Ղազախստանի կանանց հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավարը կանանց կոչ է արել ամուսնալուծվել բռնարարներից
Ղազախստանի կանայք պետք է բաժանվեն իրենց բռնարար ամուսիններից և պատրանք չունենան, որ այդ մարդիկ կփոխվեն։ Այս մասին հայտարարել է մշակույթի նախարար, Ղազախստանի կանանց հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավար Աիդա Բալաեւան՝ մեկնաբանելով հանրապետության ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաեւի գործը, որը մեղադրվում է կնոջ սպանության մեջ։
«Ես ուզում եմ դիմել բոլոր աղջիկներին, բոլոր կանանց։ Պետք չէ պատրանքներ ունենալ, որ կփոխվի այն մարդը, ով ժամանակին ձեռք է բարձրացրել ձեր վրա։ Ամուսնալուծվելն ամոթ չէ։ Հավատացեք, ծեծերը միայն ավելի հաճախակի կդառնան ու կուժեղանան»,- Բալաևայի խոսքերն է մեջբերում «Վրեմյա» թերթը։
Նախարարի խոսքով՝ «ղազախստանցիների համար նա [հանգուցյալ կինը], իհարկե, արդեն դարձել է բոլոր նրանց խորհրդանիշը, ովքեր տուժել են ընտանեկան բռնությունից»։
Այս օրերին Աստանայում դատավարություն է ընթանում Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախկին նախարարի գործով, ով մեղադրվում է մայրաքաղաքի ռեստորաններից մեկում կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի սպանության մեջ։ Ըստ քննիչների՝ կինը մահացել է ամուսինների վիճաբանությունից հետո՝ դաժան ծեծի հետևանքով։
Բիշիմբաևը Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր: