«Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն». Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբոուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրը «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ կրկին Տավուշի մարզում էինք:
Այս ընթացքում մեր բոլոր հանդիպումները և շփումները հստակ ցույց են տալիս, որ Տավուշում իշխանության առաջարկած միակողմանի զիջումների օրակարգի դեմ ձևավորվել է հանրային հակազդեցություն:
Տավուշի մեր հայրենակիցներն ամբողջությամբ գիտակցում են միակողմանի զիջումների հետևանքները, ինչը տեղական մակարդակում առաջացրել է բավականին լուրջ հակազդեցություն:
Տեղում այս ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ընդդիմադիր քաղաքական ուժերը, հոգևոր, հանրային- հասարակական գործիչները, որոնց ուղերձը մեկն է՝ կանգնել տավուշցու արդար պահանջի կողքին։
Սակայն, ոչ պակաս կարևոր խնդիր է հարցի լոկալիզացիայից խուսափելը։
Անվտանգությանը սպառնացող այն մարտահրավերը, որի առջև այսօր կանգնած է Տավուշում ապրող մեր հայրենակիցը, դա միայն իր խնդիրը չէ. սա համազգային նշանակության հարց է։
Հետևաբար, հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա:
Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նշեմ դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին.
-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում,
-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ,
-աշխատանք միջազգային հարթակներում,
-մարզային հանդիպումների շարք,
– անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,
– համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։
Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»։