Այս իշխանությունն օկուպացիոն ռեժիմ է, որը գործում է ուղղակիորեն Ադրբեջանի և Թուրքիայի թելադրանքով․ Վարդան Պողոսյան
Մենք չունենք լեգիտիմ կառավարություն, որովհետև լեգիտիմ է այն կառավարությունը, որն օրինական ընտրությունների արդյունքով իշխանության գալուց հետո իրականացնում է այն, ինչի համար իր քվեներն ստացել է։ Սա այդ դեպքը չէ։ Դիտարկենք 2021-ի արտահերթ ընտրությունները, որում իշխող ուժը հաղթանակ է տարել։ Խոսակցություններ կան, որ տարբեր կեղծիքներ և ընտրախախտումներ են եղել, բայց մի պահ դա բաց թողնենք և ելնենք այն կանխավարկածից, որ իրենք լրիվ օրինական ընտրությունների արդյունքով 2021-ին ստացել են Ազգային ժողովի գրեթե երկու երրորդ մեծամասնությունը։ Ի՞նչ կարգախոսներով են իրենք իշխանության եկել, ինչի՞ պատճառով են իրենք ստացել այդ երկու երրորդ ձայների մեծամասնությունն ԱԺ-ում, և ի՞նչ են արել իրենց խոստացածն իրականացնելու համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Եթե մենք իրենց խոստացածն ու կատարածը համադրենք, կտեսնենք, որ խաբել են ժողովրդին, մի բան ասել են, արել են լիովին հակառակը։ Նման կառավարությունը չի կարող լեգիտիմ լինել։ Այդ ոչ լեգիտիմ կառավարությունն առաջնորդվում է ոչ թե իր՝ 2021 թվականին ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրով, այլ գործում է օտար ուժերի թելադրանքով։ Այսինքն՝ մենք կարող ենք իրենց օկուպացիոն կամ կոլաբորացիոնիստական ռեժիմ անվանել, որովհետև իրենք գործում են ուղղակիորեն Ադրբեջանի և Թուրքիայի թելադրանքով։ Ադրբեջանի և Թուրքիայի հետևում կանգնած ուժերը նույնպես թելադրում են Հայաստանին, թե իրենք ինչ քաղաքականություն պետք է վարեն և՛ երկրի ներսում, և՛ արտաքին քաղաքականության մեջ։ Այնպես որ, մենք չունենք լեգիտիմ կառավարություն, այն չի կարող դիտարկվել՝ որպես ՀՀ կառավարություն։ Իսկ եթե այն ՀՀ շահերը չի պաշտպանում, ուրեմն այն օտար ուժերի կառավարություն է»,- ասաց իրավաբանը:
«Տարածքային զիջումների հետ կապված իր վերջին հայտարարություններից հետո Փաշինյանն ակնհայտորեն ցույց տվեց, որ նա ՀՀ-ում Ադրբեջանի ներկայացուցիչն է, նա այլևս ՀՀ վարչապետը չէ։ ՀՀ-ն ինքնիշխան պետություն չէ, քանի որ ՀՀ-ի անունից հանդես եկող իշխանությունները ելնում են ոչ թե հայ ժողովրդի շահերից, այլ կատարում են օտարի թելադրանքը։ ՀՀ-ն ժողովրդավարական պետություն չէ, քանի որ այդպիսի պետությունում, բացի ընտրությունների՝ համապատասխան ընթացակարգերով անցնելուց, կառավարությունը պետք է լեգիտիմություն ունենա։ ՀՀ կառավարությունն այսօր այդ լեգիտիմությունը չունի։ Կառավարությունը եկել է մեկ ծրագրով, իրականացնում է դրան լիովին հակառակ ծրագիր, հետևաբար՝ լեգիտիմ կառավարություն չէ»,- նշեց Պողոսյանը:
Սահմանադրագետի կարծիքով՝ Հայաստանը սոցիալական պետություն չէ, քանի որ սոցիալապես անապահով խավի հետաքրքրություններն ու շահերը չեն ապահովվում, չկա որակական փոփոխություն անցյալի և ներկայի միջև. «Սոցիալական քաղաքականության տեսանկյունից ևս բևեռացումը շարունակվում է, արտագաղթն ավելի մեծ չափեր է ստանում, և ՀՀ-ն ներկա իրավիճակում չենք կարող որակել՝ որպես սոցիալական պետություն։ Ավելի ողբալի է վիճակը իրավական պետության հարցում։ Կարո՞ղ ենք մի իրավիճակ պատկերացնել, երբ ԱԺ-ն որոշում է ընդունում՝ ասելով, թե ՀՀ Սահմանադրությունն այսպիսին է, կամ՝ ՍԴ դատավորն այլևս չպետք է դատավոր լինի, ինքն ազատված է պաշտոնից։ 2020 թվականին այդպես փոփոխեցին Սահմանադրությունը՝ այնպիսի խայտառակ խախտումներով, որ պարզապես պետք էր շատ մեծ երևակայություն ունենալ՝ պատկերացնելու, որ նման իրավիճակ կարող է լինել»:
«Իրավական պետության կարևորագույն բաղադրիչն անկախ դատական իշխանությունն է, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ։ Սկսած ՍԴ-ից, վերջացրած մնացած գրեթե բոլոր դատարաններով՝ այսօր քաղաքական պատվերներ են կատարում։ Քաղաքական բանտարկյալներ կան, և նրանց նկատմամբ հետապնդումները հասնում են գրոտեսկի մակարդակի։ Օրինակ, Արմեն Աշոտյանին կալանավորել է մի դատարան, որն իրավունք չուներ խափանման միջոցի հարց քննելու, դրանից հետո էլ այն շարունակեց նույն ապօրինությունները»,- ամփոփեց Վարդան Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում