Արմեն Աշոտյանը 10 փաստ ու 10 փաստարկ է ներկայացնում, թե ինչու ինքը չպիտի գտնվի կալանքի մեջ
Իր խափանման միջոցի փոփոխության հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ներկայացրեց 10 փաստ ու փաստարկ առ այն, թե ինչու ինքը չի կարող գտնվել կալանքի տակ:
«Փաստ 1-ին՝ ինձ վերագրվող դրվագներում ես չկամ, իմ մասնակցությամբ որևէ գաղտնալսված դրվագ գոյություն չունի, որն առիթ կտա մտածել՝ ես միջամտե՞լ եմ, թե՞ չէ գործի քննությանը: Փաստ 2-րդ՝ ինձ ենթարկել են բազմաթիվ գաղտնի քննչական գործողությունների, ժամանակի երկար կտրվածքով: Ինձ լսելու պատմությունից գեթ մեկ դրվագ չկա, որը կարող է այս կամ այն տիպի ապացույց լինել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
Բացի դրանից, ըստ Արմեն Աշոտյանի, քննչական մարմինը, ի դեմս քննիչ Տիգրան Շոխոյանի, առերեսում չի արել Կարեն Հակոբյանի հետ:
«Մերժել են, խի՞ են մերժել մեր առերեսման պահանջը: Թող անեին, ասեին՝ մեղադրյալ Աշոտյան, արել ես էսինչ բանը, ես էլ միջազգայիններին ասեի՝ կներեք, տղերք ջան, արել եմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
4-րդ փաստը հետևյալն է՝ իրեն կալանավորելուց առաջ գործով անցնող վկաներ Կարեն Հակոբյանին ու Գոռ Վարդանյանին չեն հարցաքննել. Նրանց հարցաքննել են արդեն իրեն կալանավորելուց հետո: Մեկը ցուցմունք չի տվել, մյուսին հարցաքննել են 3 օր:
«Կարեն Հակոբյանին քննիչը հարցրել է՝ Արմեն Աշոտյանն ազդեցություն գործե՞լ է, ասել է՝ ոչ, չի ազդել»,- ասաց նա:
5-րդ փաստարկն արդեն դատաքննության փուլին է վերաբերում:
«Այս դահլիճում գտնվող մեղադրյալներն ուղիղ եթերում ասել են՝ ազդեցություն չեմ գործադրել, ոչ, նյետ, նիխտ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Հաջորդ՝ 6-րդ փաստարկն այն էր, որ իրենց առաջադրված 3 մեղադրանքներից ամենածանրը՝ փողերի լվացումը, չի կարող դրվել իրեն կալանավորելու հիմքում:
7-րդ փաստարկը վերաբերում էր այլընտրանքային համակցված խափանման միջոցներին:
8-րդ փաստարկը տնային կալանքի մասին էր:
«Խնդրում եմ, ինձ բացատրե՛ք՝ տնային կալանքը ինչո՞վ է ավելի լիբերալ, քան իմ այսօրվա ռեժիմը: Որովհետև ես էսօր անազատության մեջ եմ, բայց ունեմ զանգերի իրավունք, տեսակցություններս բաց են: Պատգամավորները հիմա շաբաթը մի անգամ այցելում են ինձ, տնային կալանքի դեպքում չեմ ունենա: Տնային կալանքի ռեժիմում կարող եք դրանք սահմանափակել: Հիմա ո՞նց ես ավելի շատ կարող եմ ազդել քննության վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի բերած 9-րդ փաստարկն այն էր, որ իր ենթադրյալ միջամտության մասին քննիչի կողմից տեղեկություններ ունենալուց երկու ամիս հետո է ինքը կալանավորվել:
«Եթե ես իրոք միջամտել եմ, ապրիլին ինքը տեղյակ է եղել, ես ինչո՞ւ եմ կալանավորվել հունիսին: Իսկ եթե չեմ միջամտել, ինչո՞ւ եմ ես՝ 2 անչափահաս տղաների հայրը, 10 ամիս նստած: Ու դուք զարմանում ենք, որ մարդիկ ասում են՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է»,- նշեց նա:
10-րդ փաստն այն է, որ պետությանը վնաս չի պատճառվել, և դատավորը երեկ դա փաստել է իր որոշմամբ:
Հաջորդիվ Արմեն Աշոտյանն անցավ փաստարկների ներկայացմանը:
1. Ես քաղաքական բանտարկյալ եմ: Իշխանությունը կրվել է մարդկանց հոգիների ու սրտերի համար պայքարը իմ մասով: Հանեք մեր երկրի վրայից այդ պիտակը: Օգնեք, որ Հայաստանը չդրվի Ադրբեջանի կողքին: Ազատեք մեր երկիրը քաղբանտարկյալների խարանից:
2. Ըստ միջազգային զեկույցների՝ դատարանները Հայաստանում կոռումպացված, քաղաքականացված են: Օգնեք երկրին ամենաաղմկոտ գործերից մեկով վարկանշային կորուստներ չունենալ:
3. Հայաստանում կալանքը պատժի միջոց է: Սրա մասին ԱՄՆ Պետդեպն է գրել: Օգնեք Հայաստանի իմիջին՝ հանգուցալուծելով այս խնդիրը:
4. Ես նստած եմ 10 ամիս: Դանիել Իոաննիսյանը հրապարակել է թիվ, որ Հայաստանում մարդասպանների 73%-ը գտնվում է ազատության մեջ: Այսինքն՝ ամեն 4 մարդասպանից 3-ն ազատ է, ես նստա՞ծ եմ:
5. 10 ամիս է՝ գտնվում եմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում և որևէ կարգապահական ու վարքականոնային խախտում չունեմ:
6. Ո՞րն է երաշխիքը, որ ես «խելոք» կպահեմ… Էս գործը ներքին և միջազգային ուշադրության կենտրոնում է: Ես ինձ չեմ կարող վատ պահել ու ինձ խայտառակել հանրապետությունով մեկ ու համայն աշխարհով:
7. Այս գործով տուժողներ չկան:
8. Էս ընթացքում մոտ 60 հոգի՝ Հայաստանից և Սփյուռքից, հայ և ոչ հայ, երաշխավորել են ինձ համար: Նրանց թվում մարդիկ կան, որ եթե ինձ չբռնեիք, կյանքում իմ մասին լավ բան չէին ասի:
9. ԱԺ ոչ միայն 30 պատգամավոր է ինձ համար երաշխավորել, այլ ԱԺ երկու կանոնադրական մարմին՝ ԱԺ 2 խմբակցությունները: Եվ սա իրոք աննախադեպ է: Եթե ես ինձ վատ պահեմ, Հայաստանի ողջ խորհրդարանական ընդդիմության գլխին կախվում է քրեական գործ: Ակնհայտ է, չէ՞, որ ես ինձ պատեպատ կտամ, բայց դա թույլ չեմ տա:
10. Էս գործը հարուցված է 2019թ.: Եթե տեսականորեն ինչ-որ մեկի վրա ազդելու, իրեղեն ապացույց ոչնչացնելու կարիք լիներ, 5 տարվա ընթացքում կարող էի հանգիստ անել: