ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև

Հայաստանն ուզում է դառնալ աշխարհի խաչմերուկ, բայց որպեսզի դառնան աշխարհի խաչմերուկը, նախ պետք է մեզ հետ պայմանավորվեն. այս մասին «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե Ադրբեջանը չհամաձայնի սրան, դա կլինի ընդամենը թղթի կտոր կամ հայտարարություն։ Առանց մեզ հետ պայմանավորվածության՝ սա բոլորովին անօգուտ է։ Ցավոք սրտի, նրանք փորձում են դա քննարկել տարածաշրջանից շատ, շատ հեռու գտնվող տարբեր երկրների հետ, բայց երբ բանը հասնում է դրան, նրանք չեն ցանկանում դա քննարկել մեզ հետ»,-ասել է նա։

Ալիևը նշել է, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով։

«Եթե ​​հիմա ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասեն։ Բայց էլի, սա իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը։ Այնպես որ, պարզ է, որ նրանք կկորցնեն տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը»,- ասել է նա։

Ալիևը միաժամանակ հավելել է. «Ի՞նչ է լինելու վերջում։ Հայաստանը պարտվելու է»։

Տեսանյութեր

Լրահոս