
Բանկային փոխանցումների նոր հնարավորություններ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև

Ըստ թուրք վերլուծաբան Էնգին Օզերի՝ Թուրքիան և Ռուսաստանը կարող են լուծել բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները՝ ստեղծելով ֆինանսական հաստատություններ Հյուսիսային Կիպրոսում և Աբխազիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև վճարումների համար առաջացած խնդրին լուծում կա. ինչպես գիտենք, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը և Աբխազիայի Հանրապետությունը մասամբ ճանաչված երկու երկրներ են և նրանցից ոչ մեկը ներկայացվածություն չունի ՄԱԿ-ում։ Վճարումները կարելի է կատարել «МИР» վճարային համակարգի միջոցով Աբխազիայում ռուսական կողմի ստեղծած բանկում կամ Հյուսիսային Կիպրոսի ցանկացած բանկում», – «РИА Новости»-ի հետ զրույցում ասել է Էնգին Օզերը։
«Թուրքիայից փոխանցումները կկատարվեն դեպի Հյուսիսային Կիպրոսի բանկ, իսկ Ռուսաստանից՝ Աբխազիայի բանկերին։ Քանի որ «МИР» համակարգն է օգտագործվելու, դրա վերահսկումը դրսից դժվար է, իսկ գործարարներն ու ընկերությունները պատժամիջոցների վտանգի առաջ չեն կանգնում»,- պարզաբանել է թուրք փորձագետը։
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացիներն ահաբեկում են Ռուսաստանի հետ աշխատող թուրքական բիզնեսներին և նշել, որ Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների խնդիրը դեռևս շարունակում է մնալ։