Զինվորը սահմանն արյունով ա գծել, ինչի՞ եք վրեժ լուծում մեր զինվորից. կիրանցին՝ Վահե Ղազարյանին
Երեկ գիշերվանից Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և այլ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Այսօր Կիրանց էր գնացել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, որը հայտարարել էր, թե գնացել է բնակիչների հետ խոսելու նպատակով։
ՆԳ նախարարը բնակիչների հետ շփման միջոցով փորեձց պարզել նրանց մտահոգող հարցերը:
«Ինձ երևի ճանաչում եք, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է մտահոգողը»,-հետաքրրքվեց նա։
Բնակիչներից մեկն ասաց, որ մտահոգող հարցերից մեկը վերաբերում է նրան, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի ճանապարհն անցնելու է Կիրանցի դպրոցի մոտով։
«Սա մեզ համար մեծ ցավ է, որ հենց մեր գյուղի ու մեր տների միջով է անցնելու։ Այսօր մենք տներ, աշխատատեղ, հողամասեր ենք կորցնում։ Մենք փոքր ժամանակից աշխատել ենք, ստեղծել։ Մեր հերոս տղերքը, որ կյանքները տվել, այս հողերը պահել են, պետք է ապրենք այստեղ, որ իրենց արյունը չկորչի, բայց այսօր դա կորցնում ենք»,- ասաց կիրանցի մի երիտասարդ։
Վահե Ղազարյանը պատասխանեց, որ Տավուշի մարզպետն ամեն ինչ ասել է, հիմա չի ուզում նրա ասածները կրկնել, պարզապես վստահեցրեց, թե մարզպետն ինչ ասել է, ճիշտ է ասել, ընդհուպ այն բարձրացրել է երեկ Անվտանգության խորհրդի նիստին։
«Ձեզ մտահոգող բոլոր հարցերը բարձրացված են»,-շեշտեց նախարարը և դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ հավելելով.
«Դանիելյան ջան, դու ինձ լավ ես ճանաչում, ես օդում բառ չեմ ասում, ասում եմ՝ ձեզ մտահոգող ինչ հարց ունեք, մարզպետը բարձրացրել է։ Երևի մարզպետն ասել է, որ մարդիկ պետք է ներկա լինեն սահմանազատման աշխատանքներին։ Ժողովուրդ ջան, ձեր հետևից ոչ մի բան չի լինելու»։
ՆԳ նախարարի խոսքին միջամտեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը՝ հարց ուղղելով նրան, թե գյուղացինե՞րն են որոշելու պետական սահմանը։
«Եթե գյուղացիները որոշեն, որ պետական սահմանն այսպես է անցնելու, այդպե՞ս է անցնելու»,-հարցրեց Սուրեն Պետրոսյանը։
Վահե Ղազարյանը հարցին պատասխանելով՝ պարզաբանեց, թե ինչու են մարդկանց ընդգրկում սահմանազատման գործընթացներում, որպեսզի «կողքից չգան ու մարդկանց չխառնեն, որ մարդ չիմանալով՝ գա այստեղ խանգարի»։
Սուրեն Պետրոսյանը հակադարձեց նախարարին՝ ասելով, որ այս ամբողջը պետականության հարց է, ինչպե՞ս է ասում՝ կողքի հարց։
«Հիմա գյուղացին ասում է, որ սահմանը կարող է այսպես անցնել, նրա ասածը հի՞մք ենք ընդունում»,- կրկին հարցրեց Սուրեն Պետրոսյանը։
Սակայն Վահե Ղազարյանը հստակ պատասխան չտվեց՝ պատճառաբանելով, թե Սուրեն Պետրոսյանին լավ ճանաչում է, իսկ ինքը եկել է բացառապես Կիրանցի բնակիչների հետ խոսելու։ Այնուհետև դիմելով բնակիչներին՝ ասաց.
«Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու»։
Բնակիչներից մեկը ևս դիմեց ՆԳ նախարարին՝ ասելով.
«Սահմանը զինվորն արյան գնով գծել է, ինչի՞ մասին է խոսքը, պատերազմից հետո զինվորը, արյունն է, չէ՞, սահման գծում, ի՞նչն եք հետ տալիս, մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, բա ի՞նչ իմաստ ունի՝ թշնամուն բերենք մեր քթի տակ։ Զինվորը սահմանը գծել է, բոլորս տղավարի կռվել ենք։ Այն կողմից թողել ենք թուրքին, այս կողմից սահման ենք գծել»։
Վահե Ղազարյանը պարզաբանեց, թե ուզում են սահման գծել, բնակիչն էլ պատասխանեց՝սահման արդեն ունեն։
Այնուհետև Վահե Ղազարյանը լրագրողին խնդրեց ուղիղ եթերը մեկ րոպեով անջատել, որպեսզի կարողանա բնակիչների հետ խոսել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում