«Դա ոստիկանապետի ասելու բա՞ռ է, թեպետ իրենց ստի և վախի գերագույն հրամանատարը եթե ասի՝ դուրսպրծուկ, էդ էլ լակոտ պիտի ասի». Սրբազան

Վաղ առավոտից Երևանում և մարզերում տեղի են ունեցել անհնազանդության գործողություններ, որոնք պետք է շարունակվեն մինչև 13:00-ն, իսկ ժամը 17:00-18:00-ի սահմաններում օրվա ամփոփում է նախատեսված:

Մինչ այդ Բագրատ Սրբազանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նախ նա անդրադարձել է Արցախի նախկին պաշտոնյաների կալանավորումներին, այսօր էլ հայտնի է դարձել, որ 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Ամբողջ Արցախը հանձնել են ՝որպես պետություն, կործանել են մարդկանց կյանքը, չեն ճանաչում այդ պետությունը, չէ՞, ում են ձերբակալում, մարդկանց, որոնք իրենց պատճառով տնազուրկ են եղե՞լ, որ իրենց հայրենիքը զավթվա՞ծ է, դրա՞ համար: Ո՞ւմ գույքն են յուրացրել, այդ մեքենաները, որ բերել են, պիտի թողեին այնտեղ և գայի՞ն: Իրանց պատճառով հսկայական տուն ու տեղ, հայրենիք, սրբարաններ, գերեզման են թողել այդ մարդիկ: Չե՞ք զգում՝ լրիվ քաղաքական վիճակ է՝ վախեցնել, սարսափեցնել, բայց ո՞ւմ են ուզում սարսափեցնել: Իրենք են վախեցած, դրա համար ձեռքներն ով ընկնում է, ուզում են մի բան անել: Չեն կարող, հոգեվարքի մեջ են: Մենք նահանջելու տեղ չունենք: Եթե նահանջող կա՝ իրենք են»,- նշել է Սրբազանը:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, ինչպես նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը լակոտ է անվանել քաղաքացուն, Բագրատ Սրբազանն ասել է.

Կարդացեք նաև

«Դա ոստիկանապետի ասելու բա՞ռ է, թեպետ իրենց ստի և վախի գերագույն հրամանատարը եթե ասի՝ դուրսպրծուկ, էդ էլ լակոտ պիտի ասի: Հայելի պիտի պահեն էս մարդիկ ու ասեն՝ ում փողերով են հասել, ինչ կենսագրություն ու ծագում ունեն»:

Սրբազանը չի անտեսել նաև օրերս որոշ զինվորականների գեներալական կոչումներ ստանալու փաստը՝ «գեներալական կոչումներ են տվել այն ժամանակ, երբ հողեր են հանձնում»:

«Հայոց զինվորականը, բարձրաստիճան սպան կարո՞ղ է կոչում ստանալ մեկի ձեռքից, որը հայրենիք է հանձնում, և իրենք էլ ուրախ-զվարթ ստանում են, որ ի՞նչ անեն»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ երեկ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած բնական աղետից զոհեր ունեինք, իսկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք էր անում, Բագրատ Սրբազանը հիշեցրել է 44-օրյա պատերազմի զոհերի՝ պարկերի մեջ դիերն և մասունքները ոչ պատշաճ պահելու դեպքի մասին:

«Զոհվածների մասին թող չխոսեն նրանք, ում օրոք 15 հոգի մեր տղաներից մոխրացան կացարանում, և հուղարկավորությունից 2 օր առաջ, տղաներից մեկն Աչաջրից էր, մյուսը՝ Դիլիջանից, կրկնում եմ, հուղարկավորությունից 2 օր առաջ, այս մարդը, այս կառավարության ղեկավարը, ստախոս վախկոտը եկել է Իջևան՝ պարեկների տոնախմբություն արել՝ տողանց, երեկոյան ժամին էլ գնացել են ուտել-խմելու, հարբելու, մինչդեռ ընդամենը մի քանի կիլոմետր հեռու էր մեր մոխրացած տղայի տունը, ընտանիքն էլ այդ պահին ողբերգության մեջ էր, ընդ որում, իրենց պատճառով»,- շարունակել է Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս