Հայոց ինքնության արմատների ամբողջական կորստի շեմին
Արցախի Հանրապետության կորստի ու թուրք–ադրբեջանցիների կողմից հայ բնակչության եղեռնի ենթարկելու սպառնալիքի տակ էթնիկական զտման, Հայաստանի Հանրապետության
տարածքների նկատմամբ թշնամու նկրտումների, հայկական պետականության կորստի վտանգի արմատները պետք է փնտրենք ոչ թե թշնամիների, քաղաքական տարբեր ուժերի մեջ, այլև նախ և առաջ մե՛ր ներսում։
Ինչո՞ւ ենք ավելի հզորանալու փոխարեն հայրենիքի տարածքները անընդհատ զիջել թշնամիներին։ Հետաքրքիր օրինակ կարող է հանդիասանալ Ռուսատանի կայրությունը։ Մոսկովյան իշխանությունը հազար տարիների ընթացքում դիմակայելով թոհուբոհերին, հակառակ Հայաստանի, անընդհատ աճել է, դարձել աշխարհի ամենամեծ տարածքով կայսրությունը։
Մեր զիջումների, կորուստների հիմքերից մեկը համարվում է ինքնության որոշ տարրերի բացակայությունը։ Դա առաջին հերթին վերաբերում է անուններին ու ազգանուններին։ Քրիստոնեության գալով ընունեցինք նաև աստվածաշնչյան հրեական հիմքով անունները՝ այլևս մերժելով բուն հայկականը։ Խորհրդային (ռուսական) կարգերի հաստատումով սկսեցինք ընդունել ռուսական անունները։ Ամենուր Վովաներ, Յուրաներ, Սլավաներ, Վիտալիներ են։ Իսկ մինչ այդ ագանունների գրանցման խնդրում ներմուծվեց թուրքական անունները կամ արհեստների թուրքերեն բառերը, երկիրը լցվեց ղասաբօղլիներով, կարագյոզներով, դեմիրչիներով, յուզբաշիներով, աղասիներով, աղաներով, չալաբներով, գյուլբեկներով, դուրգարներով, դրանց ավելացնելով կրակապաշտներից փոխառնված «յան» վերջածանցը, որն էլ մի կերպ ապահովում է տվյալ անձի հայ լինելը։
Ես փորձել եմ հոդվածներում կամ սոցցանցերում գրառումներում հիիշեցնել այդ մասին, սակայն դա արձագանք չգտավ հանրությունում։
Հայերս հեշտությամբ ընդունում ենք աշխարհագրական անվանումները, տեղանունները թուրքերենով փոխարինելու գործողությունը։ Հիշում եմ, երբ 1982 թ․ ճամփորդում էի մեծ վիպասան Րաֆֆու հետքերով («Հարյուր տարվա երկխոսություն»), արցախյան Քոլատակ հինավուրց գյուղի մարդիկ ասացին, որ մոտակա դաշտը Մամեդի տափ է կոչվում, քանի որ տարիներ առաջ Մամեդ անունով մի թափառական իր ընտանիքով եկել, այդ դաշտում լաճուկ (վրան) է դրել, մի տարի մնացել այդտեղ, հետո հեռացել։ Հիմա գյուղացիք պահպանում են Մամեդի հիշատակը։ Մինչ Մամեդի գալը այդ դաշտը անուն է ունեցել, սակայն գյուղի մարդիկ մոռացել են այն։ Հիշում եմ, Մարտակերտ շրջկենտոնի բնակիչները իրենց բնակավայրը այդտեղով անցնող թուրքերի դրած անվանումով Աղդարա (սպիտակ ձոր) էին ասում։ Այդտեղ թուրքեր երբեք չեն ապրել։ Արցախցիք վաղուց մոռացել են գետի Տրտու կամ Տրտուական անունը ու թուրքերի Թարթառ դարձածն են ընդունել։ Այսօր միջազգային ատյաններում ադրբեջանաթուրքերի գլխավոր զենքը Արցախի իրենց հաստատած «Ղարաբաղն» են պարտադրում։ Հեշտությամբ մոռացության ենք տվել մեր հայրենի եզերքի Արցախ կամ Խաչեն անունները, ընդունել օտարների պարտադրածը։ Արցախցիք ոչ մի կերպ չկարողացան թոթոփել թուրքերի պարտադրված երկրամասի անվանումը։ Իսկ ՀՀ Ազգային Ժողովում ՔՊ–ական պատգամավորներին արգելված է արտաբերել «Արցախ» անվանումը։ Արևմտյան Հայաստանում հայկական աշխարհագրական ոչ մի անվանում չի պահպանվել։ Նվաճողները փոխել են ամենը։
Նույնն էր Արարատյան դաշտում ու Սյունիքում։ Լոռիում հայկական բնակավայրի Ալավերդի (Ալահի տված) անվանումը փոխելու առաջարկը բնակիչները մերժեցին, քանի որ հին անվանումը մոռացված էր, մահմեդականը՝ յուրաված։ Արցախի մայրաքաղաքաքի անվանումը երեք անգամ փոփոխվել է Վարարակնից մինչև Ստեփանակերտ։ Հիմա այն օկուպացնելուց հետո թուրքերը «Խանքենդի» են դարձրել։ Չկարողանալով փոփոխել Շուշի բնակավայրի անունը, թուրքերը անվան վերջին տառը՝ «Ի»–ն «ա» դարձրին։ Shoushi.am կայքում մեծ դժվարությամբ հաջողվեց տեղադրել Շուշիի իրական պատմությունը, քանի որ Գուգլը (Google) հսկող խմբագրության կազմում ժամանակին թուրքերը իրենց մարդուն են խցկել:
Մարդկանց ազգանունների, տեղանունների նման փոփոխությունը թուրքերի համար նվաճողական համազգային ծրագիր է։ Ղասաբօղլյաններից մեկին առաջարկել էի փոխել ազգանունը, պատասխանում է, որ իրենց տոհմի նախնիները պապից պապ մսավաճառ են եղել, նրանց հիշատակը հարգում են։ Ասում եմ՝ դրեք ձեր տոհմից ամենից հարգված մեկի անունով, ասում է՝ անհնար է։ Դուրգարյաններին առաջարկում եմ այսուհետ «Հյուսնունց» կոչվել, հրաժարվում են։ Թուրքիայում բյուրավոր հայեր, հարազատ մնալով թուրքերի դրած ազգանվանումներին, ուծացվել են, թուրքացել, մահմեդականություն ընդունել։ Գուցե պետական մի որոշում լինի, օրենք, որ հայերի ազգանունները միայն հայկական հիմքերով լինեն ։
Ազգային ինքնությունը Սփյուռքում փլուզվում է։ Դրանում համոզվեցի 2022 թ․ մայիսին ԱՄՆ–ի հայաշատ Գլենդելի ՀՅԴ Երիտասարդական մշակութային կենրոնում «Արևմտյան Հայաստանը մինչև 1915 թ․ լուսանկարներում» ցուցահանդեսի բացման ժամանակ։ Նույն կենտրոնի սրճարանում հավաքված սփյուռքահայերին հրավիրեցի մասնակցելու ցուցահանդեսի բացմանը, ասելով․ «Լուսանկարներից ձեր նախնիները բան ունեն ասելու ձեզ, եկեք, զրուցեք նրանց հետ», պատասխանեցին․ «Դա մեզ չի հետաքրքրում․․․»։ Վիրավորվել էի եղեռնի զոհ դարձած նրանց նախնիների կողմից։ Փորձեցի ցուցահանդեսը Վաշինգթոն տանել։ Հայկական կազմակերպությունները, եկեղեցին հրաժարվեցին աջակցել։
Հայրենի եզերքի՝ Արցախի հետ կապված «Արցախի երեք հազարամյա պատմությունը վավերագրերում» շրջիկ ցուցահանդեսի ծրագիրն ենք փորձում իրականցանել։ «Շուշի բերդաքաղաք» հիմնադրամի և ռե՛Արմենիա կազմակերպության միջև պայմանագրով հայտարարվել է դրամահավաքի մասին, որին պետք է ակտիվորեն մասնակցեր ու ծրագրին տեր կանգներ հայ հանրությունը։ Ծրագիրը կարևոր էր տեղեկատվական պատերազմում պարտվողական դիրքերից դուրս հանել Հայաստանն ու Արցախը, քաղաքակիրթ աշխարհին ցույց տալ պատմական ճշմարտությունն ու թուրք–ադրբեջանական քարոզչության կեղծիքները։ Ցուցահանդեսը առաջին հերթին կցուցադրվի ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի անդամ երկրներում։ Սակայն հայ հանրությունը ոչ միայն տեր չի կանգնում ծրագրին, այլև արհամարհում է այն։ Ռե՛Արմենիայի հարթակում ձեռնարկած դրամահավաքին ոչ ոք, ոչ մի հիմնադրամ, բանկ, գործարար չպատասխանեց։ Ինքս չէի կարող խոսք ուղղել հանրությանը, քանի որ մերժված էի թե՛ իշխանական և թե՛ «ընդդիմադիր» հեռուստաալիքներից։ Այսօրվա ստեղծված իրավիճակի՝ Արցախի ու ՀՀ տարածքների թշնամուն հանձնման պատասխանատուն ոչ միայն իշխանություններն են, այլյև «ընդիմություն» խաղացողների վերնախավը, ՀՀ նախկին ու ներկա իշխանությունները, որոնք ծաղկուն և ուժեղ երկիր ստեղծելու փոխարեն ձգտում էին իրենք հարստանան, դրանով իսկ թույլ տալով, որ թշնամին մեր երկրում տեղադրի իրեն ձեռնտու իշխանությունը։ Հանրությունը կայուն ինքնություն ունենալու դեպքում թույլ չէր տա, որ երկրի պետականությունը փլուզման առաջ հայտնվի։
Այժմ մեր պարտություններով մեղադրում են վարչապետին։ Նա առանց մարդկային զանգվածի (բանակի բարձրաստիճան սպայակազմ, ոստիկանություն, Ազգային Ժողովի երեսփոխաններ, բազում վարչարարներ) կարո՞ղ էր իրականություն դարձնել Հայոց պետական շահերին հակառակ վարվող քաղաքականությունը։ Հարյուրավոր մարդիկ, կորցնելով կապը ազգային ինքնության հետ, վարչապետին առաջարկում են իրենց պատրաստակամությունը ծառայելու նրան ու վերածվում են «նիկոլիկների»։
Ինչ-որ բան մեռնում է հայության մեջ։
Ասում են՝ մի օր կծլարձակի, մոխիրներից կհառնի․․․
Օգնենք, որ ինքնությունը վերականգնվի, հանրությունն ինքն իրեն բուժվի, ու դա հնարավո՞ր է։
Ես համոզված եմ, որ հենց ազգային ինքնության բաղադրիչների կորուստը բերեց երկրում ազգային ինքնիշխանության կորստին։ Կոռուպցիան, բարոյա–հոգևոր աննախընթաց անկումը հենց ինքնության կորստի հետևանք են։ Եթե ուզում ենք գտնել հանրության հիվանդությունն ու փորձել բուժել, ապաքինել, պետք է սկսենք ինքնության վերականգնումից։ Այս գործում կարևոր դեր ունի հայ մտավորականությունը, որին սակայն շատերն են հրաժարվում հավաքի տեղ հատկացնել, քանի որ վախենում են վարչապետի «զայրույթից»։ Իսկ այս կառավարության հրաժարականի պահանջը ոչինչ չի տա, քանի որ ինքնության այս պաշարով հանրությունը մի նոր «նիկոլ» կբերի։
Խնդիրը հանրության հավաքական մտածելակերպի մեջ է։
Բակուր Կարապետյան
Արձակագիր, հրապարակախոս, գեղանկարիչ,
«Շուշի բերդաքաղաք» ԲՀ տնօրեն