Դպրոցներն անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ են. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ով դպրոցներին վերաբերող կեղծ լուրերին՝ հայտարարելով, թե դպրոցներում դասապրոցեսն այսօր նորմալ ընթանում է, և ծնողները խուճապի որևէ առիթ չունեն․

«Դպրոցներում ուսումնական պրոցեսը կազմակերպվում է բնականոն, տելեգրամյան ալիքներում կեղծ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, իրավիճակը գտնվում է լուրջ ուշադրության ներքո, այս պահին անհանգստանալու կարիք չեմ տեսնում»,- նշել է նա։

Անդրեասյանի խոսքով՝ դպրոցներից տարհանման որևէ կարիք չկա.

«Դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ, ես կարծում եմ՝ պետք է վստահել մեր իրավապահ համակարգին․ ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին»։

Ըստ նրա, տարածվող լուսանկարները նույնությամբ կրկնում են մի քանի ամիս առաջ այլ երկրի դպրոցների մասին նմանատիպ տեղեկատվությունը.

«Երբ խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, այն մեզնից հեռու իրականություն չէ»։

Տեսանյութեր

Լրահոս