Բաժիններ՝

ՌԴ-ում հայտնել են մեկ օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ շուրջ 170 զինամթերքի արձակման մասին

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 169 զինամթերք են արձակել Բելգորոդի մարզի տարածքի ուղղությամբ, տուժել է երկու մարդ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Ամենից շատ գնդակոծվել է Գրայվորոնի քաղաքային շրջանը։

«Գրայվորոնի քաղաքային շրջանում բնակավայրերը 10 գնդակոծությունների ընթացքում հարձակման են ենթարկվել 16 անօդաչու թռչող սարքերով և 80 զինամթերքներով։ Վնասներ են պատճառվել 7 մասնավոր տնային տնտեսությունների, մեկ տնամերձ կառույցի, մեկ ավտոտնակի, 2 ավտոմեքենայի և էլեկտրահաղորդման գծերի», – գրել է Գլադկովը։

Նրա խոսքով՝ Գոլովչինո գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 1 տղամարդ։ Շեբեկինո քաղաքում գնդակոծության հետևանքով տուժել է 1 կին: Բացի այդ, Բելգորոդի շրջանում տեղի է ունեցել վթարային հոսանքազրկում։

Իսկ Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում հունիսի 14-ին սգո օր է հայտարարվել հունիսի 12-ին տեղի ունեցած հրթիռակոծության 9 զոհերի հիշատակին։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ ռուսական ուժերի հարվածի տակ է հայտնվել Կրիվոյ Ռոգի բնակելի թաղամասերից մեկը։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ բացի 9 զոհերից, կա նաև 13 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս