«Աղբ» ինֆորմացիա ստեղծող ու տարածողի հետ շփվող ու միջոցառումների մասնակցող Աննա Վարդապետյանը խոսում է «աղբ» ինֆորմացիայից
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024թ. ապրիլի 6-ին, «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնության ղեկավար Անահիտ Գևորգյանի հրավերով, այցելել է Արարատի մարզի Արևշատ բնակավայր և հանդիպել տեղի, ինչպես նաև՝ հարևան բնակավայրերի՝ Դեղձուտի և Աբովյանի դպրոցների 13-16 տարեկան շուրջ 3 տասնյակ աշակերտների:
«Պատասխանելով աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող երևույթների մասին աշակերտներից մեկի հարցին՝ Աննա Վարդապետյանը նշել է. «Ամենակարևոր բանը ինֆորմացիոն «հիգիենան» է: Չպետք է թույլ տալ, որ «աղբ» ինֆորմացիան, ինչքան էլ այն գրավիչ մատուցվի, տեղ գտնի մեր ենթագիտակցության մեջ, որովհետև ենթագիտակցությունը ձևավորում է մեր էությունը, մեր էությունը ձևավորում է մեր ճակատագիրը: Դրա համար ձգտեք շփվել խելացի, իմաստուն, դժվար իրավիճակում հայտնված և այդ իրավիճակը հաղթահարած մարդկանց հետ»,- սա Աննա Վարդապետյանի՝ գյուղական բնակավայրերի աշակերտների հետ հանդիպման մասին Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից մի հատված է:
Աննա Վարդապետյանը, անշուշտ, ճիշտ խորհուրդ է տալիս աշակերտներին: Իհարկե, պետք է հեռու մնալ «աղբ» ինֆորմացիայից, որովհետև այն կործանում է մեր գիտակցությունը:
Սակայն արդյո՞ք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այն մարդն է, ով պետք է խոսի դրա մասին կամ այդ խորհուրդը տա աշակերտներին:
Աննա Վարդապետյանը թող նախ ինքն իր համար պատասխանի հետևյալ հարցին՝ «Իսկ «Perfect TV» կոչված յութուբյան ալիքը ինֆորմացիոն ա՞ղբ է տարածում, թե՞ մաքրամաքուր 100%-անոց ճշմարտություն»:
«Բաքվում ցնցումներ. Ալիևի գանգը ցրիվ են տվել», «Մոսկվա տեղ բոյ գնաց. հայերը էլի կզացրել են դրանց», «Դոդի Գագոին բռնեցին. Նիկոլի գժված հրամանը ԱԱԾ-ԻՆ», «Պուտինը գազազած զանգելա Նիկոլին. Հայերի բախտը որոշվեց», «Գետաշենը 4 Գյուղի դիմաց. Սպասվող արյունալի կծիկը քանդվեց», «Արա թափով դրան բերեք քցեք մոտս. Երևանում հնձում են փողատերերին», «Մահացել է Ադրբեջանի նախագահը. Սա այլևս չկա», «Ֆրանսիան ոչնչացրեց Ադրբեջանի գլուխը. Ալիևը մահը հայերի սրտով էր»… Սրանք վերջին մեկ ամսում այդ յութուբյան ալիքի տեսանյութերի բառացի, առանց խմբագրման վերնագրերն են:
«Perfect TV-ում և համանման այլ յութուբյան ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանազավթումից հետո: Այդ ալիքների գերակշիռ մասի համակարգմամբ, ըստ մամուլի ուսումնասիրությունների, զբաղվում է Շավարշ Սարուխանյան անունով անձը: Շավարշ Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային Ռադիոյի շենք ներխուժած անձանցից մեկն է, ով ապահովում էր Փաշինյանի ուղիղ եթերը։
Շավարշ Սարուխանյանի ողջ ընտանիքն ըստ էության զբաղված է աղբ ինֆորմացիայի տարածմամբ, իսկ քրոջ՝ Ստելլա Սարուխանյանի ձայնը կարելի է լսել աղբ ինֆորմացիա պարունակող մի շարք տեսանյութերում:
Ստելլա Սարուխանյանը հիմա Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականն է: Նրա ջանքերն ըստ արժանվույն են գնահատվել, և Աննա Վարդապետյանը, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Աննա Հակոբյանի հետ, չի կարող չիմանալ նրա շրջապատի մարդկանց ով լինելը ու վստահաբար սերտորեն շփվում է նաև Ստելլա Սարուխանյանի հետ: Նրանք անգամ միասին միջոցառումների են ներկայանում:
Հետևաբար՝ ունի՞ արդյոք Աննա Վարդապետյանը բարոյական իրավունք աշակերտների հետ խոսել աղբ ինֆորմացիայից ու զգուշացնել նրանց դրա վտանգների մասին:
Իսկ միգուցե նա իրո՞ք հասկանում է, որ այո՛, Ստելլա Սարուխանյանի ու նրա ընտանիքի ստեղծած ու տարածած ինֆորմացիան աղբ է: Այդ դեպքում հարց է ծագում՝ բա վերոբերյալ լուսանկարն ինչի՞ մասին է:
Աննա Վարդապետյանը սովորություն ունի վեհ գաղափարներից խոսել՝ մոռանալով, որ այս փոքր երկրում ու առավել ևս՝ փոքր քաղաքում շատերը շատ բան գիտեն ու կարող են իրեն, օրինակ, հիշեցնել բաներ, որոնք տրամաբանական ու կոնցեպտուալ հակասություն ունեն իր գաղափարական զեղումների հետ: Այնպես որ, վերջինս լավ կանի՝ հանդիպումներից առաջ պատրաստվի, որ չհայտնվի ծիծաղելի իրավիճակում, որ ստիպված չլինի կարդալ ու հիշել այն, ինչ վստահաբար չի ցանկանա կարդալ ու հիշել: