
«Օրրան»-ի հարևանությամբ ապօրինի շինարարությունը շարունակվում է

Չնայած շինարարության կասեցման վերաբերյալ դատական ակտի առկայությանը՝ «Օրրան» բարեգործական կազմակերպության հարակից տարածքում ապօրինի կառուցապատումը շարունակվում է: Այս մասին ահազանգում է կազմակերպությունը տրամադրված հաղորդագրությամբ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդրին:
«ՀՀ վարչական դատարանի՝ 2024թ. հունվարի 3-ի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2024թ․ հունվարի 5-ի որոշումների հիման վրա, համապատասխանաբար, կասեցվել է վարչական ակտի (շինարարության թույլտվութան) կատարումը և կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելվել է կառուցապատող Արգամ Հովհաննիսյանին Երևան քաղաքի Եկմալյան 6/3 հասցեում կատարելու հասարակական օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ։ Այսօրվա՝ 2024թ․ ապրիլի 15-ի դրությամբ նշված դատական ակտերը երկուսն էլ ուժի մեջ են, և հարուցված են կատարողական վարույթներ, մինչդեռ կառուցապատողը իրականացնում է շինարարական աշխատանքներ՝ անտեսելով ՀՀ օրենսդրության պահանջները և չկատարելով դատարանների որոշումները, ինչը քրեորեն պատժելի արարք է։
Ցանկանում ենք պատկան մարմինների՝ ՀՀ հարկադիր կատարման ծառայության, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրել այս հանգամանքին՝ միջոցներ ձեռնարկելու օրենսդրության պահանջի՝ դատական ակտի կատարումը ապահովելու և իրավախախտում կատարած անձին (անձանց) պատասխանատվության ենթարկելու համար»,-նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 11-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ահազանգել էր իր հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարության մասին, որը խախտելով օրենքով սահմանված թույլատրելի 6 մետր հեռավորությունը, իրականացվում է «Օրրան»-ից 1,6 մետր հեռավորության վրա՝ վտանգի տակ դնելով ամեն օր «Օրրան» հաճախող հարյուրավոր երեխաների, աշխատակիցների և հյուրերի կյանքը։
«Օրրան»-ը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 23 տարի է ամենօրյա օգնություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, երեխաներին և միայնակ տարեցներին։