Նոր հայկական պատրանքներ և այլընտրանքներ
Ներկայացնում ենք ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը:
Հայաստանն այսօր հզոր աշխարհաքաղաքական վայրիվերումներ է ապրում: Եվրասիական կամ եվրոպական հեռանկարի քննարկումը պատմականորեն վաղաժամ է, աշխարհաքաղաքական առումով ոչ համարժեք, իսկ ներքաղաքական առումով՝ վնասակար: Հայաստանի համար այս փուլում կարևոր է պահպանել ռազմավարական կայունությունն ու հետևողականությունը և խուսափել աշխարհաքաղաքական մեկուսացումից: Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրությունը Հայաստանին ոչ թե աշխարհաքաղաքական շարժունակության լրացուցիչ հնարավորություն է ընձեռում, այլ սրում է հարաբերությունները պատմական դաշնակիցների հետ և նոր պայմաններ ստեղծում թյուրքական կոալիցիայի քմահաճույքները բավարարելու համար:
Ակնհայտ է, որ արտաքին հարաբերությունների այսպես կոչված դիվերսիֆիկացման, հարևանների հետ խաղաղության և ինքնիշխանության ամրապնդման քաղաքականության ներքո ընթանում է Հայաստանը Ռուսաստանից «կտրելու» գործընթաց, որը չափազանց վտանգավոր է մեր պետականության համար: Այն հիմնված է այն թեզի վրա, որ ժամանակակից Հայաստանը պետք է ձերբազատվի իբր երեք պատրանքներից, որոնցով ապրել է անկախության բոլոր տարիներին. «Արցախը կարող է անկախ և ազատ լինել», «Աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և Թուրքիային պատասխանատվության կկանչի» և «Ռուսաստանը մեր հուսալի դաշնակիցն ու պաշտպանն է»:
Այս մոտեցման հեղինակները համարում են, որ հասարակությունը, որը կհաշտվի այդ «պատրանքները» կորցնելու հետ, պատրաստ կլինի ապրել նոր հայկական պետությունում, որը փաստացի հարմար է առաջին հերթին թյուրք հարևաններին և աշխարհաքաղաքական նոր խնամակալներին: Այս կանխադրույթների փոխարեն, որոնք իրականում հիմնարար են մեր ազգային ինքնության և ամբողջականության համար, մեզ առաջարկում են իսկական պատրանքներ, օրինակ՝ «Արևմուտքը մեզ կօգնի», «թյուրքերի համար հայկական հարց չկա», «առանց Ռուսաստանի ավելի լավ կլինի»:
Ռուսաստան
Հարավային Կովկասի բանալիները Ռուսաստանից խլելու և Թուրքիային հանձնելու մտադրությունը փաստացի անթաքույց է և տեղի է ունենում նաև այն պատճառով, որ Ռուսաստանի գործոնը, որպես հայերի պաշտպանի, աղավաղվել է: Կարևոր եմ համարում նշել, որ ռազմավարական առումով ներկա գտնվել Հայաստանում օբյեկտիվորեն նշանակում է լինել նրա պաշտպանը: Հայաստանում չլինել՝ նշանակում է հեռանալ Հարավային Կովկասից: Այդ իսկ պատճառով կարևոր է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները.
1. Արդյո՞ք Ռուսաստանն ունի երկարաժամկետ հայկական ռազմավարություն և ինչպես է այն դրսևորվում: Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում իր ապագա քաղաքականությունը տարածաշրջանում:
2. Ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում անվտանգության նոր կառուցվածքը Հարավային Կովկասում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հարավային թևի գործունեության, տարածաշրջանում աճող թյուրքական գործոնի և Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների շուրջ աճող լարվածության համատեքստում:
3. Արդյո՞ք Ռուսաստանն իր համար փակել է հայկական Ղարաբաղի թեման:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը պետք է վերացնի ամորֆությունն ու բազում ներքին հակասությունները հետխորհրդային այնպիսի ձևաչափերում, ինչպիսիք են ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը: Միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, որ հայկական մոտեցումը՝ տնտեսապես ապրել Ռուսաստանի հաշվին, բայց անտեսել նրա ռազմավարական շահերը (մի կողմից՝ ԵԱՏՄ, մյուս կողմից՝ ՀԱՊԿ) ռուսական վերնախավի կողմից ընկալվում է որպես անոմալիա և երկար տևել չի կարող:
Չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դառնում է ավելի ինքնաբավ և ինքնավստահ, տեղի է ունենում շուկաների և լոգիստիկ ուղիների վերակողմնորոշում, ինչպես նաև քաղաքակրթական և աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի Արևելք:
Միաժամանակ ակնհայտ է, որ Ռուսաստանն իր 2,5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով հակադրվում է ավելի քան 50 տրիլիոն դոլարանոց տնտեսական հզորությանը: Ռուսական բանակը, չնայած առաջին փուլի բոլոր խնդիրներին ու դժվարություններին, այնուամենայնիվ, դարձավ բավականին մարտունակ և աշխարհում ամենահզորներից մեկը: Իսկ Սիրիայի փորձը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարող է ռազմական գործոն դառնալ իր ազգային սահմաններից հեռու: Ուկրաինայում Ռուսաստանի առաջխաղացման հետ մեկտեղ նրա ցանկությունն ավելի ինտենսիվ կենտրոնանալու իր ավանդական ռազմավարական ներկայության այլ ուղղությունների վրա միայն կաճի:
Արևմուտք
Հասկանալի է, որ Եվրոպան մարմնավորում է բարգավաճում, անվտանգություն և արդարություն, իսկ հայերի համար եվրոպական հեռանկարն առաջին հերթին առանց վիզայի ճանապարհորդության հնարավորություն է: Բայց այսօր դա արդեն այնքան ակնհայտ չէ, որքան 20 տարի առաջ։ Ինչպես ցույց են տալիս վերջին սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այնպիսի ավանդական արժեքները, ինչպիսիք են հայրենասիրությունը, ընտանիքն ու կրոնը, արագորեն կորցնում են իրենց արդիականությունն ու նախկին նշանակությունը արևմտյան աշխարհում, ինչը հակասական է դարձնում Եվրոպայում ժողովրդավարական ապրելակերպի ժամանակակից մոդելը:
Չնայած եվրոպական հեռանկարի կարևորությանն ու գրավչությանը, մենք պետք է հասկանանք և գիտակցենք, որ այն մեր խնդիրների, հատկապես թյուրքական հարևանների հետ նոր հարաբերություններ կառուցելու համադարման չէ, այլ միայն պետության որակը ներսից բարելավելու բացառիկ հնարավորություն: Բացի այդ, եվրոպական հեռանկարը գնալով ավելի անորոշ է դառնում, քանի որ ուկրաինական հակամարտությունը ավելի է բարդացնում այն հենց Եվրոպայի համար: ԵՄ-ի համար մանևրելու և իր հստակ արժեքները, սկզբունքներն ու գործող մեխանիզմները պահպանելու տարածքը նեղանում է: Միաժամանակ մեծանում է Ռուսաստանի հետ անմիջական աշխարհաքաղաքական բախման հեռանկարը:
Սեփական ներքաղաքական օրակարգը սպասարկելու համար Արևմուտքն այժմ հաջողություններ արձանագրելու կարիք ունի՝ վերջին տարիների բազմաթիվ ձախողումները հարթելու համար: Նման պոտենցիալ հաջողության որոշիչ տարր կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույտ ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը: Այս ամենը ոչ հրատապ կդարձնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ռազմաքաղաքական բաղադրիչը հայության նոր և ապագա սերունդների համար: Բայց մենք չպետք է ընկնենք այս վտանգավոր ռազմավարական թակարդը՝ վաղանցիկ եվրոպական հեռանկարի և ավելի լավ կյանքի նոր խոստումների դիմաց:
Կա՞ երաշխիք, որ ԵՄ-ն միասնական կլինի Հայաստանի խնդիրների լուծման հարցում, երբ գա գործնական քայլերի ժամանակը: Ադրբեջանը մեթոդաբար իր գազային և նավթային ասեղին է սովորեցնում բազմաթիվ եվրոպական երկրներին՝ ստեղծելով գործընկեր-աջակիցների դաշինք, որի օգնությամբ կկարողանա արգելափակել ԵՄ-ում մեզ համար բոլոր կարևոր որոշումները: Արդեն այսօր՝ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարների քննարկման փուլում, Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ցույց են տալիս իրենց անհամաձայնությունն ու վրդովմունքը: Եվ սա դեռ սկիզբն է:
Արևմուտքի ակտիվ մուտքը տարածաշրջան Հայաստանի միջոցով, Թուրքիայի հետաձգված եվրոպական հեռանկարները, ինչպես նաև Հարավային Կովկասում պատմականորեն հաստատված շահերը կարող են հանգեցնել հզոր հակահայկական կոալիցիայի ստեղծմանը, որը բաղկացած կլինի Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից և Ադրբեջանից, և դա կհանգեցնի Հայաստանի պոտենցիալ աշխարհաքաղաքական մեկուսացմանը: Արդյո՞ք մենք և մեր արևմտյան գործընկերները պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը:
Լավ կլինի նաև մտածել, թե ինչպե՞ս կբարելավվի ԵՄ քաղաքացիների կյանքը նոր անդամներ ունենալուց հետո: Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ օգուտ ենք բերում Եվրամիությանը: Ի՞նչ կարող է տալ Հայաստանին ԵՄ անդամակցությունը, որն այսօր չենք կարող ունենալ առանց ԵՄ-ի: Որքանո՞վ են հասկանալի և ընդունելի ԵՄ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները տարածաշրջանում Թուրքիայի նոր գերիշխող դերի մասին:
Ի դեպ, աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնների միջև այսպես կոչված նոր ընտրության համատեքստում Ռուսաստանի հետ ամեն ինչ պարզ է. նա չի թաքցնում իր աշխարհաքաղաքական նպատակներն ու նկրտումները: Ռուսաստանին, մեծ հաշվով, չի հետաքրքրում Հայաստանի ներքին կյանքը: Քիչ է ժողովրդավարությունը, թե շատ՝ նրա համար նշանակություն չունի: Արևմուտքի դեպքում խնդիրն ավելի բարդ է: Վերջին տարիները ցույց տվեցին, որ Արևմուտքի համար ընդունելի է ոչ ժողովրդավարական մեթոդներով իբր զարգացնել ժողովրդավարությունը և ապահովել օրենքի գերակայությունը, քանի դեռ այն հանգեցնում է իշխանությունների հակառուսական աշխարհաքաղաքական վեկտորի ուժեղացմանը:
Ո՞րն է այլընտրանքը
Այլընտրանք պետք է դառնա Հայաստանի քաղաքականությունը, որը, հիմնվելով իրատեսության, պրագմատիզմի և ռացիոնալիզմի սկզբունքների վրա, կապահովի աշխարհաքաղաքական կայունություն և թույլ կտա.
– նախ՝ խուսափել Ռուսաստանը աշխարհաքաղաքական հզոր հակառակորդի վերածելուց, նրա հետ առևտրատնտեսական հարաբերությունների վատթարացումից, հայկական սփյուռքում մեծ պառակտումից, որպեսզի Հայաստանը վերջնականապես չդառնա միայն այնտեղ ապրող հայերի հայրենիք:
– երկրորդը՝ գտնել նոր և ավելի ողջամիտ լուծումներ երկրի զարգացման և տարածաշրջանում հարևանների հետ նոր հարաբերություններ կառուցելու և հակահայկական լայն տարածաշրջանային կոալիցիայի ձևավորումը կանխելու համար:
Աշխարհաքաղաքական կայունության համար անհրաժեշտ է կարևոր ռեսուրս՝ վստահություն Հայաստանի իշխանությունների նկատմամբ իր հիմնական դաշնակիցների և գործընկերների կողմից: Մշտական սիրախաղի և ազդեցության մի կենտրոնից մյուսը խուսանավելու քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանում վստահության մակարդակը բացարձակ իրավիճակային է և ոչ մի կերպ չի նպաստում ռազմավարական կարևոր հայանպաստ լուծումներ գտնելուն:
Աշխարհում տեղի ունեցող զարգացումները ապացուցում են, որ զսպման և խաղաղություն պարտադրելու ոչ մի ունիվերսալ միջազգային մեխանիզմներ չեն գործում, և այս իրավիճակն այլևս չի փոխվի: Օպտիմալ լուծումները նեղ տարածաշրջանային և միջպետական ձևաչափերի մակարդակում են: Տարածաշրջանի երկարաժամկետ կայունության ևևանվտանգության համար պետք է ստեղծել զսպումների և հակակշիռների նոր համակարգ, ընդ որում՝ առաջին հերթին ազգային պաշտպանունակության հարցերի առումով: Այս հարցում մենք չպետք է բարդույթներ ունենանք. օրինակ՝ շարունակել ինտենսիվ երկկողմ համագործակցությունը Ռուսաստանի հետ, համարձակ հեռանկարներ կառուցել Իրանի հետ, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության նոր գործընկերներ փնտրել Եվրոպայում և Ասիայում: Նման քաղաքականության տրամաբանությունը նրանում է, որ չկորցնենք ներկայիս տնտեսական բարեկեցության բոլոր աղբյուրները, որոնց միջոցով անհրաժեշտ կլինի կառուցել ազգային անվտանգության արդյունավետ համակարգ հենց այսօր, այլ ոչ վաղը (ներառյալ անհրաժեշտ զենք ձեռք բերելը):
Ռազմավարական կայունությամբ մենք կարող ենք և պետք է հետաքրքիր լինենք BRICS+ դաշինքի համար, որը կարող է հստակ ուրվագծել իր աշխարհաքաղաքական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ և ինչ-որ չափով չեզոքացնել թյուրքական էքսպանսիայի ծրագրերը տարածաշրջանում: Պետք չէ մոռանալ նոր աշխարհակարգում այս կազմակերպության աճող դերի մասին, և որ դրա առանցքային անդամները Ռուսաստանի հետ միասին Չինաստանն ու Հնդկաստանն են:
Հայաստանի համար բացվում են Իրանի շուկա մուտք գործելու իրական հեռանկարներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ինչպես նաև նոր ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի հնարավորություն, որոնք կհանգեցնեն Պարսից ծոց-Սև ծով միջազգային լոգիստիկ միջանցքի ձևավորմանը: Նման ուղիղ միջանցքը կնվազեցնի Իրանի և արաբական երկրների կախվածությունը տարածաշրջանի թյուրքական երկրներից դեպի սևծովյան նավահանգիստներ, կխթանի Վրաստանից Ռուսաստան երկաթուղու վերագործարկումը (հոսքն այլևս չի լինի միայն հայկական), ինչպես նաև համաշխարհային մասշտաբով չեզոքացնել Թուրքիայի տնտեսական և քաղաքական գործոնը տարածաշրջանում: Հաշվի առնելով արևմտյան երկրների ցանկությունը՝ մեղմացնել Իրանի հետ երկխոսության երանգը՝ Իրանի էներգառեսուրսներին, հատկապես՝ գազին մուտք ունենալու համար, ինչպես նաև Եվրոպային Իրանի տարածքով թուրքմենական գազը հասանելի դարձնելու համար մենք պետք է լրջորեն մտածենք իրանական և թուրքմենական գազի տարանցիկ երկիր դառնալու և պայմանական Մեղրիի գազային տարանցման հանգույցի մասին:
Հայաստանի համար համագործակցության լուրջ ոլորտ կարող են դառնալ արաբական երկրները: ԱՄԷ-ի և Կատարի հետ հարաբերությունների արդեն իսկ հաստատված դրական դինամիկան զուտ առևտրից կարող է վերածվել լայնածավալ նորարարական համագործակցության ծրագրի՝ հաշվի առնելով այս երկրներում ֆինանսական ռեսուրսների, նորագույն տեխնոլոգիաների և կառավարման լավագույն ռեսուրսների առկայությունը:
Արևմտյան գործընկերների հետ կարելի է ակտիվ աշխատել Հարավային Կովկասում համագործակցության արդիական միավորող ոլորտները բացահայտելու համար. ընդհանուր տարածաշրջանային բնապահպանական օրակարգ, միջսահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, ընդհանուր տարածաշրջանային զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծում, ինչպես նաև համատարածաշրջանային երկխոսության և համագործակցության նոր մեխանիզմների որոնում և ներդրում (խորհրդարանական հարթություն, քաղաքացիական հասարակություն, երիտասարդություն), միջմշակութային երկխոսության ընդլայնում և այլն:
Հաշվի առնելով Ռուսաստանի հետ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների տրամաբանությունը, ինչպես նաև Հայաստանի աշխարհաքաղաքական որոշակիությունը, որպես երկարաժամկետ հեռանկար կարելի է առաջ մղել Հարավային Կովկասի՝ որպես պատերազմի ռիսկերից զերծ տարածքի գաղափարը, որտեղ տարածաշրջանի երկրների համատեղ ջանքերով պաշտպանում են հիմնական տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցություններն ու ենթակառուցվածքները:
Մենք պետք է շարունակենք երկխոսությունը և հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. սա անխուսափելի իրողություն է և անհրաժեշտություն: Բայց դրանք զարգացնելու համար պետք է նոր ձևաչափեր կառուցել: Հայաստանի միայնակ, անմիջական երկխոսությունը երկու թյուրքական պետությունների հետ, Արևմուտքի կողմից թուրքական տարածաշրջանային հավակնությունների թաքնված աջակցությամբ, հանգեցնում է միայն նոր զիջումների և կորուստների: Այն պետք է ուղեկցվի Իրանի ու Ռուսաստանի հետ բազմակողմ երկխոսության ուժեղացմամբ, ինչպես նաև պայմաններ ստեղծելով, որպեսզի նրանք ռազմավարապես շահագրգռված լինեն ուժեղ և անկախ Հայաստանով: Իսկ վերջին ԵՄ-ԱՄՆ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեց, թե որքան անմիջականորեն է ԵՄ-ն կախված Ադրբեջանի և Թուրքիայի գաղափարներից, և ևս մեկ անգամ հաստատեց, որ «Արևմուտքը մեզ կօգնի» պնդումը պատրանք է:
Արմեն Գևորգյան