Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Մոսկվայում տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Այն սկսվել է Կրեմլի Մեծ պալատում:
ՌԲԿ պարբերականը հաղորդում է, որ արարողությանը հրավիրված են Պետդումայի պատգամավորներ, Դաշնության խորհրդի սենատորներ, կառավարության անդամներ և այլ հյուրեր։
Արարողությանը հրավիրված են նաև այլ պետությունների դեսպաններ. որոշ երկրներ, մասնավորապես՝ Լեհաստանը, Լիտվան, Բելգիան, արդեն հայտարարել են, որ իրենց ներկայացուցիչները չեն գալու երդմնակալությանը։ Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցեն ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Հունգարիայից և Սլովակիայից։
Արարողության ընթացքում նախագահը գնում է Անդրեևյան սրահ և երդում տալիս՝ ձեռքը դնելով Ռուսաստանի Սահմանադրության վրա։ Դրանից հետո նախագահին հանձնվում է նախագահական կրծքանշան և դրոշակ։ Երդմնակալությունից հետո կատարվում է նախագահական գնդի հրետանային ողջույնի արարողություն և շքերթ։
Երբ նախագահը ստանձնում է պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տալիս։ Նախօրեին՝ մայիսի 6-ին, Վլադիմիր Պուտինը հանդիպել էր կառավարության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար։
Վերջին 25 տարիների ընթացքում սա Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունն է։ Նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 6 տարի՝ մինչև 2030 թ․ մայիսի 7-ը։ Պուտինը նախկինում Ռուսաստանի նախագահ է ընտրվել 2000, 2004, 2012 և 2018 թվականներին։