ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրն Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի մասին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) կողմ է քվեարկել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Առաջարկը սահմանում է «լիարժեք և ամբողջական հրադադարի», պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման, մահացած պատանդների աճյունների վերադարձի և Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակման պայմանները։
Անվտանգության խորհրդի 15 անդամներից 14-ը կողմ են քվեարկել ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձևին: Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։
Բանաձևում ասվում է, որ Իսրայելն ընդունել է հրադադարի առաջարկը, և կոչ է արվում ՀԱՄԱՍ-ին նույնպես համաձայնել դրան։
Այսպիսով, ՄԱԿ-ի ԱԽ-ն միանում է մի շարք կառավարությունների, ինչպես նաև Մեծ յոթնյակի երկրներին, որոնք նույնպես աջակցել են մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հրապարակված, երեք մասից բաղկացած ծրագիրը:
ՀԱՄԱՍ-ը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը։ BBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ն, ամենայն հավանականությամբ, կպահանջի երաշխիքներ, որ այս ծրագիրը կհանգեցնի մշտական հրադադարի և Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման։
Հրադադարի ծրագրի առաջին փուլը վերաբերում է պատանդների և բանտարկյալների փոխանակմանը, ինչպես նաև կարճաժամկետ հրադադարին։ Ըստ ԱՄՆ բանաձևի նախագծի տեքստի՝ երկրորդ փուլով նախատեսվում է «ռազմական գործողությունների մշտական ավարտ», ինչպես նաև Գազայից իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում։ Երրորդ փուլը կենտրոնանում է պաղեստինյան անկլավի երկարաժամկետ հեռանկարի վրա, որով պետք է մեկնարկի Գազայի հատվածի բազմամյա վերակառուցման ծրագիրը։
Գազայի հատվածում հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ներխուժեցին Իսրայել՝ սպանելով շուրջ 1200 մարդու, գերեվարելով ավելի քան 250-ին։ Նոյեմբերին տեղի ունեցած 7-օրյա հրադադարի ընթացքում պատանդների կեսը վերադարձվել են՝ փոխանակվելով Իսրայելում պահվող բանտարկյալների հետ։ Ի պատասխան ներխուժման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը գերազանցել է 37 000-ը։