, ո՛չ, նա ինձ սիրուց էր ապտակում:

Կարդացեք նաև

Հիշում եմ, մի անգամ, երբ ես երեք տարեկան էի, հայրս մի այնպիսի ապտակ հասցրեց, որ ես մի քանի մետր հեռու թռա: Իսկ գիտե՞ք թե ինչի համար: Մեր տան հարևանությամբ մեկ այլ տուն կար, որտեղ ոչ ոք չէր ապրում: Տանտերերն Ամերիկա էին մեկնել և տունն ամայության էր մատնված: Այդ տան բակում մի թզենի էր աճում, որի ճյուղերը փողոց էին ելել ու կախվել ճամփի վրա:

Ծառն առատ պտուղ էր տվել: Երբ մենք երեխաներով խաղում էինք փողոցում, հարևաններից մեկը մոտեցավ մեզ և բարձրացրեց ինձ, որպեսզի ես նրա համար մի քանի թուզ քաղեմ, որովհետև ինքը ճյուղերին չէր հասնում: Ես հինգ-վեց թուզ քաղեցի և նա դրանցից երկուսն ինձ տվեց: Երբ հայրս իմացավ դրա մասին՝ շատ բարկացավ: Ահա այդ ժամանակ էլ ապտակը ստացա: Ես սկսեցի աղիողորմ լաց լինել:

Մայրս, որի աչքի առաջ էր տեղի ունենում այդ ամենը, շրջվեց հորս կողմն ու ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում երեխային: Չէ՞ որ նա դեռ փոքր է, ոչինչ չի հասկանում: Ինչպե՞ս կարող ես հանգիստ նրա լացը լսել»:

«Եթե նա լաց լիներ այն ժամանակ, երբ նրան բարձրացնում էին թուզ պոկելու՝ հիմա լաց չէր լինի: Բայց երևում է նա ինքն էլ էր ցանկանում ուրիշի պտուղներով բերանը քաղցրացնել: Նշանակում է՝ թող լաց լինի»: Մի՞թե դրանից հետո ես կարող էի կրկնել այն՝ ինչ արել էի: Իսկ ահա մայրս վշտանում էր իմ չարաճճիությունները տեսնելով, սակայն նա վեհանձն էր: Տեսնելով, թե ինչպես եմ անկարգություն անում՝ շրջում էր դեմքն ու ձևացնում, թե չի նկատում ինձ, որպեսզի ես չվշտանամ: Սակայն մայրական այդ «խորամանկությունից» իմ սիրտը բառացիորեն պատառ-պատառ էր լինում:

«Տե՛ս, տե՛ս,- ասում էի ինքս ինձ,- դու այդպիսի անկարգություն ես արել, իսկ մայրդ ոչ միայն չի ծեծում քեզ, այլև՝ ձևացնում է, թե չի տեսնում: Վե՛րջ, այլևս նման բան չի կրկնվի: Ինչպե՞ս կարող եմ մայրիկին  նորից վշտացած տեսնել»: Այդպես վարվելով մայրս ինձ ավելի էր օգնում՝ քան, եթե ապտակներ հասցներ: Սակայն, ես ինքս էլ չէի չարաշահում դա և չէի ասում. «Դե քանի որ նա ինձ հիմա չի տեսնում՝ ավելի շատ չարություն կանեմ»: Իսկ ահա հայրս այլ հարց էր, հենց մի փոքր չարաճճիություն՝ միանգամից վզակոթիս էր հասցնում: Տեսնո՞ւմ ես ինչպես է լինում. նրանք երկուսն էլ ինձ սիրում էին, սակայն մորս վեհանձն վերաբերմունքն ինձ ավելի օգնեց:

– Հա՛յր, սակայն որոշ երեխաներ չափազանց անկարգ են՝ նրանք գոռում են, վազում, չարաճճիություն անում: Նրանց ծնողներն ինչպե՞ս կարող են չկիրառել ֆիզիկական պատիժները:

– Լսի՛ր, ախր երեխաները մեղավոր չեն: Որպեսզի երեխաները նորմալ մեծանան, նրանց բակ է հարկավոր, որտեղ կարող են վազվզել ու խաղալ: Իսկ հիմա խեղճ երեխաները փակված են բազմահարկերում և դա էլ նրանց անհանգիստ լինելու պատճառն է: Նրանք չեն կարող ազատ վազվզել, չեն կարող խաղալ, չեն կարող ուրախանալ: Ծնողները չպետք է տխրեն, եթե աշխույժ երեխա ունեն: Աշխույժ երեխան իր մեջ ուժեր ունի և դրանք տեղին օգտագործելով՝ կարող է կյանքում շատ բաների հասնել:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս