Մեքսիկայում զինված անձինք դարանակալել և սպանել են Կոտիխայի քաղաքապետին
Մեքսիկայի Միչոական նահանգում զինված անձինք սպանել են Կոտիխա մունիցիպալիտետի ղեկավար Յոլանդա Սանչեսին: Այս մասին հաղորդում է BBC-ն։
Յոլանդա Սանչեսը Կոտիխայում պաշտոնավարում էր 2021 թվականից․ նա այդ պաշտոնում ընտրված առաջին կինն էր։
Զինված անձինք դարանակալել են Սանչեսին և նրա վրա կրակել 19 անգամ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ հարձակումից կարճ ժամանակ անց։ Նրա թիկնապահը նույնպես սպանվել է։
Հունիսի 2-ին այդ նույն նահանգում քվեարկության մեկնարկից մի քանի ժամ առաջ սպանվել էր տեղական ընտրությունների թեկնածու Կուիտսեո Իսրայել Դելգադոն։
BBC-ն նշում է, որ Սանչեսի սպանությունից հետո ձերբակալություններ չեն կատարվել, սակայն ենթադրվում է, որ զինված անձինք եղել են կազմակերպված հանցավորության խմբի անդամներ։ Նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել։
2023 թ. սեպտեմբերին նրան առևանգել էին Գվադալախարա քաղաքում, բայց երեք օր անց ազատ էին արձակել: Յոլանդա Սանչեսն ասել էր, որ չի ճանաչում իրեն առևանգած հանցավոր խմբի անդամներին, սակայն տեղի ԶԼՄ-ները գրել են, որ նրանք, ամենայն հավանականությամբ, պատկանում են Jalisco New Generation (CJNG) կարտելին։
Հունիսի 2-ին Մեքսիկայում անցկացվել են համընդհանուր ընտրություններ։ Նախագահի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուները կանայք էին։ Ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է Կլաուդիա Շեյնբաումը, որը դարձել է Մեքսիկայի առաջին կին նախագահը։ Մեքսիկացիները, բացի նախագահից, ընտրում էին նաև 20 000 պաշտոնյայի, այդ թվում՝ Կոնգրեսի երկու պալատների անդամներին, մի շարք նահանգների ղեկավարների և տեղական իշխանությունների։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ձայների վերջնական հաշվարկից հետո, որը կտևի մինչև հունիսի 8-ը։
Երկրում ընտրարշավը նշանավորվել է բռնության ամենաբարձր մակարդակով։ 2023 թ. սեպտեմբերից ի վեր, Laboratorio Electoral հետազոտական կենտրոնի տվյալներով, Մեքսիկայում սպանվել է 83 մարդ, որոնք կապված են եղել ընտրական գործընթացների հետ․ նրանցից 34-ը տարբեր տեղական մարմինների պաշտոնների թեկնածուներ էին։