ՀՀ-ն տարածքների դիմաց ստանալու է անվտանգային ռիսկերի նվազեցում. վարչապետի աշխատակազմ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի փոփոխություն կարվի։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` մեկնաբանելով սահմանազատման հարցերով հանձնաժողովների այսօրվա հանդիպման արդյունքները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:

«Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաև Կիրանց-Աճարկուտ-Իջևան ճանապարհը: Նկատի ունենք` Կիրանցն ունի նաև այլընտրանքային ճանապարհ, և գործնականում էական խնդիրներ չկան»,– ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։

Պետական մարմինը չի հերքում, որ գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց միաժամանակ նշում է, որ նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման, որը պահպանելու են Հայաստանի Հանրապետության սահմանապահները։

«Ադրբեջանն այս ամենի արդյունքում ոչ թե 4, այլ 2.5 գյուղ է ստանում, որովհետև Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»,– ընդգծել է վարչապետի աշխատակազմը:

Տեսանյութեր

Լրահոս