Բաժիններ՝

Մարտին երկրագնդի վրա ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել․ մասնագետները մտահոգված են

Մարտը դարձել է տասներորդ անընդմեջ ամենատաք ամիսը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայությունը։

Ըստ ծառայության՝ անցյալ ամիսը եղել է երբևէ գրանցված ամենատաք մարտը, 2023 թ․ հունիսից ի վեր հերթական ամիսը, երբ արձանագրվում է ջերմաստիճանային ռեկորդ, բացի այդ, ծովի մակերևույթի ջերմաստիճանը նույնպես նոր ռեկորդ է սահմանել։

Անցյալ ամիսը եղել է ըստ Ցելսիուսի սանդղակի 1,68 աստիճանով ավելի տաք, քան 1850-1900 թվականներին՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանում մարտին գրանցված միջին ջերմաստիճանը։

Անցյալ ամիսը գերազանցել է ամենատաք մարտ ամսի ռեկորդն ընդամենը 0,1 աստիճանով, սակայն ըստ ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության փոխտնօրեն Սամանթա Բերջեսի՝ մտահոգություն է առաջացնում ջերմաստիճանի բարձրացման ընդհանուր միտումը։

Վերջին մեկ տարին համարվում է ամենաշոգը. այս ընթացքում մոլորակի ջերմաստիճանը մինչարդյունաբերական ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանը գերազանցել է 1,58 աստիճանով։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում երկրները պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։ Չնայած 12 ամսվա ընթացքում ջերմաստիճանը գերազանցել է 1,5 աստիճանը, սակայն այն դեռ չի հատել Փարիզի համաձայնագրի նպատակակետը, որը հաշվի է առնում մոլորակի միջին ջերմաստիճանը մի քանի տասնամյակի ընթացքում։

«Այնուամենայնիվ, իրականությունն այն է, որ մենք չափազանց մոտ ենք դրան», – ասել է Բերջեսը AFP գործակալությանը։

Բերջեսի խոսքով՝ ծովի ջերմաստիճանի հետ կապված իրավիճակը պակաս «ցնցող» չէ. համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի ռեկորդը, որը սահմանվել էր փետրվարին, մարտին կրկին գերազանցվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930