Եթե առաջնորդվենք դավադրության վարկածով, ապա ո՞ւմ է ձեռնտու տարածաշրջանում անկայունությունը՝ հավաքական Արևմուտքին. Հայկ Նահապետյան

Իրանի պետական հեռուստաընկերությունն արդեն հայտնել է, որ Իրանի նախագահին սպասարկող ուղղաթիռը վթարվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Վթարի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ:

Ինչպես հաղորդում են Tasnim-ը և IRNA-ն, Իրանի կառավարությունն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի գլխավորությամբ։

Կառավարության խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ երկրի կառավարման ոլորտում խախտումներ չեն լինելու։ Իրանի ղեկավարի պարտականությունները, ըստ օրենքի, կկատարի Մոխբերը։

«Իրանի ժողովրդի աշխատասեր և անխոնջ նախագահը, ով չի արել ավելորդ ոչինչ, բացի Իրանի մեծ ժողովրդին երկրի զարգացման և առաջընթացի համար ծառայելուց, կատարեց իր խոստումը և իր կյանքը զոհաբերեց հանուն ազգի»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Նախագահ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հուղարկավորության ժամն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ։

Տարբեր երկրների ղեկավարներ արդեն ցավակցական ուղերձներ են հղել Իրանին ու իրանական ժողովրդին՝ տեղի ունեցած ողբերգության համար։

Նշենք, որ Իրանի նախագահ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և որոշ պաշտոնյաներ վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։

168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը խոսելով երեկ տեղի ունեցած ուղղաթիռի վթարի, դրան առնչվող հնարավոր վարկածների և անվտանգային խնդիրների առաջացման մասին, փոխանցեց՝ վթարը, որի հետևանքով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահը, արտգործնախարարը, Արևմտյան Ադրբեջանի ղեկավարը, Թավրիզի հոգևոր առաջնորդը, պահապանների կորպուսից զինվորականը զոհվել են, որոշ գնահատականներով՝ կարող էր տեղի ունեցած լինել տարբեր պայմաններում, և ներկայացվող վարկածները խիստ ծայրահեղական են: Այսինքն՝ գուցե դժբախտ պատահար է եղել, քանի որ մառախուղ է եղել, և ուղղաթիռի անձնակազմը, օդաչուներն իրավիճակը ճիշտ չեն գնահատել, և մյուս ծայրահեղությունը՝ կազմակերպված գործողություն ուղղաթիռի ու անձնակազմի դեմ։

«Թեև հիմա տրամադրությունները հասկանալի են՝ սլաքներն ուղղում են դեպի Իսրայել և Ադրբեջան։ Բայց, այս ամենն ո՞ւմ էր ձեռնտու։ Կարծում եմ՝ Ադրբեջանին սա պետք չէր, քանի որ Իրանի հետ փաստացի կոմունիկացիոն, առևտրատնտեսական, էներգակիրների հետ կապված լրջագույն պայմանագրեր ու պայմանավորվածություններ ունի։ Ռուսաստանին ու Թուրքիային ևս ձեռնտու չէ, քանի որ տարածաշրջանային կայունության համար «3+3» ձևաչափի անդամ երկրները շահագրգռված չեն պայթեցնել տարածաշրջանը։ Քանի որ այն, ինչ Ադրբեջանը շահել է պատերազմում և ունենալով ՀՀ իշխանությունների վրա իշխելու լուրջ գործիքակազմ, և այն ինչը կարող է ստանալ ՀՀ իշխանություններից առանց պատերազմի, ինչո՞ւ պետք է պատերազմի։

Եթե առաջնորդվենք վարկածով, որ սա դավադրություն է եղել, ապա պետք է հարցնենք՝ ո՞ւմ է ձեռնտու մեր տարածաշրջանում անկայունությունը։ Ո՞ւմ է պետք, որ Իրանը՝ որպես ՌԴ-ի ռազմավարական Հյուսիս-Հարավ միջանցքի կարևորագույն պետություն, ներքաշվի ռազմական բախումների մեջ իր հարևանների հետ։ Նրանց է ձեռնտու, որոնք Ռուսաստանի հակառակորդ կամ թշնամի երկրներ են։ Ամենաշահագրգիռ ուղղղությունը Մեծ Բրիտանիան է և Միացյալ Նահանգները, նրանց է ձեռնտու, որ պայթեցնեն տարածաշրջանը, քանի որ պայթյունից բեկորները հասնելու են և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին։ Հետևաբար, այս ամենը ձեռնտու է հավաքական Արևմուտքին»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։

Այս համատեքստում փորձագետը շեշտեց՝ երբ Իսրայելը Պաղեստինում պատերազմ սկսեց և Իսրայելի օրենսդիր մարմինը դրա մասին որոշում կայացրեց, անգամ այդ պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելին պետք չէր, փոխարենը՝ պետք էր այն երկրներին, որոնք ՀԱՄԱՍ էին ծնել ու պատրաստել։ Այստեղ կա երեք շահագրգիռ երկիր՝ Մեծ Բրիտանիան, Թուրքիան և ֆինանսական առումով՝ Կատարը։

«Եթե պարզվի, որ սա կանխամտածված ահաբեկչական գործողություն էր Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ՝ սպանության միտումով, ապա սա նպատակ ունի տարբեր երկրների ներքաշել Իրանի դեմ հակամարտության մեջ, կրկնում եմ՝ տարածաշրջանի խաղաղությունը ձեռնտու չէ ո՛չ Մեծ Բրիտանիային, ո՛չ Միացյալ Նահանգներին։ Եթե անգամ Իսրայելն այս ամենի մեջ ներգրավվածություն ունի, ապա նա գործիք է Բրիտանիայի ու ԱՄՆ-ի ձեռքին։ Տեսեք Իսրայելում տեղի ունեցող ցույցերի մասշտաբները, ժողովուրդն իսկապես դեմ է այդ պատերազմներին։ Մեծ հաշվով, Իսրայելն ունենալով սահմանափակ ռեսուրսներ՝ կարող է հանկարծ բախվել արաբական աշխարհի միացյալ դիմադրությանը»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։

Նա նաև ընդգծեց՝ այս պահին Իրանում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահը, 50 օր անց տեղի կունենան նոր ընտրություններ, ինչն Արևմուտքին հնարավորություն կտա առավել ակտիվ դերակատարում ունենալ, օգտագործել քարոզչական, մարդկային, ֆինանսական, գաղափարական բոլոր հնարավորությունները, որպեսզի Իրանում փորձեն բերել այն ուժերին, որոնք այս կամ այն ձևով կողմ են Արևմուտքի հետ հարաբերությունների առավելագույն բարելավմանը։

«Այդպիսի ուժեր՝ քաղաքական ու ռազմական տեսանկյունից, Իրանում կան։ Եթե ընտրությունների ժամանակ Արևմուտքը հաջողություններ ունենա, կարող ենք որոշակի եզրակացություններ անել։ Նույնիսկ, եթե սա դժբախտ պատահար էր, կտեսնենք, թե ինչպես Արևմուտքն օգտվեց իրավիճակից»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս