Վաղվանից սկսած առաջիկա 10 օրերին ուշադիր եղեք այն ամենին, ինչ կտեսնեք. Վլադիմիր Մարտիրոսյան

«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրական և պատմական Հայաստանի թեզը մի ողջ նարատիվ է, որն ունի սցենարային և իմաստային ազդեցության մի ողջ պլան: Այդ պլանի էական բաղկացուցիչ մասերից մեկը նաև Հայոց Ցեղասպանությունը «պատմական Հայաստանի» մեջ տեղավորելն ու զմրսելն է: Այն ինչ դուք դիտարկել եք վերջին շաբաթվա ընթացքում այդ դիսկուրսի առումով դեռ նախերգանքն էր:

Վաղվանից սկսած և առաջիկա տաս օրերին, մինչ ապրիլի 24-ը դուք լսելու եք մտքեր և տեսնելու եք դեմքեր, ովքեր հիմնահատակ ձևախեղելու են Հայոց Ցեղասպանության իրողությունն ու ընկալումը: Ցավոք այդ մարդիկ ազգությամբ հայ են, ավելին հենց Ցեղասպանությունը վերապրած իրենց նախնիների սերունդներ: Դուք լսելու եք մտքեր, տեսություններ, մտազեղումներ, որոնք մինչ այս չեք լսել, որովհետև մինչ այս դրանց քարոզով և լոբբինգով Հայաստանի ներսում որևէ մեկը չի զբաղվել: Դրանով արտաքին աշխարհում զբաղվել է թուրքական քաղաքական միտքը մշակելով նարատիվներ, որոնց առաքելությունը եղել է Հայոց Ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական նշանակության, ազդեցության սննկացումն ու հերքումը: Վաղվանից այդ առաքելությունը ստանձնելու է ներսում նաև ձեր «հայրենական իշխանությունը»:

Ուշադիր եղեք այն ամենին, ինչ կտեսնեք առաջիկայում: Գործող քաղաքական դերակատարները լինելու են նույն նրանք, ովքեր Արցախը ադրբեջանցիներից ջանասիրաբար են ընդունում ադրբեջանական, հայրենիքը բոլորից ջանասիրաբար են մսխում, հայ մարդուն բոլորից ջանասիրաբար են դարձնում «իրական հայաստանի» ամորֆ ու անհուշ քաղաքացի»:

Տեսանյութեր

Լրահոս