ՀՀ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության ագային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, ուղեկցող պատվիրակության և ուղղաթիռի անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խորը ցավով ընդունեցի ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի, ինչպես նաև ուղեկցող պատվիրակության և անձնակազմի զոհվելու մասին լուրը:
Ընդունեք իմ խորը ցավակցությունը և զորակցությունը Ձեզ՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն: Այս ծանր պահին մենք համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը»:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։