ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները միջնորդություն ներկայացրեցին ԱԺ խորհուրդ՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր միջնորդություն ներկայացրեցին Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։

Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակցությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն՝ արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։

Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2-ն են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյո՞ք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին, ժամը 16:30-ին նախաձեռնեն նիստ՝ Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս