Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծումը

Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանի հետ բարեկամության խումբը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծությունը։

«Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի հայկական զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Այս նոր կրակահերթերը տեղի են ունեցել ապրիլի 5-ին, 6-ին և 7-ին ադրբեջանական ուժերի մի շարք հարձակումներից հետո, որոնց ընթացքում Բաքվի զորքերը կրակ են բացել Հայաստանի տարածքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ ՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ապօրինի տեղակայված դիրքերից:

Մենք՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներս, խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ լինի դա հայկական տարածքը պաշտպանելու համար տեղակայված մարտական ​​դիրքերի, թե խաղաղ բնակիչների վրա, ինչպես դա տեղի ունեցավ Տավուշի մարզի Մովսես գյուղում։

Մինչ Հայաստանը ցուցաբերում է առավելագույն զսպվածություն և վերահաստատում է իր հավատարմությունը բանակցային գործընթացին, ադրբեջանական իշխանությունների այս սադրանքները, ինչպես նաև Բաքվի վարչախմբի ապատեղեկատվության ռազմավարությունը չպետք է հանդուրժելի լինեն միջազգային հանրության համար:

Այսպես գործելով՝ Ադրբեջանը հրաժարվում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության առաջին հանդիպման շրջանակներում ստանձնած պարտավորություններից, երբ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այսօր Ադրբեջանը ապօրինաբար օկուպացնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի զգալի տեղամասեր՝ օկուպացիան մանրակրկիտ փաստագրված է Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) կողմից։

Եվրոպական Միությունը պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը և դադարեցնել հայկական տարածքի օկուպացիան ՝ Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար կրակում է հայկական զինված ուժերի դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ միևնույն ժամանակ ապատեղեկատվություն տարածելով հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս